«Կյանքը կանգ էր առել․ միայն երկու տարի անց կարողացա ուժ գտնել»․ պատերազմում զոհվածի այրին չրերի արտադրությամբ է զբաղվում |
30.08.2024 21:18 |
Մասնագիտությամբ քիմիկ-կենսաբան Էլինա Աղաջանյանը սեփական մաշկի վրա է զգացել 2020 թվականի պատերազմի ծանր հետրևանքները: 44-օրյա պատերազմում կորցրել է ամուսնուն, իսկ Արցախի շրջափակման ծանր օրերին ամիսներ շարունակ բաժանված է եղել երեխաներից։ Չնայած կյանքի հարվածներին՝ այսօր ստիպված է ուժեղ լինել։ «Մինչև պատերազմը տանը երեխաների համար տարբեր տեսակի մրգեր էի չորացնում, սիրում էի փորձարկումներ անել, մասնագիտական կարողություններս ստուգել: Ուզում էի այդ զբաղմունքս հետագայում վերածել բիզնեսի, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է պատերազմում նահատակված Արթուր Աղաջանյանի այրին: Էլինայի ամուսինն արցախյան առաջին ազատամարտում նահատակված սզնեքցի հերոս Էդիկ Աղաջանյանի որդին է։ «Արթուրը շատ բարի էր, ազնիվ, պարտաճանաչ, ընտանիքին նվիրված։ Ավաղ, ինչպես որ իրեն, իր զավակներին նույնպես վիճակվեց մեծանել առանց հայրական գուրգուրանքի ու սիրո։ Պատերազմի առաջին իսկ օրից ամուսինս առանց երկմտալու միացավ հայրենիքի պաշտպաններին։ Նա իր անուրանալի դերն է ունեցել առաջնագծի տարբեր հատվածներում ծավալված պաշտպանական մարտերում։ Հոկտեմբերին անհավասար մարտեր էին ընթանում Վարանդայում։ Մենք դեռ կարողանում էինք ժամանակ առ ժամանակ դեռ նրա հետ կապվել։ Հոկտեմբերի սկզբներին հեռախոսակապ հաստատել ամուսնուս հետ այլևս չկարողացանք»։ Հոկտեմբերի 10-ին է Արթուրն անմահացել՝ Վարանդայում։ «Կյանքն այլևս ինձ համար կանգ էր առել: Միայն երկու տարի անց կարողացա իմ մեջ ուժ գտնել և նորից վերսկսել զբաղվել սիրածս զբաղմունքով»: Էլինա Աղաջանյանը, ցավը սրտում սեղմած, իր առջև նպատակ դրեց ոտքի կանգնեցնել երեխաներին, ինչքան էլ որ դժվար լինի։ «Երեխաներս բավականին նուրբ տարիքում էին, նրանք չպիտի ինձ անզոր ու կոտրված տեսնեին։ Ինձ ամբողջովին նվիրեցի իմ բիզնես մտահղացումներին, ինչքան կարողանում էի զբաղեցնում էի ինձ։ Սկսեցի ընդլայնել մրգային չիպսերի պատրաստման տեսականին, սիրելի զբաղմունքս վերածեցի բիզնեսի: Պատվերներս հիմնականում ապահովում էին բարեկամներս, ընկերներս, ծանոթներս»: Տիկին Աղաջանյանը 2007-2012 թվականներին աշխատել է Ասկերանի շրջանի Ներքին Սզնեքի միջնակարգ դպրոցում՝ որպես օտար լեզվի ուսուցչուհի: 2015-ից 2022-ը Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան հիմնական դպրոցում կենսաբանություն էր դասավանդում: «2022 թվականի դեկտեմբերին մի քանի օրով գործերի բերումով եկել էի Երևան, երեխաներս մնացել էին Արցախում՝ սկեսուրիս և ծնողներիս մոտ: 2022թ. դեկտեմբերի 12-ին Արցախ տանող միակ ճանապարհը փակվեց՝ բաժանելով ինձ իմ երեխաներից: Ոչ ես էի կարողանում գնալ երեխաներիս մոտ, ոչ երեխաներս՝ ինձ մոտ: Ամեն օր լացում էի, աղոթում, թե երբ պիտի վերամիավորվի իմ ընտանիքը: Անասելի ծանր էր այդքան երկարատև բաժանված մնալ, երբ այդքան հեռու էի իմ զավակներից, այն էլ նման պայմաններում»,- ասում է զրուցակիցս։ Միայն 2023թ. փետրվարին հարազատներին հաջողվեց Կարմիր Խաչի միջոցով երեխաներին ուղարկել Երևան։ «Քանի որ բլոկադայի ժամանակ մնացել էի Երևանում, ազատ ժամանակ շատ ունեի, սկսել էի մրգեր չորացնել, պատվերներ ունենալ: Երեխաները Երևանում սկսեցին դպրոց հաճախել»։ Տիկին Աղաջանյանը սկսեց դասավանդել Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան Հ.29 ավագ դպրոցում: Արցախի կորուստը թարմացրեց սգացող երիտասարդ կնոջ վերքերը։ «Ծնողներիս խնդրել էի իմ տնից բերել միայն մեր նկարները, ամուսնուս իրերից մի քանիսը ու գերեզմանից մի բուռ հող: Դրանք են իմ ամենաթանկն ու անգինը։ Ամուսնուս կորցնելուց հետո փորձում էի ուժեղ լինել, քանի որ գիտակցում էի, որ իմ ուսերին է երեխաներին մեծացնելու, դաստիարակելու և իրենց նպատակներին հասցնելու առաքելությունը: Ամուսնուս հետ միասին տարիներ շարունակ տուն էինք կառուցում: Երազում էինք, որ մեր երեխաներն ամեն ինչ ունենան, միակ մտածմունքը երեխաներին կրթություն և մասնագիտություն տալը լինի։ Երազում էինք, որ մեր երեխաները բժիշկներ դառնան»: Արթուրը մինչև պատերազմի դաշտ գնալը տանը սառնարանի տակ կնոջը գրություն էր թողել։ «Նամակում գրել էր, որ եթե հանկարծ Աստված չանի՝ չվերադառնա, ի կատար ածեմ մեր համատեղ երազանքներն ու նպատակները»,- զսպելով արցունքները պատմում է հերոսի այրին։ Տեղահանությունից հետո ծնողների, քրոջ ու երեխաների հետ միասին են ապրում։ «Այդպես հարմար է բոլոր առումներով։ Քույրս առաջարկեց ավելի լուրջ զբաղվել մեր նախաձեռնած բիզնեսով, անել հնարավոր ամեն բան ընդլայնվելու համար: Սկզբից վախեցա, բայց նրա և ընտանիքիս աջակցությամբ մրգային չիպսերի արտադրության գործընթացը բավականին առաջընթաց ունեցավ»: Ասում է՝ ամեն ինչ արեցին, որպեսզի «Sunny Artsakh» ապրանքանիշը լինի շուկայում մրցունակ և ապրանքի որակական տեսանկյունից և փաթեթավորման ու պիտակավորման։ Մասնակցեցին մի շարք փառատոնների, խոշոր նախագծի, ձեռք բերեցին ճանաչողականություն։ Ու սկսեցին պատվերներ ունենալ: «Պատվերներ ունենում ենք ինչպես ՀՀ տարածքից, այնպես էլ Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Դանիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից»... Էլինա Աղաջանյանը երկրորդ հերթով սուպերմարկետում է նաև աշխատում։ Մենեջեր է։ Ուսումնական տարին սկսվելուն պես նաև պարապմունքի աշակերտներ է ունենալու։ «Մեկ տարի մատնահարդար եմ աշխատել։ Աշխատելու ու աշխատանքի մեջ երբեք չեմ զլացել, աշխատել եմ ներդնել որջ կարողություններս, ներուժս ու հմտություններս։ Այսպիսով, փորձել եմ դիմակայել մեզ բաժին հասած դժվարություններին»:
Անահիտ Պետրոսյան
«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։ |