Փորձում եմ ինձ ուժեղ պահել, խնայել իմ զավակներին․ Հայկիս էլ հետ չեմ բերի․ որդեկորույս մայր |
14.08.2024 21:33 |
Արմինե Գրիգորյանը մասնագիտությամբ հաշվապահ է։ Երկար տարիներ «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության Ասկերանի մասնաճյուղում էր աշխատում։ 2000 է թվականին ամուսնացել։ Ասում է՝ դժվարին տարիներ էին՝ մանավանդ երիտասարդ ընտանիքների համար, սակայն չէին ընկճվում, աշխատում, ստեղծում էին։ «Երբ ամուսինս նորմալ վարձատրվող աշխատանք չունեցավ, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնեց։ Երկու տղաներս դպրոցական էին, իսկ աղջիկս նոր էր ծնվել։ Ես չէի աշխատում, երեխաների և տան հոգսերով էի զբաղվում։ Մի քանի տարի այնտեղ էր։ Տղաներս արդեն մեծացել, իրենց հորը թիկունք էին դարձել։ Կարծես ամեն ինչ հունի մեջ էր մտնում։ Հետևում էին մնացել դժվարությունները։ Այն, որ անհոգ ապրում ու երջանիկ էինք, հասկացանք միայն 2020-ի 44-օրյա պատերազմի հասցրած անդառնալի կորուստներից ու ծանր վերքերից հետո միայն»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է պատերազմում 19-ամյա որդուն կորցրած Արմինե Գրիգորյանը։ Հայկ Գրիգորյանը 2020-ի մայիսին էր ավարտել միջնակարգը։ Մեկ ամիս անց զորակոչվել հայոց բանակում ծառայելու։ Ջրականում էր անցկացնում ծառայությունը։ «Պատերազմը սկսվելուն պես շատ մեծ դժվարությամբ հետը կապվեցինք։ Ասաց՝ ամեն ինչ նորմալ է։ Հետո սկսվեցին դաժան օրերը։ Ոչ միշտ, բաց թեկուզ մեկ րոպեով խոսում էինք։ Վերջին անգամ հոկտեմբերի 18-ին զանգեց, բոլորի հետ խոսեց։ Հետո զանգեց տատիկին և ասաց, որ պապիկին լավ կնայեք։ Դա վերջին զանգն էր։ Պարզվեց, այդ օրը Հայկիս հրամանատարն էր զոհվել, ու ես գիշերը երազիս մեջ հրամանատարին եմ տեսնում ու ասում՝ որդուս լավ կնայեք, որ միասին տուն գաք», - արցունքն աչքերին պատմում է Արմինեն։ Հայկի հետ կապված բոլոր երազանքներն անկատար մնացին։ «Հպարտությամբ ենք նրան բանակ ճանապարհել, քանի որ հայրենիքի պաշտպանության սուրբ գործը նաև ինքն էր իրականացնելու։ Ամեն անգամ Հայկին տեսակցության գնալով ներքուստ ուրախանում էինք՝ տեսնելով ինչպիսի հարգանք ու սեր էր վայելում զորամասում։ Հրամանատարներից միշտ գովեստի խոսքեր էինք լսում՝ արժանի զավակ մեծացնելու համար։ Ցավոք, մեր ոգևորությունը շատ կարճ տևեց։ Անգութ պատերազմը խլեց մեզնից ամենաթանկը՝ մեր տան ուրախությունը, մեր հոգու անդորրը»,- ասում է որդեկորույս մայրը։ Ժամանակից շուտ ճերմակ է իջել տիկին Գրիգորյանի գլխին։ Ցավն ամփոփել է իր մեջ՝ միայնակ չէ, իր նման հազարավոր ծնողներ կան․․․ «Հայկիս Եռաբլուրում ենք հուղարկավորել և այն մեր տունն էր դարձել։ Հրադադարից հետո վերադարձանք Արցախ, սակայն ուշքս ու միտքս Եռաբլուրում էր։ Ամեն ամիս գալիս էինք 3 օրով ու հետ գնում։ Երբ վերջապես հաջողվեց արտաշիրիմում անել, և որդիս իր հանգիստը գտավ ծննդավայր Այգեստանի գերեզմանոցում՝ կարծես թե մի փոքր թեթևացած էի։ Օրվա որ ժամի ուզում էի՝ գնում էի որդուս մոտ․․․։ Սակայն տեղի ունեցավ անսպասելին ու անպատկերացնելին։ Հայրենիք կորցրեցինք, որն ամենասարսափելին է, այնտեղ թողնելով մեր որդիների և հարազատների շիրիմները։ Չէինք գիտակցում՝ ինչ է կատարվում։ Հայրենիքում ամեն ինչ եմ թողել՝ հետս միայն վիշտ ու դառնություն բերել»։ Որդու գերեզմանից մի բուռ հող ու տան բանալիներն են վերցրել։ Հիմա միայն մտքերով է կարողանում հասնել որդու շիրմաքարին։ Աբովյանում են հաստատվել, բնակարան վարձակալել։ Ամուսինն ու որդին աշխատում են, աշխատանքից գոհ են։ «Որդիս՝ Տիգրանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանն է ավարտել, Արցախի ոստիկանությունում էր ծառայում։ Այստեղ չցանկացավ ծառայության անցնել։ Աղջիկս՝ դպրոցական է, լավ է սովորում։ Լուսինեն եղբոր կորստյան ցավից հիվանդացել էր, մեծ դժվարությամբ ենք կարողացել ոտքի կանգնեցրել։ Կարոտում է, բայց չի արտահայտվում։ Ես էլ իրենց մոտ փորձում եմ ինձ ուժեղ պահել, խնայել իմ զավակներին։ Հայկիս էլ հետ չեմ բերի․․․»,- զսպելով արցունքներն ասում է Արմինեն։ Բնակարանի վարձից ու պայմաններից գոհ է։ «Շրջապատված ենք միջամտնող ու մեր դարդ ու ցավին հաղորդակից մարդկանցով։ Ասել, որ չենք հարմարվում՝ դժվար է, կնշանակի ոչինչ չասել։ Ամեն մի փոքր բան մեր տունն է հիշեցնում։ Չնայած տունը կարող է որտեղ ասես լինի, կարևորը հայրենիքն է, այնտեղ թողած սրբությունները։ Հիմա օրվա օրով եմ ապրում՝ ուշքս ու միտքս որդուս, հորս գերեզմաններին»։ Շատ է ցավում, երբ բռնագաղթած հայրենակիցներն արտագաղթում են այլ երկրներ։ «Ես էլ մեկ-մեկ մտածում եմ, եթե Արցախում չենք ի՞նչ տարբերություն որտեղ ենք զրոյից սկսելու։ Բայց գիտակցումը, որ մեր զավակներն այս հողը հայկական պահելու համար են զոհվել՝ պարտավորեցնում է։ Հույսով ապրում ենք, որ մի օր լավ պայմաններ կստեղծվեն այսքան դարդ ու տառապանք տեսած ազգիս համար»։
Անահիտ Պետրոսյան
|