«Երանի հիմա էլ դիրքերում լիներ․ թվում է՝ ուր որ է կգա»․ ամուսնուն կորցրած Իրինան մանկահասակ դուստրերի հետ հաստատվել է Արտաշատում
20.08.2024 00:24

a4d9a251-a653-4cde-8523-f397de0e8b99Գյումրիում երկու ամիս ամուսնու հարազատների հետ ապրելուց հետո արցախցի Իրինան դուստրերի հետ տեղափոխվել է Արտաշատ՝ ծնողների մոտ։ Զինվորական ամուսինը զոհվել է, կինը մանկահասակ երեխաների հետ տեղափոխվել է Հայաստան։ Արցախից հագուստից բացի ոչինչ բերել չեն կարողացել։ Այստեղ օգնել են ամեն ինչով․․․

Մասնագիտությամբ բանասեր Իրինա Հարությունյանը կյանքին արդեն փիլիսոփայորեն է վերաբերում։ Ծնունդով Ստեփանակերտից է։ Ավարտել է Մեսրոպ Մաշտոց համալսարանը, մասնագիտությամբ աշխատանք գտնել չի հաջողվել, այլ ասպարեզում աշխատել չի ստացվել։

Կյանքում շատ դժվարություններ է հաղթահարել՝ ասում է։ Անցյալում երանելի տարիներն են, առջևում՝ միայն անորոշություն։

2016 թվականին հանդիպեց իր երկրորդ կեսին՝ պաշտպանության բանակի սպա Նվեր Ավանեսյանին։

«Ամուսնացել ենք 2017-ին։ Ամուսնության 3-րդ ամսից տեղափոխել Հադրութ։ Միասին ապրեցինք 5 տարի։ Ամեն ինչ այնքան շուտ անցավ։ Այդ օրերն իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին։ Նվերը շատ բարի, հոգատար և բնավորությամբ հանգիստ անձնավորություն էր։ Մենք իրար կես խոսքից հասկանում էինք։ Միակ մտահոգությունը երեխա ունենալն ու մեր միությանն ու համատեղ կյանքին նոր շունչ հաղորդելն էր»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է մեկօրյա պատերազմում զոհված սպա Նվեր Ավանեսյանի այրին։

Երկար սպասումից հետո 2020-ին ծնվեց Նվեր և Իրինա ամուսինների առաջնեկը՝ Մարիամը։

«44-օրյա պատերազմի ժամանակ է ծնվել աղջիկս՝ Երևանի Մարգարյան հիվանդանոցում։ Եվ հենց այդ օրը՝ հոկտեմբերի 13-ին ամուսինս վիրավորվեց։ Փառք Աստծո հաջողվեց նրան տեղափոխել Երևան։ Բուժման երկարատև կուրս անցնելուց հետո վերադարձանք Արցախ»։

Պատերազմից հետո համալրված ընտանիքով, երկար սպասված զավակի հետ վերադարձան հայրենիք և որոշեցին նորովի շարունակել կյանքը։

Նորածին Մարիամը դարձել էր սիրող ամուսինների երջանկության առանցքը։

«Անկախ առողջական վիճակից՝ ամուսինս շարունակեց ծառայությունը բանակում։ Նրա նման պատասխանատու և բանիմաց պաշտպանների կարիք հայրենիքն ուներ, ու ես ըմբռնումով մոտեցա նրա՝ ծառայությունը շարունակելու որոշմանը։ Գրեթե միշտ դիրքերում էր, 14 օր էր տանը լինում։ Չնայած պատերազմի թողած ցավալի հետքերի երջանիկ էինք՝ մեր գտած երազով։ Մարիամին Նվերը փայփայում էր, ինչպես կարող էր։ Սիրում էինք երեկոները զբոսնել և հաճախ էինք միասին եկեղեցի գնում։ Նվերը մեծ հավատ ուներ Աստծուն նկատմամբ և ասում էր, որ ամեն ինչի կարելի է Աստծո միջոցով հասնել»,- պատմում է Իրինան։

2022-ին ծնվեց նրանց երկրորդ աղջիկը՝ Անուշիկը։

«Փոքրիկը մեր կյանքին նոր լիցքեր բերեց։ Նվերը շատ էր սիրում անակնկալներ մատուցել։ Նրա կողքին շատ հանգիստ ու պաշտպանված էի զգում։

Երբ դիրքերից գալիս էր երեխաների համար ամեն ինչ բերում էր և այնքան էր խաղում նրանց հետ, միշտ կկարոտեմ այդ օրերը։ Ասում էր՝ երեխաներին հագցրու, տանեմ կարուսել, միշտ կարծես շտապում էր։ Հաճախ էր ասում էր՝ չգիտեմ վաղն ինչ կլինի։

Այնպես անցավ մեր կյանքը. Կարծես ակնթարթ լինի։ Մտածում էի, որ միշտ միասին կլինենք, և դեռ այնքան հրաշալի օրեր կունենանք»…

2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ անսպասելի սկսվեց պատերազմը, Նվերը դիրքերում էր։

