«Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը 6 տարեկան է
05.10.2024 21:45

Օրերս «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը նշեց գործունեության 6-ամյակը։ Ակումբը ստեղծման օրվանից հաստատուն քայլերով առաջ է շարժվում, շարքերը անընդհատ համալրվում են նոր անդամներով։ Ստեղծվել է հզոր համայնք՝ բաղկացած գործունյա, բանիմաց և գիտակից մայրիկներից։

Տաթևիկ Խաչատրյանը ՀԿ համահիմնադիրներից է։ Նրա հետ էլ խոսեցինք

ակումբի գործունեության, առաջընթացի, նոր իրողություններում ՀԿ-ի առջև ծառացած դժվարությունների մասին։

««Արցախի մայրիկների աջակցման կենտրոն»-ը ձևավորվել է «Արցախի մայրիկների ակումբ» ֆեյսբուքյան խմբի արդյունքում` նպատակ ունենալով համախմբելու Արցախի մայրիկներին, լինելու մեծ ու կարևոր համայնք, որն իրենից ուժ կներկայացներ։ ՀԿ համահիմնադիրներ Լիլիթ Պետրոսյանի և Մարիամ Աբրահամյանի հետ բազում խոչընդոտներ ենք հաղթահարել՝ այսօրվան հասնելու համար։ Կենտրոնը բոլորիս զավակն է, որին փայփայում ենք անկախ մեր ամենօրյա զբաղվածությունից։ Մեր ցանկությունն էր լինել կիրթ մայրիկ և կիսվել հղիության, ծննդաբերության, երեխայի խնամքի և դրական ծնողավարության մեր փորձառությամբ մեզ պես մայրիկների հետ։ Տարիների հեռվից դիտելով` կարող եմ ասել, որ մենք գերազանցել ենք բոլոր սպասելիքներն ու նպատակները, որոնք դրել էինք մեր առջև։ Այսօրվա արցախցի նորաթուխ մայրիկն ու 6 տարի առաջ մայրացածը բավական տարբերվում են իրարից գիտելիքների պաշարով, ու այս ամենի մեջ մեծ է ակումբի դերակատարությունը։ Այս տարիների ընթացքում կարողացել ենք հասել մի մակարդակի, որտեղ ակումբի դերը հազարավոր մայրիկների կյանքում անփոխարինելի է։ Ակումբի վեցամյակը առիթ էր նաև մեր շնորհակալությունը հայտնելու բոլոր այն մարդկանց, բժիշկներին, ովքեր բոլորիս համար ճակատագրական օրերին մինչև վերջին րոպեն կանգնած մնացին արցախցու կողքին ու շարունակում են սատարել մեզ»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Տաթևիկ Խաչատրյանը։

Վստահությունը հենց այնպես չի ծնվում, այն տքնաջան աշխատանքի, խնդրո առակա հարցերի համակողմանի ուսումնասիրման, տվյալ բնագավառի մասնագետների հետ համագործացկության եզրեր գտնելու, խորհրդատվություն ստանալու, հիմնախնդիրները համատեղ քննարկելու արդյունք է` վստահ է Տաթևիկը։ Իսկ ակումբը տարիներ ի վեր բավական ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի հասարակական կյանքին` ի շահ մայրական համայնքի։ ՀԿ-ի գործունեությունն առավել ցայտուն ու արդիական էր դարձել շրջափակման դժվարին օրերին։

«Մեր հաջողության թիվ մեկ գրավականը մեր շուրջը տարբեր ուղղվածությամբ բժիշկների ու մայրությանն աջակցող մասնագետների հավաքելն էր։ Մասնագետները տարիներ ի վեր անվճար հիմունքներով օգնում են մայրիկներին բժշկական խորհրդատվությամբ։ Ուշագրավ է, որ խորհրդատու բժիշկների մեծ մասը Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցներն են»,- ասում է զրուցակիցս։

Հատկապես հայրենիքի համար ճակատագրական պահերին «Արցախի մայրիկների աջակցման կենտրոնը» ճգնաժամերի պայմաններում գործել է առավել ակտիվ ու թիրախային։

«Քառասունչորսօրյա պատերազմը շատ բան է խլել մեզնից, բայց քանի որ մենք` ՀԿ համահիմնադիրներս, շատ կանանց համար ենք օրինակ եղել, ուստի թուլանալու իրավունք չունեինք»,- ասում է երիտասարդ մայրիկը։

Հայրենզրկումից հետո աղջկիները խիզախեցին Հայաստանում հասարակական կազմակերպությունը վերագրանցելուց զատ ձեռնամուխ լինել ստեղծելու հուսալի հարթակ, որը կհամախմբեր արցախցի ստեղծարար կանանց։

«Արցախում նպատակադրված փառատոնը բռնատեղահանությունից հետո իրականություն դարձավ Երևանում`«Վըսկէ ծերքեր» խորագրով, որը թույլ տվեց արցախցի արտադրող կանանց ճանաչելի դառնալ Հայաստանյան շուկայում»,- նշում է Տաթևիկը։

Հայաստանում «Վըսկէ ծերքեր»-ի երկու տոնավաճառ-ցուցահանդես է կազմակեպվել հասարակական կազմակերպության կողմից, որոնց ժամանակ արցախցի կանայք ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները տեղացի սպառողներին։

Խոսելով կազմակերպության հետագա անելիքների մասին Տ. Խաչատրյանը նշեց, որ հույս ունեն ավանդույթ դարձնել ամեն տարի ակումբի հերթական տարեդարձի առիթով հավաքվել և ի մի բերել մեկ տարվա կատարած աշխատանքներն ու նախանշել հետագա անելիքները։

««Արցախի մայրիկների աջակցման կենտրոնը» մեզ համար շատ թանկ է։ Այն բոլորիս օնլայն Արցախն է, որտեղ արցախցի ամեն մի կին ու մայրիկ հոգեհարազատ միջավայրում հնարավորություն ունի իր մտահոգություններով կիսվելու, առկա խնդիրների մասին բարձրաձայնելու՝ խորհրդատվություն և լուծում ստանալու ակնկալիքով։ Այսպես՝ մեկս մյուսին օգնելով փորձում ենք առաջ շարժվել»,- ասում է Տաթևիկ Խաչատրյանը։

 

 

Անահիտ Պետրոսյան

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter