Մեղրաքամ՝ համատեղելով պապերից եկած ավանդույթներն ու ժամանակակից տեխնոլոգիաները
06.08.2024 21:37

Ամեն տարածաշրջան մեղրաքամի իր ժամանակն ունի։ Համատեղելով մեղրաքամի արարողության՝ դեռ պապերից եկած ավանդույթներն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ «Հաթերք ֆուդ»-ում ստանում են լեռնային մեղրի բերքը։

«Այս տարվա առաջին բերքը ակացիայի ու շագանակի մեղրի մեղրաքամը եղավ։ Այս պահին ընկերության արտադրամասում լեռնային մեղրը քամելու գործընթացն է»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է ընկերության մարքեթինգի մասնագետ Մարիամ Միրզախանյանը։

Ընկերությունը հիմնադրման օրվանից ամեն տարի ընդլայնում է տնտեսության աշխարհագրությունը։ Սկսել են հարազատ՝ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից, գործունեության իրականացրել Քարվաճառում, իսկ 2021 թվականից Տավուշի, 2022-ից Լոռու և Շիրակի, 2023-Կոտայքի մարզերում։ Այս տարի սկսել են գործել նաեւ Գեղարքունիքի մարզում։

Օգոստոս-սեպտեմբերին նաև այս մարզի մեղրը կունենան։

«Մեր նպատակն է Հայաստանի էկոլոգիապես մաքուր տարածքներից ստանալ յուրօրինակ օրգանական մեղր, վերամշակել դրանք ժամանակակից սարքավորումներով ու գերազանց սանիտարահիգիենիկ պայմաններով, համապատասխան միջազգային չափորոշիչներին ու ստանդարտներին, որոնք մրցունակ կլինեն աշխարհում արտադրվող առաջատար մեղրերի հետ»,- ասում է ընկերության հիմնադիր, մասնագիտությամբ բժիշկ Սամվել Միրզախանյանը։

Ընկերության արտադրած մեղրի տեսականին յուրահատուկ բուժիչ հատկություններ ունի։

«Ունենք ինչպես ամենօրյա օգտագործման, այնպես էլ սրտանոթային, իմունիտետի, պտղաբերության, տեսողության, մարսողության և այլ օրգան համակարգերի առողջության վերականգնմանը նպաստող մեղրեր։ Մեր նպատակն է նպաստել մարդկանց առողջության բարելավմանն ու ինքնազգացողության լավացմանը»,- ասում է Ս. Միրզախանյանը։

«Մշտապես կատարելագործում և բարելավում ենք մեր գիտելիքներն այդ ոլորտում, միշտ բաց ենք և մեր փորձով սիրով կիսվում ենք մեր կոլեգաների հետ։ Մենք աշխարհում առաջատար գիտահետազոտական տարբեր կենտրոնների հետ ենք աշխատում և այդ փորձը փոխանցում Հայաստանի մեղվաբույծներին։ Նաև օնլայն ձևաչափով դասընթացներ ենք կազմակերպում։ Հայաստանի ամեն մի երրորդ մեղվաբույծը տեղյակ է մեր տեխնոլոգիաներից։ Մեր մասնագետները պատրաստակամ են ցանկացած հարցում օգնելու, օժանդակելու մեղվաբույծներին, որպեսզի ստանան բարձրորակ մեղր»,- ասում է զրուցակիցս։

Մեղվաբուծության հետ կապված Հայաստանում տարբեր խնդիրներ կան։

«Մանավանդ վերջին տարիներին աշխարհում մեծ ուշադրություն է դարձվում հակաբիոտիկներին և քիմիական դեղորայքներին, որոնք ավանդական մեղվաբուծության մեջ բավականին շատ էին օգտագործվում։ Մեր խնդիրն է մարդկանց առողջությանը վնասող հակաբիոտիկներից անցում կատարեն օրգանական մեղվաբուծության։ Մենք հետևողական ենք, որպեսզի Հայաստանում բոլորը կարողանան ստանալ լավ մեղր, քանի որ բնությունը մեզ տվել է այն յուրահատուկ պայմանները, և մեզ մնում է միայն չխանգարել այլև օգնել մեղուներին, պահպանել նրանց ցեղատեսակը, պոպուլյացիան, բազմացնել։ Մեղվաբուծության ոլորտի զարգացումը կարևոր է մեր կենսոլորտի կայունության համար։ Մենք նաև նպաստում ենք կայուն էկոհամակարգերի ձևավորմանն ու զարգացմանը։ Հայաստանում դրվում են ամուր հիմքեր, որը հետագայում կտան պտուղներ, և մեր մեղրը կլինի լավագույնն աշխարհում,- ասում է Ս. Միրզախանյանը։

Սեզոնային աշխատանքների ժամանակ ընկերության աշխատանքներում մինչև 25 մարդ է ներգրավվում։

Ամիսներ առաջ «Հաթերք ֆուդ»-ը թողարկեց նորագույն մեղրերի շարքը, բաղկացած 12 համերից, որոնք պատրաստվում են կրեմ մեղրի հիմքով, որին ավելացվում են սուբլիմացված մրգեր, հատապտուղներ ու դեղաբույսեր՝ արդյունքում ստանալով նոր համեր։ Սուֆլե մեղրերը պատրաստվում են լիմոն - կոճապղպեղի, վարդի, չիչխանի, ուրցի, ելակի, նարինջի, մոխիտոյի, խնկածաղկի, ուրցադաղձի, կարկադեի, լավանդայի, ու վայրի հատապտուղների խառնուրդով։ Նաև արտադրվում է օրգանական մայրակաթ, ակնամոմ, ծաղկափոշի։

 

Անահիտ Պետրոսյան

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter