«Ամուսնուս փնտրում էինք և՛ ողջերի, և՛ մահացածների մեջ»․ Ժենյան փոքրիկ դստեր ու թոշակառու ծնողների հետ Երևանում է հաստատվել, սակայն աշխատել չի կարող
15.08.2024 00:10

454665750_1022065412432278_302832842373866776_nԱրցախցի Ժենյան փոքրիկ դստեր ու թոշակառու ծնողների հետ Երևանում է հաստատվել։ Ամուսնուն բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կորցրած կինը աշխատելու մասին մտածել չի կարող՝ երեխան շատ փոքր է։

Ընդամենը 11 ամիս տևեց Սերգեյ և Ժենյա զույգի ամուսնական համատեղ կյանքը։ Բավականին ուշ տարիքում էին հանդիպել, որոշել իրար հետ կյանքը կապել։

«Հետպատերազմական ծանր օրերին իմ կյանքում հայտնվեց Սերգեյը, ու մեր կյանքը լցվեց սիրով և իմաստով։ Սերգեյ Խաչատրյանը մասնագիտությամբ իրավաբան էր, ծառայում էր ՊԲ շարքերում՝ որպես ԱԹՍ օպերատոր։ 14 տարի զբաղվել է մեղվաբուծությամբ։ Վերջին տարիներին առավել եռանդով ու ընդգծված սիրով էր այն իրականացնում»։

Պարտավորվածությունը մեծացել էր՝ երկար սպասված բալիկ պիտի ունենային։

«Արդեն նպատակ ուներ, լուսավոր ապագան կապում էր մեր նորաստեղծ ընտանիքի հետ։ Երբեք չէի պատկերացնի, որ երկար սպասված առաջնեկս լույս աշխարհ կգար շրջափակված Արցախում»։

Անգամ այդ հանգամանքը չմթագնեց ամուսիններին ապրելու այն բերկրանքը, որ ունեցան դստեր ծննդի հետ։

«Անգելինա կոչեց ամուսինս մեր բալիկին։ Նա մի նոր շունչ տվեց ոչ միայն մեր հարաբերություններին, այլև նոր երանգ հաղորդեց մեր հարազատների կյանքին։ Եվ մենք հանուն նրա պատրաստ էինք հաղթահարել ցանկացած փորձություն։ Երազում էինք, որ մեր դստրիկն առողջ ու երջանիկ մեծանա, կարողանանք հասցնել իր նպատակներին։ Մեզ միայն խաղաղություն էր հարկավոր, մնացածը մենք կկարողանայինք ապահովել, թեկուզ շրջափակման մեջ, բայց միասին»։

Տարրական դասարաններում դասավանդելու 15 տարվա փորձ ունի Ժենյա Արզումանյանը։ Դստեր ծննդից հետո, սակայն, դպրոց վերադառնալ չէր շտապում։

«Աշակերտներիս ծնողները զանգում, շնորհավորում էին, ցանկություն հայտնում, որ շուտ դպրոց վերադառնամ։ Երանի հիմա հնարավոր լիներ այդ ամենը, երանի այսքան դարդ տեսած չլիներ իմ ժողովուրդը։ Ինչ իմանայի, որ զրկվելու եմ ոչ միայն դպրոց վերադառնալու հնարավորությունից, այլև հայրենիքից»։

Կյանքի սիրուն նոր գտած, նոր մայրացած կնոջ կյանքը հիմնովին փոխվեց։

«Սեպտեմբերի 25-ի բենզինի պահեստի պայթյունը զրկեց Անգելինայիս հորից, ինձ թողնելով անհենարան։ Հողը երերաց ոտքերիս տակ։ Մինչ օրս ուշքի չեմ գալիս։ Թվում է՝ ուր որ է այս մղձավանջային երազը կավարտվի, և Սերգեյը կվերադառնա հեռավոր ճամփորդությունից»։

Պատերազմական գործողությունների ժամանակ հրաշքով փրկված Սերգեյ Խաչատրյանը զոհ գնաց կրակին։ Հարազատներին երկար ժամանակ չէր հաջողվում գտնել Սերգեյին։

Այսօր Անգելինան Ժենյայի կյանքի միակ շողն է, որից բռնվելով՝ փորձում է առաջ շարժվել։

«Գաղթի ճանապարհը բռնել եմ մահվան սպառնալիքի տակ։ Այդ պահին ամենակարևորն ինձ համար արդեն մեր դստեր կյանքը փրկելն էր։ Ամուսնուս ամենուր էինք փնտրում՝ և՛ ողջերի, և՛ մահացածների մեջ, սակայն գտնել չէր հաջողվում։ Բավականին ժամանակ անց նրա զոհվելու փաստն ապացուցվեց ԴՆԹ նույնականցմամբ»։

Ժենյան փոքրիկ Անգելինայի և թոշակառու ծնողների հետ Երևանում է հաստատվել։

«Արդեն երկու բնակարան ենք փոխել։ Առայժմ աշխատելու մասին խոսք լինել չի կարող։ Աղջիկս շատ փոքր է։ Սակայն վաղ թե ուշ նրա աճող կարիքները հոգալու մասին պիտի մտածեմ։ Մեծ քաղաքում շատ դժվար է հայրենիքը ձեռնունայն լքած գաղթականի համար։ Որևէ մտադրություն չունեմ մայր հայրենիքից հեռանալու համար։ Իմ Անգելինան հայուհի է և պիտի ապրի Հայաստանում»,- ասում է նա։

Ապագայում մտածում է որևէ հմտություն ձեռքբերել։ Միգուցե ժամանակի ամենատարածված արհեստներից՝ մատնահարդարում՝ ասում է Ժենյան։

 

Անահիտ Պետրոսյան

 

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter