Հիմնական պասիվությունը կապված է ֆինանսական հոսքերի բացակայության հետ․ «Վերադարձ ղեպի Քաշաթաղ» ՀԿ ղեկավար |
12.08.2024 00:03 |
«Վերադարձ ղեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2020 թվականի դեկտեմբերին՝ Երևանում: Ժամանակի ու ստեղծված պայմանների թելադրանքով ձևավորված կազմակերպության առաջնահերթ նպատակներից էր բռնի տեղահանված 39 հազար արցախցիների պահանջատիրության բարձրաձայնման, արդարության վերականգնման, մահվան սպառնալիքի տակ սեփական տները լքած քաշաթաղցիների իրենց օրրանը վերադառնալու իրավունքի իրացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնել։ «Մեր նպատակն էր ագրեսիայի և հայ ազգաբնակչության բնաջնջման հետևանքով բնակավայրերը հարկադրաբար լքած Քաշաթաղի շրջանի հայության իրավունքների պաշտպանությունը, նրանց սոցիալական, քաղաքացիական և այլ իրավունքների իրացմանը նպաստելը, Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների պահանջները, խնդիրներն ու իրավունքները ներկայացնելը»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Մովսեսյանը։ Ժամանակի հետ կազմակերպության խնդիրներն և իրենց առջև դրված նպատակներն ավելացել՝ առավել շատ կենցաղային բնույթ են սկսել կրել։ Կազմակերպությունը գործունեության 4 տարիների ընթացքում տարատեսակ աջակցություններ է ցուցաբերել Քաշաթաղից բռնագաղթած հայրենակիցների համար: «Այս տարիների ընթացքում տարբեր կազմակերպությունների և անհատ բարերարների օգնությամբ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել։ Օգնություն՝ զոհված քաշաթաղցիների, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին, տրամադրել ենք գույք և հագուստ, երեխաների համար կազմակերպել ամառային ճամբարներ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ զբաղվել ցանկացողներին օգնել ձեռքբերել կենդանիներ և մեղվափեթակներ»։ Կազմակերպությունն իր ուրույն ավանդն է ունեցել տարբեր խնդիրների առնչված կանգնած հայրենակիցներին անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման հարցում։ «Աջակցել և միջնորդել ենք մեր շրջանի բնակիչներին մասնակցել բարեգործական նպատակներով կազմակերպվող դասընթացների՝ տարբեր արհեստներ, հմտություններ և մասնագիտություններ ձեռքբերելու հարցում։ Ժամանակի հետ աշխատանք և զբաղվածություն ունենալն առաջին պլան մղվեց։ Նպաստել ենք աշխատանքայի տարբեր գործիքների տրամադրմանը (կարի մեքենաներ, վարսահարդարման պարագաներ, էլեկտրական վառարաններ, մատնահարդարման գործիքներ և այլն)»։ «Վերադարձ ղեպի Քաշաթաղ» ՀԿ-ն սերտ համագործակցում է հասարակական այլ կազմակերպությունների, հանդիպումներ են ունենում ՀՀ և արտերկյա պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում ներկայացնում են տեղահանվածների խնդիրները։ Ավանդ ունեն բնակարանային հարցի լուծման գործում։ Կազմակերպում են քաշաթաղցի շնորհալի երեխաներին ներկայացնող միջոցառումներ։ «Մինչև Արցախն ամբորջությամբ հայաթափելն ավելի ակտիվ էինք գործունեություն ծավալում։ Այժմ հիմնական պասիվությունը կապված է ֆինանսական հոսքերի բացակայության հետ: Առանց ֆինանսական միջոցների առկայության ոչինչ չես կարողանա անել։ Հիմա առավել հաճախ դիմում են խորհրդատվություն ստանալու համար։ Անում ենք հնարավորը՝ մեր բնակիչներին թեկուզ և աննշան կերպով օգտակար լինելու համար»,- ասում է Կարինե Մովսեսյանը։
Անահիտ Պետրոսյան
|