«Առողջությունս չի ներում ջերմատներում երկար աշխատելու համար, ուզում եմ արհեստ սովորել»․ զոհված փրկարարի այրի
05.08.2024 23:47

Ռուզաննայի ամուսինը՝ Վալերի Գասպարյանն Արցախի փրկարար ծառայությունում էր աշխատում, իսկ ծառայությունից դուրս՝ ավտովերանորոգման աշխատանքներ իրականացնում։

Բարերար Լևոն Հայրապետյանի կազմակերպած հայկական մեծ հարսանիքի ժամանակ են ամուսնացել՝ 2008 թվականի հոկտեմբերի 16-ին։

«Ամուսինս 18 տարվա ծառայության ընթացքում բազմաթիվ մեդալների, խրախուսական նվերների, շնորհակալագրերի ու պատվոգրերի է արժանացել։ Ես հիմնական աշխատանք չունեի։ Զբաղված էի տան աշխատանքներով, երեխաների դաստիարակությամբ։ Մեր երազանքը երեխաներին սիրով, հոգատարությամբ մեծացնելն էր նախ, քանի որ երկուսս էլ առանց հայրական գորովանքի ենք մեծացել։ Երեխաներին մեծացնելն ու լավ կրթություն, դաստիարակություն տալն ու իրենց նպատակներին հասցնելն էր մեր նպատակը, ու այդ ուղղությամբ ամուսինս ոչինչ չէր խնայում»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է սարուշենցի զոհված փրկարար Գասպարյանի այրին։ Նա ժամանակին ցանկացել է վարսահարդարի մասնագիտություն ձեռք բերել, սակայն ամուսինը դեմ էր, որ կինն աշխատի։

Համատեղ նպատակներից հասցրել են իրագործել միայն մեկը՝ նռան այգու հիմնադրումը։

«Այգին մասին ենք հիմնել։ Օգնել եմ, ինչով կարողացել եմ։ 2020-ին այն վերջապես բերք էր տվել, և միասին պիտի ուրախությամբ հավաքեինք առաջին բերքը, զգայինք մեր աշխատանքի արդյունքը։ Այդպես էլ չվայելեցինք։ 2020 թվականի չարաբաստիկ պատերազմից հետո այգին, ինչպես որ Արցախի 75 տոկոսը, մնաց թշնամու տիրապետության տակ։ Միակ սփոփանքն այն է, որ եղբորս՝ Արտակի հետ հացահատիկի բերքահավաքի ժամանակ, որը ռուս խաղաղապահների միջնորդությամբ էր ընթանում, ամուսինը կարողացել է այգուց մի հատիկ նուռ պոկի՝ թեկուզ խակ»,- պատմում է Ռ. Գասպարյանը։

Պատերազմի օրերին Ռուզաննան երեք երեխաների հետ Օշականում էր ապաստան գտել։ Ամուսինը ռազմի դաշտում էր ու որպես փրկարար ամենածանր աշխատանքն էր իրականացնում նաև հրադադարի հաստատումից հետո։ Պատերազմի ծանր ելքից հետո` դեկտեմբերին հետ էր վերադարձել գյուղ։ Գասպարյան ամուսիններն իրենց ապագան միայն գյուղի հետ էին կապում։

«Սրտներս կոտրված էր, բայց մյուս կողմից էլ մեր հայրենիքում էինք ու պարտավոր էինք չհանձնվել։ Բլոկադայի ծանր օրերին գյուղում կարողանում էինք մեկս մյուսին օգնելով համախմբված դիմանալ՝ հույսով ու հավատով, որ աշխարհը չի լռի, զարգացած երկրները մեր կողքին կկանգնեն ու կպատժեն ագրեսոր թշնամուն։ Երբեք մտքներովս չէր անցնում, որ մի օր պարտադրված կլինենք լքել մեր նախնիների հայրենիքը»…

2023 թվականի պատերազմը սարսափելի էր բոլոր առումներով։ Ռուզաննան մեկ օրվա մեջ կորցրել է ամուսնուն, հարազատ եղբորը, քրոջ ամուսնուն ու հորեղբոր տղային։

Հոկտեմբերի 1-ին Երևանի Եռաբլուր պանթեոնում Ռուզաննա Գասպարյանը վերջին հրաժեշտն է տվել ամուսնուն ու երկու եղբայրներին։

Բռնի տեղահանությունից հետո Երևանում երկար մնալ չկարողացան։ Օշականը հարազատ էր դարձել։ Կրկին այնտեղ տեղափոխվեցին։

«Չնայած գյուղին բավականին ծանոթ էինք, երեխաները դեռևս չեն համակերպվել, անընդհատ Սարուշենի անունն են տալիս, ընկերների, ուսուցիչների մասին խոսում։ Շատ են կարոտում»։

Երիտասարդ կինը հուսահատվելու իրավունք չունի։ Պարտավորված է երեք զավակների, նրանց հայրիկի հիշատակի առաջ։

Օշականում հաստատվելուց որոշ ժամանակ անց տեղի ջերմատներից մեկում աշխատանքի է անցել։

«Առանց աշխատանքի երկար չկարողացա նստել, չնայած ծանր աշխատանք եմ կատարում, սակայն չաշխատել չեմ կարող, պիտի հոգամ իմ զավակների հոգսերը։ Աղջիկներս տան գործերում կարողանում են ինձ ձեռք հասցնել, ես էլ անում եմ հնարավորը՝ հանուն մեր զավակների ապագայի»։

Ռուզաննա Գասպարյանը նաև երկար տարիների իր երազանքն է ուզում իրականություն դարձնել։

«Եթե հնարավորություն լիներ անվճար հիմունքներով վարսահարդարման և մատնահարդարման դասընթացներ անցնելու, սիրով կյուրացնեի երկու արվեստներն էլ։ Առողջությունս չի ներում ջերմատներում երկար աշխատելու համար, ուստի ուզում եմ արհեստ սովորեմ, որպեսզի կարողանամ երեխաներիս հոգսերը հոգամ»,- ասում է տիկին Գասպարյանը։

 

Անահիտ Պետրոսյան

 

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter