«Մտածում ենք ձեռնարկած աշխատանքում ընդլայնվելու մասին». արցախցի գործարար
27.08.2024 21:30

961Բռնի տեղահանությունից հետո շատ արցախցիներ կամ ու կացի մեջ էին հայտնվել։ Կյանքի թելադրած նոր պայմաններում գոյատևման ուղիներ ոչ բոլորին էր հաջողում գտնել։ «Արցախը հարկադրաբար լքելուց որոշ ժամանակ անց տարածք ենք վարձակալել ու սկսել հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել։ Արդեն դեկտեմբերի 10-ին Վ. Վաղարշյան և Հր. Քոչար խաչմերուկում բացվեց մեր «Real Bakery Armenya» խանութը։

Ութ աշխատող ունենք, որից 5-ն արցախցիներ են։ Ստեփանակերտում առևտրով էինք զբաղվում։ Երևանում փոխել ենք զբաղվածության ուղղությունը»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Ստեփանակերտի մարկետների ցանցերից մեկի սեփականատեր Գայանե Ղարայանը։ Հացաբուլկեղենի խանութի արցախցի սպառողների ամենապահանջված ուտեստն արցախյան ավանդական ժենգյալով հացն է։ Ժենգյալով հացի արտադրությամբ ստեփանակերտցի Գալինա Բադալյանն է զբաղվում։ Պատվերները նաև առցանց են ընդունում՝ «Real Bakery Armenya» ֆեյսբուքյան էջի միջոցով։ «Արցախյան ավանդական ուտեստի պատրաստումը բավականին նրբությունների հետ է կապված։ Ոչ պակաս կարևոր է սիրով պատրաստելը։ Արտադրամասում ամրակուռ ու հոգեհարազատ կոլեկտիվ է աշխատում ու անում ամեն հնարավորը` մեր հաճախորդների սպասելիքներն արդարացնելու համար»,- ասում է տիկին Գալինան։ Արտադրում են ինչպես արցախյան ավանդական, այնպես էլ ժամանակի պահանջներին համահունչ հացաբուլկեղեն։

Սրահում նաև մի քանի սեղաններ են դրված։ «Ցանկության դեպքում հաճախորդները կարող են տեղում համտեսել իրենց նախընտրածը։ Խանութում վաճառվող բոլոր ապրանքները, իհարկե, բացի ըմպելիքներից, սեփական արտադրության են»։ Շուկա մտնելու հետ կապված առանձնակի դժվարությունների չեն հանդիպել։ «Ընդհանրապես կազմակերպչական աշխատանքների ժամանակ պետական մարմինների հետ ոչ մի խնդրի չենք առնչվել։ Միակ խնդիրը շուկայում ճանաչված լինելն է, քանի որ մրցակցությունը մեծ է, ուստի մեզանից կրկնակի աշխատանք է պահանջվում։ Նաև պետք է կարողանաս շահավետ առաջարկով հանդես գալ՝ սպառողներ ներգրավելու, և որ ամենակարևորն է՝ նրանց քո դաշտում պահելու, քանակ ապահովելու համար»,- ասում է զրուցակիցս։ Սկզբնական շրջանում գոհանում էին նրանով, որ կարողանում էին աշխատողների աշխատավարձերը վճարել։

«Ասեմ, որ հարկային դաշտը մեր ոլորտի համար բավականին ազատական է։ Հարկվում ենք ինչպես հայաստանյան ցանկացած հարկատու»։ Արտոնություններ չկան։ Ունեն առաքման ծառայություն նաև։ ««Յանդեքս» տաքսի ծառայության հետ ենք աշխատում։ Աշխատում ենք հասնել նրան, որ մեր պատվիրատուներին կարողանանք մեր արտադրանքն անվճար առաքենք։ Նաև թոնրահացի արտադրությամբ էինք զբաղվում, սակայն եղանակային տաք պայմաններով պայմանավորված մինչև հոկտեմբեր դադարեցրել ենք»։ Երևանում են հաստատվել, արտագաղթի մասին չեն էլ մտածում։ Մտածում են ձեռնարկած աշխատանքում ընդլայնվելու մասին։ «Տարին ավարտելուն հետ վեր կլուծենք մեկ տարվա կատարածն ու հաջողելու դեպքում կմտածենք երկրորդ խանութ-արտադրամաս բացելու մասին»։

 

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter