Անասելի դժվար է ապրել առանց Գեղամի․ զոհվածի այրին մասնագիտությամբ աշխատանք է փնտրում, Արցախում զինղեկ էր աշխատում
26.08.2024 21:07

Վիկան և Գեղամը 2016-ին են ամուսնացել ու հիմնավորվել հարազատ Սարուշենում։ 2018-ին ծնվեց նրանց առաջնեկը՝ Արեգը։

«Ուրախ ու երջանիկ էինք մեր ունեցածով, մեկս մյուսով։ Ամուսինս մեծ շրջապատ ուներ, սիրված և հարգված էր։ Գյուղատնտեսական աշխատանքներով էր զբաղվում, նաև սեփական ավտոմեքենայով վառելափայտ էր բերում՝ վաճառում։ Մեր երջանկությունը, սակայն, կարճ տևեց, վրա հասավ 2020-ի սեպտեմբերի 27-ը, որից հետո բոլորս, կարծես թե կեսմարդ էինք դարձել»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Վիկա Գասպարյանը։

44-օրյա պատերազմին ամուսինը շտապօգնության մեքենան էր վարում։

«Սարսափազդու տեսարանների է ականատես եղել ամուսինս, ու պարտավորված էր մեկ կյանք անգամ փրկելու համար անասելի փորձություններ հաղթահարել։ Պատերազմի ավարտից հետո հոգեբանական ծանր վիճակում էր երկար ժամանակ գտնվում»։

Ամուսնուն Արցախում մենակ թողնել չէր ցանկանում՝ ասում է, սակայն հոկտեմբերի կեսերին Սարուշենի կողմերում իրադրությունը շատ վատ էր, ու նա ստիպված էր որդու ապահովության համար տեղափոխվել Հայաստան։

«Հոկտեմբերի 12-ին եմ գյուղից դուրս եկել։ Անիծյալ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո ամուսինս եկել է մեր հետևից։ Ասեմ, որ այդ ժամանակ լրիվ պատահական մարդիկ են մեզ իրենց հարկի տակ ընդունել ու դարձել մեզ համար անչափ հարազատներ։

Առանց հետոյի մասին մտածելու վերադարձել ենք գյուղ։ Շատ էինք սիրում Արցախը ու ուրիշ տեղ չէինք պատկերացնում մեր երեխաների ապագան։ Հազարավոր զոհեր էինք տվել այդ հողերը պահելու համար, ու մտածում էինք մեր բաժին պարտքը պետք է կատարենք՝ ամուր ընտանիք ստեղծելով, արարելով, ապրելով»։

2021 թվականի սեպտեմբերի 1-ից Վիկա Գասպարյանն Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի դպրոցում աշխատանքի անցավ, որպես զինղեկ և ֆիզկուլտուրայի ուսուցչուհի։

Արցախի պետական համալսարանի «Նախնական զինվորական պատաստություն և ֆիզկուլտուրայի» բաժինն է ավարտել, ապա նաև բակալավրիատն ու մագիստրատուրան։

«Դժվար էր գյուղից գյուղ գնալ աշխատելու, սակայն ժամանակի պահանջ էր ու ես սիրով էի աշխատում երեխաների հետ։ 2020-ից հետո մտածում էի, որ Արցախում ապրող ցանկացած ոք՝ անկախ սեռից ու տարիքից պետք է տիրապետի զենքին։ Այդ ընթացքում ամուսինս աշխատանքի անցավ Արցախի փրկարար ծառայությունում։ Լավ էինք ապրում և ուզում էինք ամեն ինչ ստեղծել, որպեսզի մեր զավակները ապահովված լինեն ամեն ինչով։ Մտածում էինք մենք ստեղծենք, որ ամեն մի երեխա իրենն ունենան ու կարողանա հասնի իր նպատակին»։

Շրջափակման դժվարին օրերին ծնվեց Գեղամի և Վիկայի սիրո երկրորդ պտուղը՝ Լեոն։

«Անչափ ուրախ էինք, սակայն բլոկադայի պայմաններում նորածին պահելն անասելի ծանր էր։ Մեծ դժվարությամբ էինք կարողանում կաթնախառնուրդ գտնել։ Այդ օրերին հերոսություն էինք համար, երբ նմանատիպ ապրանքներ էինք կարողանում գտնել։ Այդպես էլ ապրում էինք՝ մինչև չարաբաստիկ սեպտեմբերի 19-ը»։

Սարուշենի տղաների պաշտպանության տակ գտնվող դիրքերի արկակոծության տեսարանները երիտասարդ կնոջ աչքերի առաջ է դեռ։ Ամուսինը դիրքերում էր։

«Մեր տան պատշգաբից անզեն աչքով տեսնում էի, ինչպես է թշնամին արկակոծում մեր տղաների դիրքերը։ Երեկոյան 5-ի կողմերն ասացին, որ գյուղում մնալն այլևս անվտանգ չի։ Գյուղի վերևի մասում էինք պատսպարվել, սակայն որոշ ժամանակ անց կրակոցների ձայները մեզանից մոտենում էին։ Մենք առաջ էինք շարժվում դեպի անտառ։ Մութ էր, երեխաները սոված, վախեցած, նույնիսկ վախենում էինք հեռախոսի լույսը միացնել, հանկարծ թշնամին չնկատի ու թիրախավորի մեզ։ Շուտով գյուղի պաշտպաններից մեզ միացան՝ օգնելու։ Ամուսնուս մասին ոչ մեկ ոչինչ չէր ասում։ Խուսափում էին իմ հարցերից։ Այդպես համագյուղացիներով մեկս մյուսին հույս տալով հասանք հարևան Մսմնա գյուղ։ Հաջորդ օրը տեղափոխվեցինք Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ և իմացա, թե ինչ գին է վճարել իմ ծննդավայրը։ Սարուշենս տասնյակ զոհ էր տվել, որոնց շարքում էր ամուսինս»,- ասում է հետմահու «Արիության» մեդալով պարգևատրված Գեղամ Ղազարյանի այրին։

Սեպտեմբերի 25-ին մանկահասակ երկու երեխաների հետ բռնել է գաղթի ճանապարհը՝ ուտելիքի նվազագույն պաշարով։

«Երեխաների համար պատասխանատվությունը կարծես թե կարծրացրել էր ինձ ու այդ պահերին մտածում էի միայն նրանց անվտանգ դուրս հանելու մասին։ Տնից ոչինչ չենք կարողացել վերցնել, քանի որ չէի պատկերացնում, որ անվերադարձ ենք հեռանում։ Ունեցվածքից բացի՝ կյանք եմ թողել այնտեղ։ Չնայած, երանի Գեղամը մեզ հետ լիներ, նորից կստեղծեինք, ավելին կունենայինք։ Հիմա ոչ էն ունեմ, ոչ՝ էն»,- ասում է զրուցակիցս։

Ամուսինը հուղարկավորված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։

«Հիմա ամուսնուս ծնողների հետ Օշականում ենք ապրում։ Գեղամի հայրն արցախյան առաջին պատերազմի հաշմանդամ է։ Սկեսուրս մխիթարվում է մեր երեխաներով, ամբողջ օրը նրանց հետ է հոգու հանգիստը գտնում։ Փորձել եմ որևէ դպրոցում աշխատանքի անցել՝ իմ մասնագիտությամբ։ Առայժմ մեր բնակության վայրից մոտ աշխատանք չեմ գտել։ Կա տրանսպորտի խնդիր ու դրա հետ կապված դժվարություններ։ Գիտակցում եմ, որ ես պիտի աշխատեմ։ Դեռ փնտրտուքի մեջ եմ։ Այլ մասնագիտություն կամ արհեստ յուրացնելու մասին դեռ չեմ մտածում։ Արեգս մանկապարտեզ էր հաճախում, այս ուսումնականին առաջին դասարան կգնա։ Անասելի դժվար է ապրել առանց Գեղամի»։

Վիկա Գասպարյանն այժմ փորձում է իր մեջ ուժ գտնել ապրելու, առաջ նայելու համար։

«Աշխատում եմ չկոտրվել, որպեսզի կարողանամ մեր որդիներին ճիշտ ուղի ցույց տամ՝ իրենց երազանքներին հասցնելու համար։ Միայն այդժամ հանգիստ կլինեմ, երբ իմ զավակներն իրենց հայրիկին արժանի անհատներ դառնան»։

 

Անահիտ Պետրոսյան

 

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter