ՄԵԼԻՔԱՆԻՍՏ ԱՎԵՏԱՐԱՆՈՑԻ ՀՐԱՇԱԳԵՂ ԴՈՒՍՏՐԸ |
02.07.2012 14:58 |
Ալեհեր Քիրսի ստորոտում տիրաբար փռված Ավետարանոցում մի համեստ ընտանիք էր ապրում։ Նրանց հարստությունը տան 9 երեխաներն էին՝ 5 աղջիկ եւ 4 տղա։ Տան փոքրիկն աղջիկ էր, հրաշագեղ աղջիկ։ Բնությունն առատաձեռն էր գտնվել. աղջկա գեղեցկատես լինելու գործում ոչինչ չէր խնայել։ Ինչ իմանային, որ նա հետագայում բարության կերպար կդառնար մի ողջ գյուղի եւ նրան ճանաչողների համար։ Անհոգ, պարզ ու անպաճույճ մանկությամբ, հուզախառն ու երազկոտ պատանեկությամբ ապրեց աղջիկն աշխատավոր հոր եւ մոր ընտանիքում։ Ավարտեց գյուղի միջնակարգ դպրոցը՝ աշակերտելով ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ երջանկահիշատակ Իվան Աթայանին, նրանից վերցնելով ամեն լավը, ամենաշատը՝ բարությունն ու զգացմունքառատությունը, այսինքն այն, ինչ անհրաժեշտ է մարդ կոչվելու արվեստը սերտելու համար։ Համալսարաններ չավարտեց Անյա Մաիլյանը, բարձրագույն կրթություն չստացավ, բայց ուներ ՄԱՐԴ կոչվելու բոլոր արժանիքները։ Նրա հոգեբանական աշխարհի հունդերը ծլարձակեցին լավ մարդկանց հովանավորությամբ։ Ավարտելով Ստեփանակերտի հաշվապահական դպրոցը, երազկոտ աղջիկը 1971 թվականին աշխատանքի անցավ Ավետարանոցի գյուղական խորհրդում որպես քարտուղար։ Գեղեցկությամբ ու բնավորության մարդկային վսեմ արժանիքներով շռայլորեն օժտված թրվռուն աղջիկը հրապուրեց բոլորին։ Շրջանում նրան բոլորը ճանաչում էին որպես բարեհամբույր կնոջ, սրտացավ ու գորովագութ մոր, որի հոգին գարնանային անձրեւի նման միայն իր երկու զավակները՝ Վրեժն ու Նատաշան, թոռները՝ Անին, Անիտան, Արմենը եւ հարսը՝ Սիլվան էին թարմացնում։ Սիրում էր իր տունը շենացած տեսնել։ Չափազանց նպատակային անձնավորություն էր։ Տան հոգսերի մեծ բաժինն իր ուսերին էր վերցնում։ Աշխատանքում իր գործի գիտակը լինելով՝ տիկին Անյան առանց կարեկցանքի, առանց մարդկանց օգնելու կյանքը չէր պատկերացնում։ Աշխատանքը կատարում էր ինքնանվիրումով։ Արտակարգ բարի էր։ Նրա բարեհոգությունը գերազանցում էր բոլոր սպասելիքները, նրա ուշադրությունից ոչինչ չէր վրիպում, ուշադրության կենտրոնում էր պահում գյուղի բոլոր մարդկանց մեծից մինչեւ փոքրը՝ օգնում էր, հուսադրում, կարեկցում, զրուցում ժամերով։ Հարազատ դարձած մարդիկ նրա կյանքի իմաստն էին։ Ի՜նչ իմանար տիկին Անյան, որ կյանքը որքան առատաձեռն էր իր նկատմամբ, այնքան էլ ժլատություն ցուցաբերեց ու դեռ թոշակի չանցած, ընդամենը 61 գարուն չբոլորած, թողեց աշխարհն ու հեռացավ։ Ամուսինդ շվարել էր պատահած հանկարծահաս դեպքից։ Տեսնել էր պետք, թե օտար, բայց քեզ հարազատ դարձած մարդիկ ինչպես էին սգում քո մահը, հարազատ մոր ու քրոջ նման։ Թոշակառուները, որոնք հաճախ էին քեզ դիմում ցանկացած հարցում ու դու անտրտունջ կատարում էիր նրանց բոլոր ցանկությունները, հեկեկում էին։ Երիտասարդները, որոնց դու կյանքի ուղի էիր ցույց տալիս, ափսոսանքի արցունքներ էին թափում։ Լավատես էիր ցանկացած հարցում, արիասիրտ, հյուրասեր, ընկերասեր, բոլորի հետ ՙլեզու՚ էիր գտնում։ Միշտ մոդայիկ եւ համեստ էիր հագնվում... Ողջ գյուղը, որն առանց այն էլ վերջին ամիսների ընթացքում ջահելներ կորցրեց, նորից ալեկոծվեց՝ լսելով քո մահվան գույժը։ Կյանքը քեզ համար դեռ չէր կորցրել իմաստը, դեռ ապրելու, անզուսպ ոգով ժողովրդին անմնացորդ ծառայելու տենչ ունեիր։ Ասում են կա ապրելու երկու կենսակերպ. ապրել այրումով եւ ապրել քարշ գալով։ Դու այրումով ապրեցիր քո գիտակցական կյանքը, քո գերող լավատեսությամբ կնքեցիր մահկանացուդ։ Ու այսօր քո հավերժ լռությունը պարտավորեցնում է ժողովրդին հարգել քո հիշատակը, քանզի՝ §Ոչինչ է մահը, նրա դեմ բռնակալն է դողում, սակայն չի մեռնում սիրահարը կյանքի¦։ Ավետարանոցի Ի. Աթայանի անվան միջն. դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Ալվինա Հայրապետյան |