Արցախցի դիզայներն առաջինը կարի մեքենան էր տեղավորել ավտոմեքենայում՝ բռնագաղթից առաջ
03.08.2024 23:44

e9a93a9b-dbb8-40f6-9f82-2b859b658787Նախշուն Ավագյանը ձեռք աշխատանքների հանդեպ հետաքրքրություն ունի ծնված օրվանից՝ ծնվել ու մեծացել է արվեստասերների ընտանիքում։

«Ծնվել եմ Ստեփանակերտում։ Ավարտել՝ Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտը։ Մասնագիտությամբ դիզայներ եմ։ Զբաղվում եմ ձեռագործությամբ փոքր տարիքից։ Դպրոցական տարիքում աշխատանքներս ներկայացվում էին Շուշիում կազմակերպվող տարբեր ցուցահանդես-վաճառքների ժամանակ»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Նախշունը։

Սեփական անունն էլ որոշակի կրճատումով դարձրել է իր ստեղծած ապրանքանիշի անվանումը՝ «ՆԱԽՇ»։ 2020 թվականի պատերազմից հետո վերադառնալով Արցախ՝ նա իր զբաղմունքը դարձրեց կայուն բիզնես․ այն մանկահասակ երեխաների մայրիկի համար դարձավ որոշակի եկամտի աղբյուր։

«Պատերազմի ժամանակ Հայաստանում երեք տղաներիս հետ կամավորություն էի անում, որոնցից մեկի ժամանակ հրավեր ստացա տոնավաճառների մասնակցելու, իմ արտադրանքը ներկայացնելու համար։ Քանի որ այդ պահին նոր կտոր գնելու հնարավորություն չունեի՝ աշխատանքներս պատրաստում էի կարի փոքրիկ արտադրամասերում եղած կտորների մնացուկներով։ Այդպես կամաց-կամաց և շրջապատ եմ ձեռք բերել, նոր ծանոթություններ և վերջնական որոշել անելիքս։ Ընթացքում կարողանում էի գումար հավաքել, ու Արցախ հետ վերադառնալուց առաջ կարի մեքենա գնեցի»,- նշում է Նախշուն Ավագյանը։ Հենց այդ կարի մեքենան Նախշունն առաջինը տեղավորեց իրենց մեքենայի մեջ՝ բռնագաղթից առաջ։

«Ընտանիքս մեծ էր, մեքենան՝ փոքր, և շատ բան չէինք կարող այնտեղ տեղավորել։ Կարի մեքենան իմ և իմ ընտանիքի մի կտոր հացի գումարը վաստակելու միջոց է ու պատմություն ունեցող ամենաթանկ ապրանքս»։

Ոչ միայն նյութական, այլև կյանքին իմաստ տվող ամեն ինչ են թողել ծննդավայրում՝ ասում է։ Անցյալ, ներկա ու երազանքներ ...

«Բայց մի բան հետս բերեցի ... Այն ուժը, որն ինձ կօգնի բարձր պահել Արցախի ու արցախցու անունը: Այն, որ ես արցախցի եմ, մեծ պատիվ է, ու ես կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի ապացուցեմ, որ ինչքան էլ դժվարին լինեն ժամանակները, մենք չհանձնվող տեսակ ենք»։

Նախ հաստատվել են Ծաղկաձորում, որտեղ չորս ամիս մնալուց հետո տեղափոխվեցին Հրազդան։

«Առաջնային լուծեցի որդիներիս դպրոցի ու մանկապարտեզի հարցերը: Փառք Աստծո, նրանց մոտ ամեն ինչ կարգին է, կարողացել են շրջապատ ստեղծել՝ դպրոցում և բակում։ Դա ևս շատ մեծ ձեռքբերում եմ համարում, քանի որ այդ հարցն ինձ ամենաշատն էր հուզում՝ ինչպես կընդունվեն իմ բալիկները նոր շրջապատում, ինչպես կընկալվեն»։

Ինքն էլ սկսեց զբաղվել նախ ինքնակրթությամբ՝ նոր շրջապատում, նոր պայմաններում պետք էր թարմ մտածողություն ու նորարարական մոտեցումներ։

«Առանց կրթության երբեք չես կարող որևէ բանի հասնել: Ուժերս հավաքեցի ու վերսկսեցի աշխատանքս , քանի որ կողքիս հարազատներ ու պատվիրատուներ ունեի, ովքեր միշտ կողքիս էին, ոգևորում, սատարում էին։ Այն ամենին ինչին հասել եմ՝ ինձ շրջապատող մարդկանց սիրո արդյունքն է։ Աստծուն շնորհակալ եմ , որ ծնվեցի հրաշք ընտանիքում, ստեղծեցի իմ հրաշք ընտանիքը՝ հենց Արցախում»,- ասում է զրուցակիցս։

Հայաստանում հաստատվելուց առաջին օրվանից հնարավորինս մասնակցում է տարբեր տոնավաճառների ու միջոցառումների, որտեղ ներկայացնում է իր բիզնես մտահղացումները, մտքի արգասիքը։

«Այս ընթացքում հասցրել եմ անցնել ֆլորիստիկայի, կարի դասընթացներ։ Եռամսյա ծրագրով վերապատրաստվել և յուրացրել եմ արտթերապիայի մասնագիտությունը։ Աշխատել եմ խնդիրներ ունեցող երեխաների հետ ու իրենց հետ միասին ուրախացել նույնիսկ ամենաչնչին ձեռքբերումով։ Մասնակցում եմ նաև կրթական ու դրամաշնորհային տարբեր ծրագրերի»,- ասում է Նախշունը։

Ասում է՝ իր պայքարն անուն ունի՝ վերադարձ Արցախ։ «Ինչքան էլ դժվար լինի, երբեք չեմ հանձնվելու, պայքարելու եմ, հանուն մեր մեծ նպատակի»։

 

Անահիտ Պետրոսյան

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter