ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ
12.06.2012 14:28

 ՙՎերջին զանգ՚ բառերն արտաբերելիս շատ շատերի մոտ են արթնանում քաղցր հուշեր, որոնք կապված են դպրոցական տարիների հետ: Այդ օրն ամեն ոք հետադարձ հայացք նետելով անցած տարիներին` մի ուրիշ սիրով է լցվում եւ այդ երկար ու ձիգ տարիները նրան պատկերվում են վառ գույներով: Մտովի վերհիշում է իր բոլոր ապրումները` առաջին դասարան, առաջին ուսուցիչ, դպրոցական

նստարան, դասարանական վեճեր, ընկերական արշավներ, առաջին սեր… եւ ակամայից ժպտում է: Անգին են այդ հուշերը եւ` անկրկնելի: Անմոռանալի այդ տոնական օրվա բերկրանքը յուրաքանչյուրը զգում է ամբողջովին, ցանկանում` ինքը լինել այդ օրվա հերոսը:
 Մայիսի 25-ին Արցախի բոլոր կրթօջախներում հնչեց վերջին զանգը: Արդեն ավան-դական է դարձել, որ մենք՝ գիր ու դպրություն պաշտող հայ ժողովուրդս, այս յուրահատուկ օրն ընդունենք որպես տոն եւ վերածենք այն մի իսկական ուրախ եւ հետաքրքիր տոնա-կատարության: Այդպիսի մի գեղեցիկ միջոցառում էլ կազմակերպվեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում, որին մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Ս.Գրիգորյանը, Ասկերանի քաղաքապետ Ա. Գաբրիելյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շ.Աղաբաբյանը, հյուրեր, ծնողներ, աշակերտներ: Դպրոցի կազմակերպիչ Աիդա Գյանջումյանը հերթական անգամ կազմակերպելով նման միջոցառումներ` մի առանձին շուք ու հնչեղություն էր տվել միջոցառմանը: Նա ողջունելով ներկաներին` նշեց, որ Ասկերանի միջնակարգ դպրոցում կհնչի 59-րդ վերջին զանգը: Դպրոցն առաջին անգամ ավարտում են 12-րդ դասարանի 27 շրջանավարտներ: Այս օրվան սպասել են ե՛ւ ծնողները, ե՛ւ աշակերտները: Նրանք լի են բերկրանքով եւ` ոգեշնչված այսօրվա տոնակատարությամբ: 
Դպրոցի տնօրեն Կ.Մայիլյանը բացելով միջոցառումը` միաժամանակ իր շնորհավո-րանքի խոսքը հղեց շրջանավարտներին.
 -Այսօր բոլորիս պատել է մի հետաքրքիր զգացողություն` ուրախություն ու թախիծ՝ միասին պարուրված: Ուրախ ենք, որ մեր երեխաներն անցնում են կյանքի նոր փուլ եւ պիտի ընտրեն իրենց ճանապարհը, սակայն տխուր ենք, որ նրանք լքելու են մեր կրթօջախը: Համոզված եմ, որ նրանք միշտ կհիշեն եւ վառ կպահեն դպրոցի պատիվը: Առանձնապես կհիշեն այն խստապահանջ ուսուցիչներին, որոնց ջանքերի շնորհիվ հասել են հաջողությունների: Վստահ եմ, որ ամեն մեկդ կընտրեք ճիշտ մասնագիտություն եւ կդառնաք առաջնակարգ մասնագետ:
 Դպրոցի շրջանավարտներն իրենց ելույթը սկսեցին հրաժեշտի պարով: Այնուհետեւ արտասանեցին, երգեցին: Նրանց կատարում-ները լի էին սիրով, պատասխանաïվությամբ, կարոտախառն ու հուզումնալից խոսքերն՝ ուղղված դպրոցին եւ սիրելի ուսուցիչներին: Այո՛, շրջանավարտներն արդեն իսկ կարոտում էին իրենց բազմազավակ ծնողներին` բոլոր ուսուցիչներին: Նրանց համար դժվար էր բաժանվել հարազատ դարձած մարդկանցից, որոնք 12 տարի շարունակ եղել են նրանց խորհրդատուները եւ զինել են գիտելիքներով: Շրջանավարտները շնորհակալություն էին հայտնում ուսուցիչներին իրենց մեծահոգ-ության, անսահման սիրո ու բարության համար: Նրանք, միաժամանակ խոստանում են դառնալ հմուտ մասնագետներ ազատ ու անկախ Արցախի համար: Կյանքի բոլոր բնագավառներում նոր համալրում է պետք եւ հավաստիացնում են, որ իրենք կլինեն այդ արժանավոր հերթափոխը: Միայն մի բանում են, կարծես, սթափվում ու մտահոգվում` չարժե՞ր, արդյոք, ավելի լավ սովորել, ավելի ջանասեր ու պատասխանատու լինել: Իրենց խոսքում մեծարանքի արժանացրին նաեւ առաջին ուսուցիչներին, դասղեկներին, որոնք հարազատ ծնող էին դարձել իրենց համար:
 Օրը լի էր հետաքրքիր անակնկալներով: Դպրոցի պատմության մեջ առաջին անգամ առաջին դասարանցիները երդում տվեցին շրջանավարտներին` խոստանալով պատվով կրել ՙԷ.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի սան՚ կոչումը եւ ընդունել 12-րդ դասարանցիների պատգամները: 
 Շրջանավարտները այս 12 տարիների ընթացքում իրենց դասավանդած բոլոր ուսուցիչներին հանձնեցին ծաղիկներ եւ պատվոգրեր` նշելով, թե հատկապես, որ անձնական որակն են հաշվի առել պատվոգրերը պատ-րաստելիս: Իհարկե, ընտրված բառերը տեղին էին եւ հետաքրքրաշարժ: 
2011-2012 ուսումնական տարվա վերջին զանգը հնչեցրին քույր ու եղբայր Էլեն եւ Հարութ Թովմասյանները եւ նույնպես եղբայր եւ քույր Մանվել եւ Գայանե Աղաջանյանները:
Շրջանավարտներին շնորհավորանքի խոսք ասաց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը.
-Սիրելի՛ շրջանավարտներ: Այսուհետ ինքներդ եք ընտրելու ձեր ճանապարհը եւ ինքներդ եք պատասխանատու ձեր ամեն մի արարքի համար: Թող ամեն մեկդ իր տեղը գտնի հասարակության մեջ եւ դառնա նրա լիարժեք անդամը եւ թող ձեր կյանքն անցնի խաղաղության պայմաններում: Բարի՛ ճանապարհ ձեզ դեպի մեծ կյանք:
Դասղեկ եւ հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Սիլվա Ջհանգիրյանն իր մաղթանքում նշեց.
-Այսօրվա արարողությունները հաճելի հուշերով են ուղեկցվելու ձեր ամբողջ կյանքում: Ուզում եմ վստահություն հայտնել, որ ուսումնառության տարիներին ձեռք բերածը հետագայում բազմապատկելու եւ անվերապահորեն ծառայեցնելու եք մեր ժողովրդին: Չեմ կասկածում, որ մեծ կյանք մտնելով, ձեր ուրույն նպաստն եք բերելու պետականաշինության կարեւոր գործին: Հավատացած եմ նաեւ, որ բարձր կպահեք հարազատ կրթօջախի պատիվը` միշտ ուղեցույց ունենալով ձեր ուսուցիչների ազնիվ պատգամները: Մաղթում եմ ձեզ մաքուր եւ անամպ երկինք:
Շրջանավարտներին շնորհավորանքի խոսք ասացին նաեւ 10 տարի առաջ այս դպրոցն ավարտած եւ կյանքում արդեն իրենց տեղը գտած շրջանավարտները, Ասկերանի քաղաքապետ Ա. Գաբրիելյանը, դասվար Լ.Աթայանը, էստաֆետ ընդունող 11-րդ դասարանի աշակերտուհի Զ. Գաբրիելյանը: Յուրաքանչյուրն իր բարեմաղթանքում պատգամում էր շրջանավարտներին դառնալ իսկական մարդ` ծառայելով հայրենիքին հոգով եւ սրտով: Կյանքի հորձանուտում լինել հանդուրժող ու մեծահոգի եւ ամենակարեւո-րը՝ միշտ հիշել իրենց սիրելի ուսուցիչներին ու դպրոցը:
Դպրոցի տնօրեն Կառլեն Մայիլյանը բարեգործ Սասուն Բարսեղյանի անունից պատվոգրերով եւ նվերներով պարգեւատրեց դպրոցի ուսուցիչներ Ս. Ջհանգիրյանին, Լ. Աթայանին, Է. Եղյանին, աշակերտներ Մ. Գաբրիելյանին, Ն. Սառաջյանին, Լ. Հարութ-յունյանին, Գ. Աղաջանյանին, Թ. Սարգսյանին, Ս. Թամրազյանին, Ա. Շահրամանյանին, Ն. Մանուչարյանին, առաջին դասարանցիներ Է. Թովմասյանին եւ Մ. Աղաջանյանին:
 Ի դեպ, ԼՂՀ ԿԳ նախարարության կողմից 2011-2012 ուստարվա բոլոր շրջանավարտներին հայոց այբուբենը խորհրդանշող զան-գեր են նվիրվել։ Ասկերանցի շրջանավարտներին, իրենց ամենապատասխանատու տոնի առթիվ, զանգերը նվիրել է բարերար Սամվել Գաբրիելյանը։ Միջոցառման վերջում դպրոցի տնօրենը ներկայացրեց Ասկերանի պատվավոր քաղաքացի, բարերար Ս. Գաբրիելյանի շնորհավորական ուղերձն ուղղված Ասկերանի միջնակարգ դպրոցի շրջանավարտներին, որում, մասնավորապես, ասված էր.
 -... Դպրոցին հրաժեշտ տալու կապակցությամբ, մենք ձեզ համեստ տնվերներ ենք բաժանել՝ փոքրիկ զանգեր։ Դրանք հունցված լինելով տեղական կավից, խորհրդանշում են հայրենի հողը, որտեղ ծնվել եք եւ մեծացել, որտեղ ձեր նախնիներն են ապրել ու արարել։ Եվ զանգերը, որոնց քաղցր ղողանջները միշտ պիտի թեւածեն ձեր հոգիներում, պատգամելու են հայրենի հողի մշտագոյության վեհ գաղափարը։ Որտեղ էլ որ լինեք, ուր էլ ձեզ տանեն կյանքի ճանապարհները, սուրբ մասունքի նման ձեզ հետ տարեք հայրենի հողից պատրաստված այդ զանգերը։ Դրանք, համոզված եմ, մշտարթուն կպահեն ձեր սերը հարազատ ծննդավայրի հանդեպ, եւ դուք կարոտելով հայրենի Արցախին՝ կրկին կվերադառնաք, որպեսզի հայրական օջախների կրակը բորբոք պահեք։

Անշուշտ, յուրաքանչյուր մասնակից խորը տպավորություններով հեռացավ դպրոցից: Այս հետաքրքիր եւ յուրահատուկ ՙՎերջին զանգը՚ թերեւս, երկար կհիշվի: Այն կազմակերպվել էր մի առանձնահատուկ հանդիսա-վորությամբ ու բարձր մակարդակով: Իհարկե, մեծ է եղել դպրոցի կազմակերպիչ Աիդա Գյանջումյանի դերակատարությունը, ծնողների եւ դասղեկների փոխըմբռնումն ու համագործակցությունը: 
 Բարին ընդ Ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ: Ձե՛զ հաջողություններ եւ նպատակների իրականացում:

Կարինե Բախշիյան















 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter