«Դիզակ արտ»-ն Արցախից բռնի տեղահանված ավելի քան 150 երեխայի անվճար մշակութային կրթություն է տալիս
23.08.2024 21:02

3ba5cd39-5c19-4d6b-aec6-c1de639a3780«Դիզակ արտ» մշակութային և երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2021 թվականի մարտի 1-ին՝ 2020 թվականի պատերազմի հետևանքով Արցախից՝ մասնավորապես Հադրութի շրջանից փրկված պատմամշակութային մասունքները վերակենդանացնելու, տարածելու նպատակով։

Ա1+-ը զրուցել է կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրիյանի հետ, խոսել այս տարիների ընթացքում կենտրոնի կատարած աշխատանքների մասին, անդրադարձել ապագայում նախատեսվող ծրագրերին։

««Դիզակ արտ»-ը հրապարակում է Հադրութի տարածաշրջանի հայկական էությունը փաստող նյութեր, հարթակ ստեղծում երիտասարդների համար իրար հետ շփվելու, համայնքային կապերն ամուր պահպանելու համար։ Կենտրոնն անվճար մշակութային կրթություն է տալիս Արցախից բռնի տեղահանված ավելի քան 150 երեխայի։ Երևանի, Աբովյանի և Մասիսի մասնաճյուղերում երեխաներն ուսումնասիրում են ազգային երաժշտություն, պար, թատերական արվեստ, կիրառական արվեստ և կերպարվեստ։ Մասնագետները տեղահանված մեր հայրենակիցներն են։ Ցավոք, Մասիսի մասնաճյուղն Արցախն ամբողջությամբ հայաթափումից հետո հնարավոր չեղավ պահել՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով»,- ասում է Ե. Հայրիյանը։

Կենտրոնի պատկերասրահում ցուցադրված են «Դիզակի գույները» նկարչական միջազգային սիմպոզիումների ժամանակ ստեղծված և պահպանված շուրջ 90 կտավ, Հադրութի շրջանին առնչվող փաստական նյութեր։ Հիմնադրման օրվանից կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, ամառային ճամբարներ։ «Կազմակերպել ենք «Դիզակի գույները» նկարչական 4-րդ միջազգային սիմպոզիում, «Գուպար» ազգային-ավանդական խաղերի մրցույթ, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, Արցախյան խոհանոցի հանրահռչակում, համակարգչային և հաշվապահական դասընթացներ բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար»։

Ինչպես տեղեկացանք տիկին Հայրիյանից՝ Ռուսաստանում և Հայաստանում կազմակերպված մշակութային մի շարք միջոցառումներում կենտրոնն արժանացել է գլխավոր մրցանակների։ Կարճ ժամկետներում համընթաց առաջխաղացում և աճ ապահովելու համար «Արտ պրոգրես» հասարակական կազմակերպության կողմից «Դիզակ արտ»-ը պարգևատրվել է «Տիգրան մեծ» հուշամեդալով։ 2023-ին հիմնադրել են ժողովրդական գործիքների համույթը։ Կենտրոնը շարունակում է իր գործունեությունը՝ ուղղված Հադրութի շրջանի պատմական ինքնության վերարժևորմանը և տեղահանված բնակչության միասնականության ամրապնդմանը։

«Մեր առաջնային և գլխավոր խնդիրներից է Արցախի և մասնավորապես Հադրութի շրջանի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության, մեր առանձնահատուկ բարբառի պահպանությունը։ Երևանում կազմակերպել ենք «Արցախյան» խորագրով ցուցահանդես-համերգներ՝ ազգային երգ ու պարով, թատերական ներկայացումներով։

«Իրիքնակ» խորագրով համերգ ենք կազմակերպել ընթացիկ տարում, մասնակցել «Փոքրիկ քայլ» և «Մեղեդի» միջազգային մրցույթների։ Երկու մրցույթներում մեր սաները զբաղցրել են մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը, նաև «Գրան պրի» մրցանակակիր ենք»։ Երկրորդ տարին է, ինչ Աբովյան քաղաքում կրթամշակութային ամառային ճամբար է կազմակերպվում ոչ միայն կենտրոնի սաների, այլև Արցախից բռնի տեղահանված բոլոր երեխաների համար։ Այս տարի ճամբարը հնարավոր եղավ կազմակերպել Նյու-Յորքի նվիրված երիտասարդ մասնագետների շնորհիվ։

«Այժմ պատրաստվում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կծեգ» խորագրով թատերական ներկայացմանը։ Առաջնախաղը նախատեսվում է սեպտեմբերին։ Նոր ուսումնականը պատրաստվում ենք սկսել նոր ու թարմ ուժերով։ Անցած տարվա սեպտեմբերը կոտրել էր բոլորիս, ու հիմա պարտավորվածությունն ու պատասխանատվությունն ավելի մեծ է։ Նաև մեր աշակերտների թիվն է ավելացել ու այժմ ավելի մեծ տարածքի կարիք ունենք»,- ասում է զրուցակիցս։ Վերջերս կենտրոնի աշակերտները ՌԴ Վլադիմիր քաղաքում մասնակցել են 23-րդ նկարչական միջազգային մրցույթին, որտեղ Սերգեյ Արզումանյանը 430 մասնակիցների մեջ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

«Սա կենտրոնի համար ընթացող տարվա ամենալուրջ ձեռքբերումն է։ Ընդհանուր առմամբ կենտրոնը շնորհաշատ երեխաներ շատ ունի ու համոզված ենք, որ միջազգային տարբեր հարթակներում մեր երեխաներն անընդհատ հնչեցնելու և բարձր են պահելու Արցախի և Հայաստանի անունները»։

 

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter