Ամեն մարդ երազում է իր շրջապատը մաքուր եւ հիգիենիկ տեսնել: Եվ դրան հասնելու համար յուրաքանչյուրս ենք պարտավոր մաքրության խնդիրն առաջնահերթ դարձնել ու համագործակցել շահագրգիռ մարմինների հետ: Այսօր մարդու կենսաապահովման նախապայմանը ջուրն է, մանավանդ` խմելու ջուրը: Գարնանային անձրեւոտ օրերին ասկերանցիների ջրի ծորակներից շուրջօրյա ցեխաջուր է հոսում, ինչն էլ բնակիչների արդարացի
վրդովմունքի առիթ է հանդիսանում: Այս կարեւորագույն եւ այլ խնդիրների մասին ավելի ստույգ տեղեկանալու համար դիմեցինք Ասկերանի շրջանային ՙՀամաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն՚ ՊՈԱԿ բաժնի պետ Համլետ Աղաբալյանին: -Պարոն Աղաբալյան, ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման վիճակն ու խմելու ջրի որակը, քանի որ ակներեւ են խմելու ջրի պղտորումները հորդառատ անձրեւներից հետո, ի՞նչ աշխատանքներ եք տանում այդ ուղղությամբ: -Մեր կողմից հատուկ հսկողություն է կատարվում ջրամատակարարման, ջրի որակի ստուգման գործում: Իմաստը կայանում է նրանում, որ մենք ուշադրություն ենք դարձնում ջրամատակարարման գլխամասային կառույցների ապահովությանը սանպահպանիչ գոտիներում: Այդ տարածքներում խստիվ արգելվում է որեւէ օբյեկտի շինարարություն: Ասկերան քաղաքի պարագայում այդ գլխամասային կառույցները գտնվում են ոչ ապահով վիճակում, չկա հերմետիկ կառուցված ցամաքուրդային (դրենաժային), համակարգ որի պատճառով պղտորված հոսքաջրերը, գետաջրերն ու անձրեւաջրերը հասնում են մինչեւ քաղաքի բաշխիչ ջրավազանը: Ամառվա ամիսներին ըստ պլանի ջրավազանը մաքրվում եւ ախտահանվում է: Քանի որ կեղտաջրերն անընդհատ գալիս են, ջրի օրգանոլիտիկ հատկութ-յունները չեն համապատասխանում նորմաներին: Ըստ պլանի կատարում ենք ջրի որակի ամենամսյա լաբորատոր հետազոտություն: Ոչ մի հիվանդաբեր մանրէներ դեռեւս չենք հայտնաբերել: Միայն ջրի պղտորվածությունը կարող է անդրադառնալ մարդկանց առողջության վրա: Այդ մասին բազմիցս տեղեկացրել ենք Ասկերանի քաղաքապետարանին եւ շրջվարչակազմին: -Ինչպե՞ս է ընթանում շրջանում գործող օբյեկտների վերահսկողությունը, կա՞ համագործակցություն: -Շրջանում գործում են տարբեր բնույթի 378 օբյեկտներ: Հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում մանկական, նախադպրոցական եւ սննդի օբյեկտներին: Ժամանակին ստուգում ենք, վերհանում թերությունները, լուրջ սանհիգիենիկ խախտումները եւ անհրաժեշտության դեպքում տեղեկացնում ենք հանրապետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության մասնագետներին, որոնք էլ տույժի են ենթարկում պատասխանատուներին խախտման համար: Վերջին ամսվա ընթացքում համատեղ ստուգման արդյունքում Ասկերան քաղաքի սննդի 3 օբյեկտ սանհիգիենիկ խախտումների պատճառով ենթարկվել են տուգանքի: Պետք է նշեմ, որ մենք իրավունք չունենք որեւէ օբյեկտի տույժի ենթարկել: Այդ իրավունքները վերապահվում են միայն հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության մասնա-գետներին: Նրանք միաժամանակ վերա-հսկում են նաեւ մեր աշխատանքները: Օբյեկտների հետ համագործակցում ենք պայմանագրային կարգով: Կնքվում է պայմանագիր, թե տարվա ընթացքում քանի ստուգում եւ լաբորատոր հետա-զոտություն է անցկացվելու, որի հետեւանքով էլ նրանք մուծում են սահմանված գումարը: -Ի՞նչ աշխատանքներ եք կատարում որեւէ ինֆեկցիոն հիվանդություն հայտնաբերելու դեպքում: -Նման հիվանդություններ հայտնաբերելու դեպքում իսկույն կատարում ենք ինֆեկցիոն հիվանդությունների օջախների ախտահանում եւ տանում ենք համապատասխան վերահսկողություն: Կատարում ենք հիվանդների հաշվառում եւ հաշվետվություն ենք ներկայացնում վերադաս մարմիններին: Ամենակարեւոր գործն այն է, որ պլանավորած ձեւով կատարում ենք երեխաների պրոֆիլակտիկ պատվաստումներ, ինչի մասին նույնպես հաշվետվություն ենք ներկայացնում հանրապետական կենտրոնին: -Ինչպիսի՞ առաջնահերթ խնդիրներ ունեք: -Ունենք մի շարք հանգամանքներ, որոնք խանգարում են մեր գործունեությունն առավել բարձր մակարդակով կազմակերպելու համար: Շենքը գտնվում է վատթար վիճակում: Տանիքը, հատակը եւ պատերը ենթակա են նորոգ-ման: Զգացվում է գույքի պակասություն: Վերջին անգամ շենքը վերանորոգվել է 1996 թվականին: Շենքում չկա նաեւ ջուր: Խոսք է գնում, որ մոտ ապագայում այս խնդրին լուծում կտրվի: Չնայած նշված խնդիրներին, բոլոր աշխատողներն էլ մեծ պատրաստակամությամբ ու բարեխղճությամբ են կատարում իրենց պարտականությունները: Ունենք առողջ, համախմբված եւ բանիմաց կոլեկտիվ: -Ինչպե՞ս կարելի է հասնել նրան, որպեսզի քաղաքը միշտ մաքուր եւ հիգիենիկ տեսնենք: -Անշուշտ, քաղաքի մաքրության համար բոլորս ենք պատասխանատու: Անչափ կարեւոր է հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ մեր համագործակցությունը: Հարկ է նշել, որ վերջին ժամանակահատվածում վարչա-կազմի ղեկավարության նախաձեռնութ-յամբ բավականին հաճախ են կազմակերպվում շաբաթօրյակներ, սանմաքրման եւ բարեկարգման աշխատանքներ: Ասկերանի ՙԿոմունալ տնտեսություն՚ ՓԲԸ-ի շնորհիվ մշտապես մաքուր վիճակում են գտնվում քաղաքում տեղադր-ված աղբամանների մոտակա տարածքները: Կարեւոր են նաեւ առողջ ապրելակերպի քարոզչական աշխատանքները, ինչը պարբերաբար իրականացվում է մեր կողմից: Համոզված եմ, որ հետագայում քաղաքն ավելի մաքուր եւ հիգիենիկ կլինի։ Իհարկե, բոլորս ենք շահագրգռված մեր շրջապատը մաքուր տեսնելու համար եւ մնում է այդ հարցին մոտենալ ըմբռնումով ու համատեղ նպաստել մեր ժողովրդի առողջության պահպանման գործին: Իսկ Ասկերանի շրջանային ՙՀամաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն՚ ՊՈԱԿ բաժնին ցանկանանք անխոչընդոտ աշխատանք:
|