Հայաստանում հաստատվելուց հետո Նանարը կրկին անցել է «NEV-Artsakh» ձեռագործ աշխատանքներին
09.09.2024 21:40

d1657fd0-b962-4101-876a-c99c12cf40f3Նանար Խաչատրյանը Շուշիի մանկապատանեկան ստեղծագործական կենտոնի «Կոլաժ» խմբակի խմբակավարն էր։ Շուշիի բռնազավթումից հետո կենտրոնը վերաբացվեց Ստեփանակերտում, որտեղ Նանարը շարունակեց դասավանդել, սաներին նոր հմտություններ սովորեցնել։

Այժմ երրորդ փորձն է անում՝ ստեղծագործական հմտութուններն առաջ մղելու, դրանք բիզնես գաղափարների վերածելու, ընտանիքի համար եկամտի աղբյուր ստեղծելու համար։

«Ծնվել եմ Ստեփանակերտում, 2008-ին ընտանիքով տեղափոխվել ենք Շուշի։ Ավարտել եմ Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմություն բաժինը։ 18 տարեկան էի, երբ պատրաստեցի առաջին ձեռագործ աշխատանքը։ Դա Արցախ աշխարհը բնութագրող ուլունքագործ «Նուռ»-ն էր, որն ինձ համար էի պատրաստել։ Հարազատներիս ու ընկերներիս հորդորով սոցիալական ցանցում էջ բացեցի ու ցուցադրեցի իմ աշխատանքը։ Այդպես սկսեցի պատվերներ ունենալ, ու աստիճանաբար ընդլայնել ուլունքներով տարատեսակ զարդեր պատրաստելու աշխատանքս»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է «NEV-Artsakh» ձեռագործ աշխատանքների հիմնադիրը։

2020-ին Ստեփանակերտում են հաստատվել։ Շուշիի սեփական տնից միայն բանալին է իրենց մնացել։ «Շուշից դուրս ենք եկել հողաթափերով, չենք հասցրել որևէ իր վերցնել։ Չէինք էլ մտածում, որ հետ չենք վերադառնելու։ Դուռը փակել ենք, բանալին վերցնել։ Միակ հուշն է այն այժմ, որ մնացել է մեր տնից»,- նշում է Նանարը։

2020թ-ի պատերազմից հետո «NEV - Artsakh» սոցիալական էջը ջնջեց Նանարը, էլ սիրտ չուներ աշխատելու, այլևս նոր գաղափարներ ու ստեղծագործելու միտք չէր ունենում։

«2022 թվականին որոշեցի նորից սոցիալական էջ բացել։ Այս անգամ արդեն պատրաստել ուլունքագործ նախշազարդերով պայուսակներ՝ արցախյան թեմատիկայով, որպեսզի հենց հայկականը կրեն իմ հայրենակիցները։ Համատեղությամբ որպես մենեջեր աշխատանքի անցա Ստեփանակերտի խանութներից մեկում։ Շատ չանցած, սակայն, կրկին վերապրեցինք պատերազմ ու տեղահանություն։ 4 ամսական էր բալիկս, երբ հարկադրաբար տեղահանվեցինք Արցախից, այժմ բնակվում ենք Վանաձոր քաղաքում»,- պատմում է զրուցակիցս։

Բազմաթիվ արցախցիների հավաստմամբ՝ Վանաձորը շատ նման է Ստեփանակերտին, ուստի պատահական չէ, որ ընտրությունը հենց այդ քաղաքի վրա կանգ առավ։ «Մեծ դժվարությամբ Վանաձորում տուն գտանք, բայց հանդիպել ենք շատ լավ մարդկանց, հոգեհարազատ դարձած հարևանների, որոնց շնորհիվ շուտով հարմարվեցինք։ Ամենադժվարն աշխատանք գտնելն էր, ինչի համար իմ հարազատներն ապրելով Վանաձորում ստիպված են աշխատելու համար հասնել Երևան»։

Հայաստանում հաստատվելուց հետո Նանարը երրորդ փորձն արեց «NEV -Artsakh»-ն ապրեցնելու համար։ Մայր ու աղջիկ միասին են աշխատում, լրացնում միմյանց։ «Մայրիկս պայուսակներն է կարում, ես նախշազարդում եմ։ Ընտանիքիս մնացած անդամներն իմ գնահատողներն են, հաճախ նաև խորհրդատուները։ Մինչ օրս պատվերով եմ աշխատել։ Այժմ բալիկիս խնամքը համատեղում եմ բիզնես մտքերս առաջ մղելու հետ»։ Ինչպես նշում է Նանարը՝ ամենապահանջված պատվերը եղել և մնում է «Պապ ու Տատ» բրոշը։

Ներկայում Նանար Խաչատրյանը տեսականին ընդլայնելու վրա է աշխատում։ Նպատակ ունի առաջիկայում կազմակերպվելիք ցուցահանդես վաճառքների մասնակցել։ «Հենց հիմա աշխատում եմ 6 նոր մոդելի վրա, որը մի ամսվա ընթացքում կցուցադրեմ սոցցանցերում։ Հնարավորության դեպքում նաև ցուցահանդեսների կմասնակցեմ։ Ու քանի որ բոլորիս սրտում միայն կարոտ ու հուշեր են Արցախի մասին, տեսականիները Արցախյան շնչով են լինելու»։

 

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter