Կարձանագրեմ ու կվավերագրեմ այն, ինչի միջով անցել է արցախցին․ հասարակական գործիչ
31.08.2024 21:28

6a406f08-a3bd-4de8-806b-04488d74af26Արցախցի հասարակական գործիչ Բելլա Բաբայանը աշխատել սկսել է Խորհրդային Ղարաբաղ թերթի խմբագրությունում։ Արցախյան շարժման տարիներին թերթի պահանջարկն աննկարագրելի ծավալների էր հասնում։

«Թերթը պահանջված էր ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում և Սփյուռքում։ Այդ տարիներին խմբագիրներ էին Մաքսիմ Հովհաննիսյանը, Արկադի Ղուկասյանը և այլոք։ Թող անհամեստ չհնչի, սակայն տիրոջ կամոք հարուստ աշխատանքային ուղի եմ անցել՝ խորհրդարան, Ստեփանակերտի փոխքաղաքապետ, ապա աշխատակազմի ղեկավար, կրթության ազգային ինստիտուտ, իսկ վերջին 15 տարիներին՝ Արցախի Հանրապետության նախագահի քաղաքացիների և դիմումների ընդունելության բաժնում եմ աշխատել։ Իմ առաքելությունը կյանքում եղել և մնացել է հայրենիքին ազնիվ, պատվախնդիր ծառայությունը»,- Ա1+-ի հետ զրուցում ասում է տիկին Բաբայանը։

Խոսելով Արցախի շրջափակումից և հայաթափումից՝ զրուցակիցս նշեց, որ արցախցին ընտրել էր հայրենիքում մաքառումով ապրելու ծանր ճանապարհը։ Տեսել է 4 պատերազմ, շրջափակում և փորձում էր պատվով հաղթահարել շրջափակման հետևանքով առաջացած կյանքի վատթարագույն՝ անմարդկային պայմանները։

«Ասեմ, որ շրջափակումն ու աշխարհի քար լռությունը մեզ չկոտրեց, դեպքերի հաջորդ զարգացումները ստիպեցին կատարել ծանր ընտրություն՝ հայ մնալ կամ ժամանակի ընթացքում տարալուծվել և դադարել գոյություն ունենալ»։

Հազարավոր հայրենակիցների նման տիկին Բաբայանը տարեց մոր, աղջկա ու թոռնուհու հետ ապրում է Երևանում՝ վարձակալական հիմունքներով։

«Աշխատանք չունեմ։ Շատ ծանր ժամանակներ են մեծ թվով արցախցիների համար։ Հիմնականում գոյատևում ենք քրոջս ֆինանսական և բարոյական աջակցության շնորհիվ։ Երբ անցնում էինք անիծյալ Հակարիի կամուրջը՝ ուխտ արեցի՝ եթե կենդանի մնամ, ապա իմ համեստ հնարավորությունների սահմաններում կարձանագրեմ ու կվավերագրեմ այն գողգոթան, ինչի միջով անցել է արցախցին, պիտի լինեմ մեկն այն վավերագիրներից, ով ականատեսն էր այդ ամենի։ Հիմա դրան ավելացել են Արցախի նյութական և ոչ նյութական ժառանգությունների փաստագրման և հավաքագրման աշխատանքները։ Ինչպես նշեցի, այդ աշխատանքները եմ սեփական նախաձեռնությամբ ու անձնական սուղ միջոցներով։ Հույս ունեմ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր գիտակցելով նման աշխատանքների անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ կստանձնեն հովանավորի իրենց դերը՝ անչափ կարևոր այս գործում և իմ խոսքը լսելի ու հասու կդառնա իմ շրջապատին։ Ցավոք, այսօր փորձ է արվում աղավաղել Արցախի նորագույն պատմությունը։ Այն իմ և իմ սերնդի պատվի և արժանապատվության խնդիրն եմ համարում։ Անհրաժեշտ եմ համարում տարբեր նախաձեռնություններ ու հնարավորություններ տալ երիտասարդ սերնդին՝ խորանալ պատմական փաստերի մեջ, քանզի նրանց վճռական կամքից է կախված Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը։ Ժամանակն արդեն իսկ ի վնաս մեզ է աշխատում։ Հապաղելու ժամանակ չունենք»,- ասում է տիկին Բաբայանը։

«Ընձեռնված հնարավորությունը ժամանակին չպիտի բաց թողնվեր և քաղաքական կամք պիտի դրսևորվեր՝ այդ տարիներին գործող միջազգային, քաղաքական, իրավական հարաբերություններով կարգավորելու Արցախը Հայաստանին վերամիավորելու գաղափարը՝ այդպիսով վերջակետ դնելով հայկական հարցին։ Որպես արցախցի ու Արցախի ապագայով մտահոգ քաղաքացի՝ անում եմ հնարավորը՝ իմ ուժերին ներածին չափով տարբեր հարթակներում Արցախյան խնդրի մասին բարձրաձայնելու, Արցախյան հարցն ու արցախցու խնդիրներն արդիական պահելու, դրանց լուծման ուղղությամբ լուծումներ առաջարկելու համար։ Այն, որ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի համար յուրաքանչյուր-ոք անելիք ունի՝ միանշանակ է»,- ասում է նա։

 

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter