«Միայն անընդհատ սովորելու, նաև ինքնակրթվելու միջոցով կարելի է հասնել հաջողության․ չհաջողելու իրավունք ես չունեմ»․ արցախցի |
16.08.2024 00:14 |
Նարինե Ավանեսյանը նախ Շուշիի իր բնակարանն է կորցել, ապա նաև զրկվել մանկության ու պատանեկության ամենահավատարիմ ու ամենահոգատար ընկերոջից, զրկվել հայրական տնից, անհայտնության մեջ թողել հոր գերեզմանն ու հայրենիքը։ «Շուշիում և Ստեփանակերտում ամեն ինչ կորցրել եմ… բայց նյութականն այլևս տեղ չունի մեր կյանքում ՝ համեմատած նրան, որ հայրիկիս ու եղբորս եմ կորցրել, իրենց այրամբ պահված հողերը, Հայրենիք եմ կորցրել, առանց որի լիարժեք ապրել չի լինի… Մտածում էի երկու օր կտևի պատերազմը և կվերադառնամ տուն՝ Շուշի։ Երբ տեսանյութով տեսա, թե ինչպես են թշնամու զինվորները տունս ավիրում, երեխայիս նկարները պատռում ու ոտնատակ տալիս, անասելի ցավ զգացի… Այդ օրվանից նկարներն ինձ համար առավել կարևոր դարձան»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է մեկօրյա պատերազմի ժամանակ եղբորը կորցրած Նարինեն։ Արցախի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի «Կերպարվեստ և գծագրություն» բաժնի շրջանավարտ է Նարինեն։ Ունի բակալավրի և մագիստրոսի աստիճան։ «Կյանքս այնպես է դասավորվել, որ իմ մասնագիտությամբ չեմ աշխատել ու այժմ զղջում եմ այդ բացթողման համար։ Սակայն ամեն ինչ դեռ առջևում է»։ Կյանքում երբեք չես կարող իմանալ, ինչ կպատահի հաջորդ վայրկյանին։ «Ստեփանակերտում կտավների վրա նկարում էի, դրան զուգընթաց հյուսվածքագործությամբ զբաղվում։ Սիրում էի մտերիմներիս յուրօինակ նվերներ մատուցել։ Ստեղծածս գործերը նաև վաճառքի էի հանում՝ այդպիսով նաև եկամուտ ստանում։ Ունենալ սեփական բրենդ միշտ էի ցանկանում, սակայն զբաղվածությունս ընտանիքում թույլ չէր տալիս իրագործել երազանքս։ Երեխաներս շատ փոքր էին»։ Մարդու համար ամենասարսափելի զգացումը հայրենազրկումն է։ Սակայն պատասխանատվությունը հարազատների նկատմամբ թուլանալու իրավունք չտվեցին։ Հայաստանում հաստատվելուց հետո Նարինեն որոշեց, որ լավագույն միջոցը սթրեսներից դուրս գալու, միաժամանակ ընտանիքի համար այդքան անհրաժեշտ եկամուտ ապահովելու համար պիտի վերսկսի աշխատանքը սիրած արվեստի ոլորտում։ Այդ կերպ միայն կարողացավ ցրել նեգատիվ մտքերն ու կյանքին կրկին այո ասել։ «Բռնի տեղահանումից հետո որոշեցի հանուն եղբորս հիշատակի և երեխաներիս բարեկեցության կյանքի կոչել իմ գաղափարները։ Այժմ գործերս այնպես եմ դասավորում, որ ժամանակս հերիքի և երեխաներիս և մտահղացումներիս համար։ Ձգտում եմ իրագործել նպատակներս։ Իսկ մայրիկս ամեն կերպ օգնում և աջակցում է, մեկս մյուսիս համար հույս և հենարան ենք դարձել։ Avanesyan’s COLORS անվանումն է կրում Նարինե Ավանեսյանի ապրանքանիշը։ «Անընդհատ զբաղված լինելն օգնել է սթրեսից դուրս գալու հարցում, շատ էի չարացած աշխարհի վրա… ձեռքիս աշխատանքի շնորհիվ լավատես եմ դարձել, մեծ նպատակներ դրել իմ առաջ»։ Արցախից հարազատների օգնությամբ են կարողացել դուրս գալ։ Անգամ մեքենայի մեջ նստելու տեղ չկար՝ ասում է։ Միակ սփոփանքն այն էր, որ կարողացել են եղբոր դին հասցնել Երևան և հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում։ «Անցյալի դառը փորձից ելնելով՝ առաջինը, որ վերցրել եմ հորական տնից լուսանկարներն են։ Մեզ համար ամենաթանկարժեք իրերն այդ լուսանկարներն են այժմ»։ Նարինեի հայրն արցախյան առաջին ազատամարտի նվիրյալներից էր։ «Հայրս ազատամարտիկ էր։ Մայրս շատ է պատմել նրա հայրենասիրության մասին։ Առաջին կամավորականներից էր, հետախույզ , նռնականետ։ Մասնակցել է ռազմական բազմաթիվ գործողությունների։ Զոհվել է 1994թ. մայիսի 26-ին։ Հայրս ինձ հետ շատ կապված էր, ես էլ նրա հետ։ Վերջին օրը, որ պետք է մարտի դաշտ գնա՝ր հրաժեշտ տալուց շատ լացեցի (մայրս է պատմում, ես չեմ հիշում)։ Եվ այլևս հայրիկիս չտեսա… Նույն պատմությունը կրկնվեց եղբորս՝ Նվերի ընտանիքում։ ՊԲ ավագ սպա էր նա, 18 տարի ծառայեն է հայրենիքին։ Սեպտեմբերի 19-ին նկուղում էինք, երբ եղբորս աղջիկները՝ հատկապես մեծը, գիշերը սկսեց լացել՝ մորս սիրտը տագնապ է ընկել։ Գնաց զորամաս, որտեղ էլ հաստատվեց ամենասարսափելին։ Ես հակված եմ այն տարբերակին, որ եղբայրս վիրավորված էր, քանի որ երկու օր հետո մեզ զանգել է, սակայն անորակ կապի պատճառով չենք կարողացել խոսել»,- դառնությամբ լցված պատմում է Նարինեն։ Հիմա Գյումրիում են բնակվում։ Երկու որդիները հարմարվում են միջավայրին, նույնիսկ մեծ տղան գյումրվա բարբառով է հասակակիցների հետ շփվում, չի մոռանում նաև հարազատ բարբառը… Տանն արծարծվող ամենատարածված թեման Արցախ հետվերադարձն է։ «Դժվարությունը նրանում է, որ ֆինանսական հնարավորություններս հաճախ թույլ չեն տալիս իրագործել իմ բոլոր մտքերն ու մտահղացումները։ Տան միակ աշխատողն եմ»։ Վերջերս Գյումրիում մասնակցել է ցուցահանդես-վաճառքի։ Արդյունքներից գոհ է։ «Մինչ այդ էլի են եղել նման միջոցառումներ, բայց չեմ մասնակցել, քանի որ վրաերթի էի ենթարկվել, ապաքինման փուլում էի։ Մայրս երկու-երեք ամիս ինձ փոքր երեխայի նման խնամում էր»։ Նարինեն նկարում է էկո պայուսակների, սպասքի՝ թեյի, սուրճի, գինու, կոնյակի և օղու բաժակների և նոթատետրերի վրա։ Հացաբուլկեղենի պատրաստման հմտություններ է նաև փորձել յուրացնել։ Գրաֆիկ դիզայնի դասընթացների մասնակցել։ Մեծ ցանկություն ունի նաև կավագործություն սովորելու․.. «Միայն անընդհատ սովորելու, նաև ինքնակրթվելու միջոցով կարելի կլինի հասնել հաջողության։ Իսկ չհաջողելու իրավունք ես չունեմ»։
Անահիտ Պետրոսյան |