Կամրջից այս կողմ կյանք կար, ինչը մեզ հուսահատվելու իրավունք չտվեց․ արցախցի կին զինվորական |
13.08.2024 00:05 |
Նունե Առաքելյանն արդեն երկու տասնամյակ է, ինչ ծառայում է Հայոց բանակի շարքերում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի պատերազմի ժամանակ Ջրականի զորամասում էր անցկացնում ծառայությունը։ Պատերազմական ծանր օրերին Դ1 հրետանային դիվիզիոն անձնակազմի հետ դիրքերում է եղել։ «Անհնար է մոռանալ այն ամենն, ինչ կապված է պատերազմական անտանելի ծանր ու սահմռկեցուցիչ օրերի հետ։ Ամեն անգամ, երբ հիշում եմ այդ դաժան ու չարաբաստիկ օրը՝ 27.09.2020թ., նորից ապրում եմ պատերազմը։ Ուղղակի՝ ափսոս մեր լավագույն տղաները։ Տեսել, զգացել և ունեցել եմ ամենաանտանելի, մարդկային լեզվով անբացատրելի պահեր, երբ կորցնում էինք մեր լավագույններին։ Վրեժով լցված մեր տղաների աչքերը ո՞նց կարելի է մոռանալ»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է տիկին Առաքելյանը։ Անձնական իրերից ոչինչ չի հասցրել վերցնել, անձնականի ու առավել ևս նյութականի մասին մտածելու ժամանակ չկար։ «Ատելով ատում եմ այդ 44 օրը, որոնք խլեցին հազարավոր կյանքեր։ Իմ ժողովուրդը դրան չէր արժանի։ Ինչպիսի արհավիրքներ տեսավ, անցավ դրանց միջոցով։ Սուգը շալակած ազգս մի կերպ փորձում էր ոտքի կանգնել, գոյատևման նոր ուղիներ փնտրել, հազիվ էինք հոգեպես և ֆիզիկապես դիմանում կորուստներին, երբ կանգնեցինք թշնամու սարքած նոր թիրախում՝ փակվեց Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Օրեցօր ապրուստը դժվարացավ․ անջատեցին գազը, դատարկվում էին սննդի խանութնեըը, հետո բենզալցակայանները, հացն առնում էինք կտրոնով»։ Օրերով հերթերում էինք, որ գոնե մի կտոր հաց ունենանք երեխաներին կերակրելու համար՝ ասում է զրուցակիցս։ Շրջափակման 9-ամսյա պայքարը զրկանքներից բացի ուրիշ ոչինչ չտվեց։ «Պայքարեցինք՝ հուսալով և սպասելով, որ մեզ կհասկանան, օգնության ձեռք կմեկնեն, մեր հարցը մի կերպ կլուծվի։ Բայց չէ, նորից չարաբաստիկ սեպտեմբեր, նորից նոր զոհեր, անդառնալի կորուստներ և որ ամենասարսափելին է բոլորիս համար՝ հայրենազրկում»։ Կեսգիշերին են հատել ծննդավայրից, նախնիների հողից, անցյալն ու ներկա բաժանող կամուրջը։ «Հազարավոր հայրենակիցների պես ցավն ու տառապանքը սրտներումս ստիպված ենք եղել հեռանալ հայրենիքից։ Սեպտեմբերի 29-ին ենք դուրս եկել։ Ականատես եղել մահվան դեպքերի, շտապ օգնության մեքենա չկար, մարդիկ օգնում էին ով ինչով կարողանում էր։ Ամեն ինչի կարիք ունեինք, մինչև կհատեինք ցավի ու տառապանքի կամուրջը»։ Կամրջից այս կողմ կյանք կար։ «Թվում էր կյանքը կանգ էր առել։ Դժոխքին հաջորդեց հույսն ու հավատը, որ ամեն ինչ դեռ կորած չէ։ Ոգեշնչող էր մեր հայրենակիցների ջերմ ու գրկաբաց ընդունելությունը։ Դա ինձ համար առաջ նայելու ազդակ եղավ»։ Կրկնակի տեղահանված Նունե Առաքելյանի ընտանիքը Երևանում է ապաստանել։ Կրկին ծառայության է անցել զինված ուժերում։ «Կյանքս առանց զինծառայության չեմ պատկերացնում։ Ծառայության ընթացքում խոհարարից մինչև հրետանու ապահովման ջոկի հրամանատարի պաշտոնի եմ հասել, ունեմ ենթասպայի կոչում, սակայն ամենամեծ կոչումն ինձ համար եղել և մնում է հայրենիքիս ծառայելը»,- ասում է զրուցակիցս։ Ապրում են վարձով, փոքր ընտանիք են։ Պետական աջակցության ծրագրով հասանելիք գումարով հազիվ տան վարձավճարի գումարն են կարողանում տալ։ «Աղջիկս նույնպես աշխատում է, թոռնիկս՝ դպրոց հաճախում։ Չենք հուսահատվում, հույսներս չենք կորցնում։ Բայց քանի այստեղ ենք՝ պետք է աշխատենք, ստեղծենք, արարենք, հույսներս չդնենք պետության տված գումարների վրա։ Մեր հայրենիքում ենք ու անում ենք հնարավորը՝ արժանապատիվ կյանքով ապրելու համար։ Ու անհամբեր սպասում օրվան, երբ հետվերադարձի հնարավորություն կունենանք։ Իսկ հետվերադարձ լինելու է, ես հավատում եմ»,- ասում է տիկին Առաքելյանը։
Անահիտ Պետրոսյան |