«15-ին էր գնացել, ինչպես միշտ՝ 14 օրով»…

Այդ օրվանից բազմաթիվ 14 օրեր է հաշվել Իրինան, սակայն ամուսինն ուշանում է։

«Ամուսինս մեծ երազանքներ ու նպատակներ ուներ երեխաների հետ կապված, և ես կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի երեխաները մեծանան առողջ ու երջանիկ, բայց երջանկությունը կատարյալ չէ առանց նրա։ Իհարկե չեմ կարող երեխաների համար նրանց հորը փոխարինել, նրա տեղը լրացնել, բայց փորձում եմ ամեն ինչ անել, որ աղջիկներս շատ չընկճվեն»։

Լուրը, որ պետք է լքեն հայրենիքը՝ ավելի է ցնցել ամուսնուն նոր կորցրած կնոջ ներաշխարհը։

Արցախը լքել են սեպտեմբերի 26-ին՝ ամուսնու ընտանիքի հետ։

«Սպասում էինք, որ Նվերի մարմինը բերեն։ Բավականին ուշ կարողացան հանել դիրքերից։ Ասացին, որ առաջին զոհը ինքն է եղել, չգիտեմ, նաև ասում էին, որ վիրավոր էր, բայց քանի որ ուշ են հանել դիրքերից, չի դիմացել»։

Իրինան պատմում է, որ սեպտեմբերի 21-ին ամուսնու հեռախոսահամարից զանգ են ստացել, սակայն այդպես էլ չեն կարողացել պարզել, ով էր զանգողը։

«Երկու օր ճանապարհ ենք եկել, միաժամանակ Նվերի մարմինն էին բերում»,- ասում է այրին։

35-ամյա հերոսը հանգչում է Եռաբլուրում։

«Պատերազմը խլեց ինձանից Նվերին։ Կորցնելով ամուսնուս՝ կորցրեցի իմ ամբողջ կյանքը։ Երևի թե մի անգամ ենք միասին ծնունդ նշել, Մարիամիկի մեկ ամյակը։ Իսկ հետո նա դիրքերում էր... Երանի հիմա էլ դիրքերում լիներ։

Մինչև հիմա ինձ թվում է, թե նա ուր որ է՝ կգա։ Ամենքի մեջ և ամենուրեք նրան եմ փնտրում։

Սուտ է, որ ժամանակը բուժում է, որովհետև ժամանակի հետ ամեն ինչ ավելի է դժվարանում։ Ու կապ չունի, թե շրջապատված ես հոգատար հարազատներով։ Կնոջ համար կարևորն իր թիկունքն է ու եթե նա չկա՝ ով էլ լինի կողքիդ, միևնույն է, մենակ ես»,- հուզմունքով ասում է Իրինան։

«Հիմա ապրում ենք Արտաշատում։ Ամբողջ օրս լցնում եմ երեխաների հետ զբաղվելով։ Մանկապարտեզ դեռ չեն հաճախում։ Վախենում եմ նոր միջավայրում իրենց լավ չզգան։ Ուզում եմ մի փոքր հարմարվեն ստեղծված իրավիճակին»։

Փոքրիկ Անուշիկն առողջական խնդիրներ ունի։

«Ստեփանակերտում ախտորոշել էին ռախիտ, իսկ այստեղ ասացին, որ կրծքավանդակի դեֆորմացիա և ծուռթաթություն ունի, ինչն ինքն իրեն կանցնի։

Իրինան հիմա փորձում է ապրել հանուն երեխաների և ուրախանալ նրանցով։

«Ուղղակի ուզում եմ, որ առողջ լինեն և ունենան անհոգ մանկություն։ Նվերը շատ էր ուզում տեսնել, թե ինչպես են մեծանում երեխաները, և նա ամեն ինչ անում էր և կաներ, որպեսզի երեխաները երբեք տխուր չլինեն»։

4-ամյա Մարիամիկը հիշում է հայրիկին, ասում է՝ պապաս էսա կգա, ինձ ամուր կգրկի։

«Գիտակցում եմ, որ ոչ մեկն էլ մեղավոր չէ ու այս վիշտն ու հոգեկան ծանր վիճակը միայն իմը չէ։ Իմ նման բազմաթիվ կանայք իրենց կյանքի դժվարագույն տարիներն են ապրում։ Հեռավորության պատճառով հաճախ չեմ կարողանում գնալ Եռաբլուր և դրա համար էլ եմ շատ նեղվում»։

Արցախ հետվերադարձի հույս չունի Իրինան։

«Որտեղ ամուսնուս գերեզմանը՝ այնտեղ էլ ես։ Աշխատելու մասին էլ դեռ չեմ մտածում՝ աղջիկներս փոքր են ու հայրիկի կորուստը շատ ծանր են տանում։ Աստծուց միայն առողջություն և ուժ եմ խնդրում, որպեսզի կարողանամ երեխաներիս կողքին լինել։ Հանուն մեր դստրերի՝ պատրաստ եմ հաղթահարել ցանկացած դժվարություն, միայն թե նրանց աչքերում երջանկության նշույլ տեսնեմ»։

 

Անահիտ Պետրոսյան

 

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter