Տատիկներիցս ու մայրիկիցս շատ նրբություններ եմ սովորել․ արցախցի երիտասարդ ընտանիքը Երևանում թթվի արտադրությամբ է զբաղվում |
28.08.2024 21:11 |
Վիկտորյա Պետրոսյանի ընտանիքն Արցախից բռնի տեղահանվելուց հետո Երևանում է հաստատվել։ Արդեն երկու բնակարան են փոխել։ Ընտանիքում երեք անչափահաս է մեծանում։ Միայն տան հայրն է աշխատում։ Բախվելով բազում խնդիրների ու ֆինանսական դժվարությունների հետ՝ Վիկտորյան ամուսնու առաջարկով սկսել է թթուներ պատրաստել՝ այդպիսով պահպանելով արցախյան ավանդական թթվի համն ու հոտը՝ միաժամանակ ընտանիքի համար լրացուցիչ եկամտի աղբյուր ստեղծելով։ «Ամուսինս ասում էր, որ յուրաքանչյուր պոտենցիալ պետք է ճիշտ օգտագործել, մանավանդ որ մեր կամքից անկախ հայտնվել էինք բավականին դժվարին կացության մեջ։ Ես սիրով և ուրախությամբ համաձայնեցի, քանի որ մի կողմից արցախյան խոհանոցի ավանդական ուտեստի պատրաստմանն ու պահպանմանը մեծ կարևորություն եմ տալիս, մյուս կողմից էլ, որ այն նաև եկամտի աղբյուր կարող է լինել՝ ավելի է մոտիվացրել ինձ։ Վարձով ապրելով երեխաներին տարբեր պարապմունքների ուղարկելը, բնակվարձն ու կոմունալները վճարելը, մնացած հոգսերը հոգալը միայն մի հոգու աշխատավարձով՝ գրեթե անհնար է»,- Ա1+-ի հետ զրուցում ասում է երիտասարդ մայրիկը։ Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում վարձակալած առանձնատան նկուղն էր ի սկզբանե գրավել նրանց ուշադրությունը, որտեղ հիմա կազմակերպում և իրականացնում են թթվի արտադրության աշխատանքները։ «Համապատասխան աշխատանքային պայմաններն առկա են ու տարածքը բավականին հարմար է։ Արցախում էլ տարատեսակ բանջարեղենից թթուներ պատրաստում էի, սակայն երբեք այն որպես եկամտի աղբյուր չէին դիտարկում։ Ասեմ, որ մորական և հորական կողմի տատիկներիցս ու մայրիկիցս թթուների պատրաստման շատ նրբություններ ու գաղտնիքներ եմ սովորել, որոնք սիրով կիրառում եմ մեր ընտանեկան փոքրիկ բիզնեսում»։ Սկզբից միայն ընկերների ու ծանոթների շրջապատում էին գովազդում իրենց արտադրանքը։ «Սոցիալական ցանցում էջ բացեցինք, ու առաջին իսկ նկարը տեղադրելուց հետո մարդկանց մեջ մեծ հետաքրքրություն առաջացավ մեր թթուների նկատմամբ։ Լրագրողների ուշադրության կենտրոնում ևս հայտնվեցինք, որից հետո ավելի ճանաչելի դարձավ մեր էջը։ Արդեն 2500-ից ավելի հետևորդներ ունենք, ինչի համար շատ ուրախ ենք։ Մեր արտադրանքն իրացնում ենք օնլայն եղանակով։ Պատվերները նախապես գրանցում ենք, ամուսինս աշխատանքից հետո զբաղվում է պատվերների առաքմամբ։ Առաքման այս տարբերակը հարմար է երկուստեք, քանի որ այն անվճար ենք իրականացնում»։ Առանձնահատուկ համ ու տեսք ստանալու համար ընտրում են ամենաթարմ բանջարեղենը։ Կարևոր նախապայման է համեմունքների ճիշտ համադրությունն ու ելնելով տվյալ բանջարեղենի առանձնահատկությունից՝ քացախի կամ կիտրոնի թթվի կիրառումը։ «Մեր թթուների առանձնահատկությունն ու տարբերվող համը կիմանան մեր պատվիրատուները։ Ես հնարավորինս աշխատում եմ լավագույն ու տարբերվող տեսականիներ թողարկել, իսկ ամուսինս ջանք ու եռանդ չի խնայում լավագույն ու թարմ բանջարեղեն գնելու հարցում։ Ամեն անգամ փորձում ենք նորություններով հանդես գալ։ Ապագայում նպատակ ունենք սեփական տարածք ունենալ ու խանութի միջոցով իրացնել մեր արտադրանքը կամ առավել նախընտրելի է խանութների ցանցերի, ռեստորանների հետ համագործակցելը, որպեսզի մեր գործը մի քիչ թեթևանա»,- ասում է զրուցակիցս։ Մասնագիտությամբ բանասեր Վիկտորյան Արցախում պետական համակարգում էր աշխատում։ Վերջին մեկ տարին ֆիզոլոգիական արձակուրդում էր գտնվում։ «Ճիշտ է երեխաների խնամքի հետ նման աշխատանք ունենալն ու համադրելը երանություն է ցանկացած մայրիկի համար, սակայն ինչքան էլ հաճույքով եմ անում իմ գործը, միևնույն է՝ պահեր են լինում, երբ ֆիզիկապես չեմ հասցնում։ Դեռևս մեր առաջին քայլերն ենք անում մեզ համար ոչ այնքան էլ սովորական՝ բիզնես ոլորտում։ Հուսանք՝ կհաջողենք։ Այն, որ մեր պատվիրատուների պահանջներն ու սպասելիքները կարողանում ենք արդարացնել, արդեն մեծ ձեռքբերում է մեզ համար»,- ասում է զրուցակիցս։
Անահիտ Պետրոսյան |