ԹՈՂ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՎԵՏ ՓԱՅԼՓԼԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐԸ
02.07.2012 15:29

  Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային տոն օրն է, այն գեղեցիկ տոներից, երբ ակամայից ուզում ես երջանկություն եւ բերկրանք պարգեւել ողջ աշխարհի մանուկներին, նրանց տեսնել ժպտերես ու ուրախությունից փայլփլող աչիկներով: Եվ յուրաքանչյուրի մոտ միայն մի միտք է առաջանում` ընկղմվել մանուկների հեքիաթային աշխարհը, զգալ

նրա անարատությունն ու պարզությունը:

 

Հունիսի 1-ին Խնապատում իսկական տոն էր: Երեխաներին շնորհավորելու էին եկել §Ֆրանսիայի բողոքական եկեղեցու ու Հայաստանի միջեւ համերաշխություն¦ բարեգործական կազմակերպության ղարաբաղյան գրասենյակի պատասխանատու Գեղամ Թեւանյանը եւ արցախցի կամավորներ: Խնապատցիները մեծ ուրախությամբ դիմավորեցին իրենց քաջածանոթ բարեգործներին, իսկ մանկապարտեզի սաների ու դպրոցականների ուրախությանը չափ չկար: Նրանք նախապես զգում էին, որ իրենց սպասվում է անակնկալներով եւ ուրախություններով լի օր: Գեղամ Թեւանյանը ողջունելով ներկաներին շնորհավորեց մանուկներին այս գեղեցիկ տոնի առթիվ.

 

-Սիրելի՛ երեխաներ: Մենք այստեղ ենք, որպեսզի ձեզ պարգեւենք ուրախության եւ հրճվանքի պահեր: Միայն այն, որ ձեր դեմքերին տեսնում ենք այդքան գոհունակություն եւ գնահատանք, ինքնին երջանկացնում է մեզ: Շնորհավորելով բոլորիդ այս տոնի առթիվ` ցանկանում են ձեզ միշտ տեսնել առողջ եւ երջանիկ: Թող երբեւէ ժպիտը չպակասի ձեր պայծառ դեմքերից:

Իրոք, կազմակերպվեց գեղեցիկ մանկական միջոցառում: Անցկացվեցին հետաքրքիր խաղեր, հանելուկների, արտասանության, երգի, նկարչության եւ ապլիկացիայի մրցույթներ: Ոգեւորված երեխաներն ակտիվությամբ էին մասնակցում մրցույթներին: Նրանց երգերն ու արտասանությունները նվիրված էին մայր Հայաստանին, Արցախ աշխարհին, իսկ նկարներում պատկերել էին Սիսն ու Մասիսը, Արցախյան եռատոնը, դպրոցական վերջին զանգը, հարազատ գյուղի բնությունը: Երեխաների երեւակայությունները մեծ էին, եւ, ամենագլխավորը՝ նկարները` խորիմաստ: Հանձնաժողովի անդամները զարմացած, նաեւ հիացած էին փոքրիկների մտահղացումներով: Լավագույն աշխատանքները գնահատվեցին եւ հաղթողներն արժանացան նվերների:  Խրախուսված երեխաները պարում էին ու վայելում տոնական օրը:

Վերջում համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանն իր գոհունակությունը հայտնելով օրվա միջոցառման կազմակերպիչներին նշեց.

-Մեզ համար անչափ ուրախալի է, որ §Ֆրանսիայի բողոքական եկեղեցու եւ Հայաստանի միջեւ համերաշխություն¦ կազմակերպությունը նման ուշադրություն է ցուցաբերում մեր գյուղի հանդեպ: Այն սկսվել է 2008 թվականից եւ շարունակական բնույթ է կրում: Այն ցնծությունը, որ այսօր զգացին մեր երեխաները, մեզ ուրախացնում եւ պարտավորեցնում է: Համայնքի բոլոր բնակիչների անունից կարող եմ ասել, որ վերոնշյալ կազմակերպության բարեգործությունները գնահատվում են մշտապես: Խնապատցիները երախտապարտ ժողովուրդ են եւ ամեն օր օրհնում են այդ կազմակերպության համար, քանզի նրանց կատարածը հնարավոր չէ մոռանալ: Միայն այն, որ յուրաքանչյուրի բակում կա խմելու ջուր, պարտական ենք մեր բարեգործներին: Խնապատցի 26 ընտանիքների տրամադրվել են խոշոր եւ մանր եղջյուրավոր անասուններ, կազմվել են համապատասխան պայմանագրեր: 9 ընտանիք ունի ֆրանսիաբնակ հովանավոր, որոնք տարեկան երկու անգամ դրամական օգնություն են ցուցաբերում: Շնորհակալություն Գեղամ Թեւանյանին եւ հայրենասեր այս աղջիկներին՝ հերթական անգամ մեր գյուղ այցելելու եւ խնապատցի փոքրիկներին ուրախացնելու համար:

Ինչ խոսք, բարեգործությունը միշտ էլ արժանի է գնահատանքի եւ մեծարանքի: Իսկ, որ Խնապատի համայնքի բնակչությունը երախտապարտ է իր բարերարներին, դրա մասին խոսելն ավելորդ է:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter