Ամեն ծաղկի հետ կարոտ ու հիշողություններ ենք փնջում. արցախցիները Երևանում ծաղկի խանութ են բացել |
07.08.2024 21:35 |
Խաչիկ Ավագյանի ընտանիքը բռնի տեղահանությունից հետո հաստատվել է Արարատի մարզի Արբաթ գյուղում։ Արցախում ծաղիկների վաճառքով էր զբաղվում, ծաղկի ջերմոցներ ուներ։ Շրջափակման օրերին կարողանում էր աճեցրած ծաղիկներից Ստեփանակերտ հասցնել։ «Ծնվել եմ Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում, որը վերջին տարիներին քաղաքի կարգավիճակ էր ստացել»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Խաչիկը։ Պատանեկան տարիներին երբեմն ընկերների հետ գնում էին հայրենի սարերից ձնծաղիկ հավաքում և հանձնում ծաղկի խանութ ունեցողներին։ «Տան հարակից տարածքում գեղեցիկ ծաղկանոց ունեինք, որտեղ մայրս տարբեր տեսակի ծաղիկներ էր աճեցնում, կարծում եմ՝ սերը ծաղիկների հանդեպ հենց այդտեղից է առաջացել»։ 2019-ին հայրենի Ճարտարում ծաղկի մասնագիտացված սրահ բացեց։ «Ծննդավայրիս սրտում բացված ծաղկի սրահը պահանջված էր։ Ընտանիքի անդամներով սկսեցինք զարգացնել մեր փոքրիկ բիզնեսը։ Այնուհետև իմ մոտ միտք հղացավ ջերմոցներ կառուցել, որպեսզի խանութում վաճառենք մեր աճեցրած ծաղիկները։ Ընկերոջս հետ միասին ջերմոցներ կառուցեցինք ու սկսեցինք տարատեսակ ծաղիկներ աճեցնել»։ Բլոկադայի օրերին, երբ ոչ մի տեղ ծաղիկ չկար, Ճարտարից Ստեփանակերտ ծաղիկներ էին ուղարկում ծաղկավաճառ Ռիմա Պետրոսյանին։ «Երբ իմանում էինք, որ Ստեփանակերտ գնացող մեքենա կա, ծաղիկներ էինք ուղարկում։ Վառելիքի սուղ պաշարների պատճառով սահմանափակ էր ամեն ինչ»,- ասում է զրուցակիցս։ Նախկին զինվորականը 2020 թվականի պատերազմի հասցրած ծանրագույն վնասներին հակադրել է գեղեցիկը ստեղծելու, սեփական հողում ապրելու ու արարելու, պատերազմին ու արյանը սիրով պատասխանելու գաղափարը։ «Երբ արդեն սկսել էինք քաղել մեր տքնաջան աշխատանքի պտուղները, վրա հասավ չարաբաստիկ պատերազմը և բռնի տեղահանումը»։ Արցախից հետները հիշողություններից բացի ուրիշ բան չեն բերել։ «Թողել ենք տուն, տեղ, հայրենիք, սրբություններ, մեր հիմնած փոքրիկ բիզնեսը»... Հայաստանում հաստատվելուց հետո բազմաթիվ խնդիրների ու դժվարությունների են հանդիպում, սակայն չեն ընկճվում։ «Բավականին ժամանակ է, ինչ ստեփանակերտցի Ռիմա Պետրոսյանի հետ ծաղկի սրահ ենք բացել՝ Երևան քաղաքի Արտաշեսյան 41 հասցեում։ Միահամուռ ուժերով փոքր ու հաստատուն քայլերով առաջ ենք տանում մեր փոքրիկ բիզնեսը»։ Սրահի անվան ընտրության հարցում երկար չեն մտածել։ «ՃԱՐՏԱՐ. ԵԿ ՓՈՒՆՋԴ ՏԱՐ» լիովին արտահայտում է այն ամենն, ինչ ամեն պահի իրենց մտքում ու սրտում է։ «Մեկս մյուսին նայելով՝ փորձում ենք հաղթահարել մեր առջև ծառացած դժվարությունները, հաճախ նաև որպես օրինակ ծառայում, որ չպետք է կոտրվել, ընկրկել դժվարությունների առաջ։ Ջանում ենք չվհատվել և նորից արարել, ստեղծել։ Փորձում ենք սփոփանք գտնել` սիրած աշխատանքում առաջընթաց գրանցելով։ Ունենք նաև առաքում»,- ասում է զրուցակիցս։ «ՃԱՐՏԱՐ. ԵԿ ՓՈՒՆՋԴ ՏԱՐ»-ից ծաղիկներ գնելու նպատակով Երևանի տարբեր թաղամասերից ու մոտակա բնակավայրերից բազմաթիվ արցախցիներ հասնում են ծաղկի սրահ։ «Մենք էլ ջանում ենք նրանց սրտով լինեն ծաղկեփնջերը` ամեն ծաղկի հետ փնջելով սեր, կարոտ, սփոփանք, հիշողություններ»։ Հույս են փայփայում՝ մի օր կբացվի հայրենիք հետվերադարձի ճանապարհը, ու ծննդավայր Ճարտարում կրկին կվերաբացվի համանուն խանութը։
Անահիտ Պետրոսյան |