Հույսը, որ դեռ ամեն ինչ կորած չէ, երբեք չի մարելու արցախցիներիս մոտ. դպրոցի նախկին տնօրեն |
19.08.2024 00:19 |
Տարրական դասարանների ուսուցչուհի դառնալը Նունե Սևլիկյանի մանկության երազանքն էր։ «Ավարտել եմ Արցախի պետական ինստիտուտի մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա բաժինը։ Որպեսզի դիպլոմ ստանայի, պետք է 5 տարի ուղեգրով աշխատեի գյուղական դպրոցում։ Այդպես ուղեգրվել եմ Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղը և հիմնական մնացել այնտեղ»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է բռնազավթված Սարդարաշենի հիմնական դպրոցի տնօրեն Նունե Սևլիկյանը։ Գաղթի ճանապարհը թերահավատությամբ է բռնել, չէր հավատում, որ հեռանում է անվերադարձ։ «Այսօր դեռ ապրում եմ հույսով, որ մենք վերջնականապես չենք լքել մեր հայրենիքը»։ Սարդարաշենը վերջիներից լքողն է եղել տիկին Սևլիկյանի ընտանիքը։ Ամուսինն ու տղաները դիրքերում էին, սպասում էր։ Հետո պիտի հրաշքով փրկվեին վերահաս աղետից։ «Գյուղն արկակոծում էին, ու արկերից մեկն ընկավ մեր տան բակում։ Հազիվ հասցրեցինք պատսպարվել, երբ իրար հետևից արկերն ընկնում էին հարակից տարածքներում։ Ոտքով, դատարկաձեռն ենք լքել գյուղը, մի կերպ հասել Նորագյուղ՝ բարեկամների տուն, որը մեր գյուղին ամենամոտիկ բնակավայրն է։ Մտածում էի՝ հետ կդառնամ տուն, արկակոծության հետևանքով ջարդված ապակիները կմաքրեմ, տունը կարգի կբերեմ»։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակվելու նախօրեին է Նունե Սևլիկյանի ընտանիքը հատել կամուրջը։ «Միակ մտածմունքս ընտանիքիս անդամներին կամրջից այն կողմ ողջ և առողջ տեսնելն էր, քանի որ տան տղամարդիկ արցախյան բոլոր պատերազմների մասնակից էին, ու լուր էր շրջանառվում, որ ռազմական գործողությունների մասնակիցներին չեն թողնելու կամուրջը հատեն։ Նյութականն այսուհետ կարծում եմ տեղ չունի արցախցիներիս կյանքում, քանի որ այն ինչ թողել ենք Արցախում՝ նյութականի հետ կապված չի։ Ամենակարևորն, ինչ թողել ենք, անգին են՝ սիրտ, հոգի ու կյանք»,- ասում է զրուցակիցս։ Հայաստանում հաստատվելուց հետո առաջին միտքն աշխատանք գտնելն էր, ցավագին մտքերից փրկությունը միայն մշտական զբաղվածության մեջ էր տեսնում։ «Հարազատ, հոգատար, մեր ապրումներին հաղորդակից մարդկանցով ենք հիմնականում շրջապատված, սակայն երկար ժամանակ բազմաթիվ հարցեր ունեի, որոնք պատասխան չէին ստանում։ Ի վերջո՝ ո՞վ եմ ես այս անծանոթ միջավայրում։ Արտաշատում հաստատվելուց մեկ ամիս անց սկսվեց աշխատանքիս փնտրտուքը։ Բացում էի գրեթե բոլոր հիմնարկությունների դռները։ Երկար ժամանակ միայն բացասական պատասխան էի ստանում, սակայն չէի հուսահատվում»։ Ռուսական զանգերի կենտրոնում է աշխատանքի ընդունվել։ «Հաշվի են առել երկար տարիների մանկավարժական փորձս, ու չնայած հայկական կրթությանս՝ ժամանակ տվել՝ ռուսերենս բարելավելու։ Վեց ամիս աշխատել եմ, սակայն ինչպես ցանկացած աշխատանք, այն ևս իր նրբություններն ուներ, որոնք հաշվի առնելով, ինքնակամ ազատման դիմում եմ գրել»։ Արդեն երրորդ ամիսն է՝ դպրոցի նախկին տնօրենը կրկին աշխատանք է փնտրում։ «Երբ աշխատում էի, ինձ լրիվ մոռացության էի տվել, անընդհատ զբաղվածությունը օգնում էր ցրել նեգատիվ մտքերը։ Հիմա շատ դժվար է»,- ասում է տիկին Սևլիկյանը։ Խնդիրները շատ են՝ ասում է։ «Կարծում եմ՝ դրանք թվարկելու կարիք անգամ չկա։ Րոպեների ընթացքում զրկվել ամեն ինչից՝ ծանր հարված էր բոլորիս համար։ Չափազանց ծանր է, անհամակերպվելի մարդկային կորուստների հետ։ Փառք Աստծո, մենք կյանք ենք բերել։ Դրա համար նյութական ոչինչ աչքիս չի երևում»։ Աշխատանք գտնելու, միջավայր ստեղծելու մեծ ուժ ու պատրաստակամություն ունի։ «Ցավոք, աշխատանքի դիմում ներկայացնելու ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում տարիքին։ Իմ տարիքի մարդիկ, ովքեր Արցախում մինչև թոշակի անցնելը, կարելի է ասել, ապահովված էին աշխատանքով, հիմա կամ ու կացի մեջ են»,- ասում է Նունե Սևլիկյանը։ Հուզիչ տեսարանների հաճախ է հանդիպում, զսպել արցունքներն անգամ չի փորձում։ «Արտաշատում ավտոբուս կա, որ ուրախ երաժշտությամբ շրջում է քաղաքում, հավաքելով հանդիպող երեխաներին։ Ուրախանում եմ, որ երեխաների ուրախ խինդ ու ծիծաղ եմ տեսնում, հիշում եմ իմ դպրոցի ամեն մի աշակերտի, ու զգացողությունը, որ նրանք ինչպիսի դժվարություններ են շարունակում հաղթահարել՝ ինձ հանգիստ չի տալիս»։ Կյանքն անկանխատեսելի է ՝ ասում է, ու ժամանակի թելադրանքով այլևս երկարատև պլաններ չի կազմում։ «Հնարավորինս պահպանում եմ կապը ուսուցչական կոլեկտիվիս և համագյուղացիներիս հետ, առայժմ նրանցից շատ քչերին է հաջողվել մասնագիտությամբ աշխատանքի անցնել։ Հիմնական մասը մտադրված է Հայաստանում հաստատվելու, այստեղ ապագան կերտելու համար։ Հույսը, որ դեռ ամեն ինչ կորած չէ, երբեք չի մարելու արցախցիներիս մոտ»։
Անահիտ Պետրոսյան |