Փորձում ենք կրկին աշխատել, ստեղծել. արցախցի նախկին զինվորականը խանութ է բացել
10.08.2024 00:00

170f9382-3c78-4022-97c8-e78d05ab075fԱնդրանիկ Խաչատրյանն Արցախի պաշտպանության բանակի սպա է, մասնակցել է արցախյան վերջին երկու պատերազմներին։ 2020 թվականի պատերազմի ժամանակ եղբայրն էր վիրավորվել՝ Արցախի փրկարար ծառայությունում էր ծառայում։

Ծնվել և մեծացել է Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում։ 2022 թվականին Անդրանիկ Խաչատրյանը հիմնականում Խրամորթի ուղղությունում էր իրականացնում ծառայությունը։

«Անփոխանցելի ցավ է բոլորիս համար, որ չկարողացանք մեր ավագ սերնդի արդար պայքարը նպատակակետի հասցնել։ Չնայած հնարավորություններ ունեի քաղաքացիական աշխատանքի անցնելու, սակայն 2020 թվականից հետո ստեղծված պայմաններում կարևորում էի յուրաքանչյուր արցախցի տղամարդու ներգրավվածությունը սահմանների պաշտպանությանը»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Անդրանիկ Խաչատրյանը։

2020 թվականի նոյեմբերին պիտի ամուսնանար ընտրյալի՝ Նարինեի հետ։ Սակայն պատերազմն իր կարգավորումները մտցրեց արցախցիների կյանքում։ Երիտասարդներն իրենց ճակատագրերը միացրեցին 2021-ի հունվարին։ Մեկ տարի անց Խաչատրյանների ընտանիքում ծնվեց Դավիթը, 94-ամյա Սամուրկա Խաչատրյանի առաջին կոռը։

«Երկարակյացների սերունդ եմ։ Առհասարակ Նորագյուղում շատ էին երկարակյացները։ Դա նրանց աշխատասիրության պտուղն է։ Իմ համագյուղացիները ստեղծող, արարող ժողովուրդ են, և որտեղ էլ հիմա բնակվելիս լինեն, համոզված եմ՝ պարապ չեն նստելու»։

Մեկօրյա պատերազմի ժամանակ Անդրանիկի ընտանիքը օրերով ոչ մի լուր չուներ նրանից։

«Երբ վերջապես կարողացել եմ հասնել ընտանիքիս, և այլևս ընտրության հնարավորություն չկար, որոշեցինք սեպտեմբերի 25-ին ճանապարհվենք, սակայն բենզինի պահեստի պայթյունի պատճառով չկարողացանք։ Հարազատների, ընկերների անհայտ ճակատագրեր կային։ Ցավոք, հաստատվել է ամենացավալին, ունեցել եմ անչափ թանկ կորուստներ։ Միայն սեպտեմբերի 27-ին ենք կարողացել ճանապարհվել և հաջորդ օրը երեկոյան հատել կամուրջը»։

Նորաստեղծ ընտանիքը ծննդավայրում է թողել ամեն բան։

«Նոր էինք այգի հիմնել։ Դավիթի հասակակիցն էր, նպատակային էր այն հիմնվել, ու այգու ծառերը պիտի հասակ առնեին մեր որդու հետ։ Այդ ամենի հետ մեր ամենաթանկ հուշերն ենք թողել Նորագյուղում՝ մանկություն, պատանեկություն։ Մենք մեզ միայն Նորագյուղում էինք պատկերացնում և ոչ մի կերպ նրանից դուրս»։

Հասնելով Հայաստան՝ երկու օր ընտանիքը մնացել է Սիսիանում, ապա տեղափովել Երևան, որտեղ և բնակվում են այժմ։ «Բավականին դժվար է, եթե ոչ անհնար հարմարվելը։ Սակայն այլ հնար չկա, փորձում ենք կրկին աշխատել, ստեղծել։ Եկած օրվանից մի քանի աշխատատեղ եմ փոխել։ Զինվորականի համար բավականին դժվար է այլ աշխատանքի հարմարվելը։ 4 ամիս առաջ Երևանի հարավարևմտյան թաղամասում փոքրիկ տարածք ենք վարձակալել։ Մտածում էինք միրգ, բանաջարեղեն կվաճառենք, սակայն այն չարդարացրեց։ Անցում ենք կատարել խառը մթերքների վաճառքի, որպեսզի կարողանանք դիմակայել խիստ մրցակցությանը։ Խանութում նաև մեր արտադրանքն ենք վաճառում՝ չորամրգեր, թթուներ, մուրաբաներ»։

Ինչպես արցախցիների մեծամասնությունը՝ Խաչատրյանները նույնպես վարձով են բնակվում։

«Ամբողջ օրը խանութի գործերով եմ զբաղված, իհարկե, ոչ առանց ընտանիքիս անդամների օգնության։ Փորձում ենք ոտքի կանգնել ու առաջ նայել։ Հուսով եմ՝ արդյունքի կհասնենք։ Նաև խոչընդոտների ենք հանդիպում, սակայն չենք ընկճվում, աշխատում ենք դրանք արժանապատվորեն հաղթահարել և առաջ շարժվել։ Հայրենիքից այլ երկիր տեղափոխվելու մտադրություն չունենք։ Դավիթը հայկական միջավայրում պիտի մեծանա»։

 

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter