ՊԱՏԱՐԱ. ՄԻՇՏ ՀԶՈՐ ԵՎ ԱՆԵՐԵՐ |
02.07.2012 15:40 |
թե որն է գեղեցիկը, ցանկանալ, ինչ որ լավն է՝ ահա բնական կյանքի նպատակը։ Ա. Պլատեն Ամառային այս գեղեցիկ օրը որոշեցինք այցելել հազարամյա պատմություն ունեցող Պատարա գյուղը: Գյուղը շրջապատված լինելով անտառապատ բլուրներով եւ գտնվելով համանուն գետի կողքին` տարվա այս եղանակին, երբ բնությունը զարթոնքի մեջ է, մի յուրահատուկ գեղեցկություն է ստացել: Շրջակա անտառները վեհություն ու զգոնություն էին ներշնչում: Ամենակարող նկարչի զորեղ վրձինն անգամ ի զորու չէր լինի կտավին տալու բնության այս կատարյալ հրաշագործությունը: Հանելուկային այս անսքող գեղեցկությունը գլխապտույտ էր առաջացնում: Բյուրամյա ծառերն, ասես, նիրհի մեջ լինեին, սակայն, հանկարծ իրար ազդանշան տալով` տարերքի մեջ են մտնում եւ նրանց կախարդական սոսափյունից մարմինդ փշաքաղվում է: Մտածում ես. գաղտնիքներով լի այս կուսական անտառների, այս հրաշագեղ բնության մեջ մարդն ինչու չպետք է իրեն ինքնավստահ ու երջանիկ զգա: Ինչու չպետք է մտածի միայն այս գեղեցկությունը վայելելու, այդտեղ ապրելու, արարելու մասին: Զարմանալի չէ, որ Պատարայի բնակիչները հենց այդպես էլ մտածում են: Պատմական այս գյուղը հայտնի է իր §Օխտը եղցի¦-ով, §Օծկա վանք¦-ով, §Ամենափրկիչ¦ եկեղեցիով, §Շինատեղ¦-ով, §Ոõզան տեղեր¦-ով եւ պատմամշակութային այլ խոշոր արժեքներով: Համայնքում այսօր կա 220 տնտեսություն՝ 860 բնակիչներով: 70 երեխա նախադպրոցական տարիքի է: Անցած տարվա ընթացքում արձանագրվել է 16 ծնունդ, ընթացիկ տարում` առայժմ 6 ծնունդ: Գյուղում ուրախությամբ նշում են, որ հարսանիքներն ու կնունքները հաճախակի են լինում: Այս գյուղը հայտնի է նաեւ նրանով, որ ժողովուրդը չափազանց աշխատասեր է: Զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, փայտագործությամբ, բանջարանաբոստանային կուլտուրաների աճեցմամբ: Հպարտությամբ են նշում, որ իրենց արտադրանքը հանում են Ստեփանակերտի շուկա: Ինչը կհասնի իրենց աճեցրած լոբուն ու կարտոֆիլին, անտառի հոնին ու զկեռին: Պատարացիները, ճիշտ է, նեղվում են, որ աշխատատեղերի պակաս է զգացվում, սակայն չեն ընդունում պարապ նստելը: Նրանք կարողանում են քաղել իրենց քրտնաջան աշխատանքի պտուղները եւ ոչնչից չեն դժգոհում: Գյուղն ունի նորակառույց բուժկետի շենք, ուր աշխատում են պատրաստակամ մասնագետներ: Դպրոցի շենքը, որտեղ սովորում է 120 աշակերտ, վատթարային վիճակում է, վերանորոգման խիստ կարիք է զգացվում, սակայն դա չի խանգարում, որպեսզի ուսումը ընթանա պատշաճ մակարդակով: Ցավալի է, որ այս աշխույժ գյուղում չկա ակումբի շենք: Այն հիմնահատակ քանդված է եւ առաջիկայում սպասվում է նոր շենքի կառուցումը: Գյուղը լրիվությամբ ապահովված է խմելու ջրով, սակայն ջրի ներքին ցանցը գտնվում է ոչ բավարար վիճակում: Այն նունպես վերանորոգման կարիք ունի: Իհարկե, ինչպես արցախյան շատ գյուղերում, այստեղ էլ խնդիրներ կան, սակայն պատարացիները լավատեսորեն են տրամադրված եւ գիտակցում են, որ միայն համախմբված կարող են հաղթահարել ցանկացած խնդիր: Իսկ, որ Պատարան միասնական գյուղ է, գիտեն շատ շատերը: Այդ է վկայում, որ հետպատերազմյան տարիներից ի վեր, երբ գյուղը կանգնած էր դժվարությունների առջեւ, գյուղացիներն իրենց վստահությունը տվեցին եւ սկզբից գյուղսովետի նախագահ, ապա` համայնքի ղեկավար ընտրեցին Կարեն Արզումանյանին: Գուցե պատճառն այն է, որ Արցախյան պատերազմի ժամանակ նա կարողանում էր իր հետեւից տանել հայ քաջորդիներին, ղեկավարել մի ողջ գումարտակ, որի մեջ ընդգրկված էին Պատարայի, Խանցքի, Սարդարաշենի, Ռեւի, Խնձրիստանի, Խաչենի, Խրամորթի տղաները: Պատահական չէ, որ այսօր էլ նրան դիմում են §հրամանատար¦ մականունով: Տարիներ շարունակ Կ.Արզումանյանն ապրում է գյուղի հոգսերով, քաջածանոթ է յուրաքանչյուր ընտանիքի խնդիրներին: Արցախյան շատ գյուղերի նման, Պատարան նույնպես մի բազմանդամ ընտանիքի է նմանվում, ուր բոլորը ցանկանում են օգնել միմյանց, կիսում են թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերը: Համայնքի ղեկավարին դիմեցինք մի շարք հարցերով. -Պարոն Արզումանյան, Ձեզ գիտենք որպես հայրենասեր եւ հարազատ գյուղին նվիրված մարդ: Միայն այն, որ վեց զավակների հայր եք, ինքնին խոսում է Ձեր ազգասիրության մասին: Տեսնում եք, արդյոք, Պատարայի հետագա զարգացումը: -Իրոք, ամեն մարդ պետք է սիրի իր հարազատ գյուղը, նվիրվի անմնացորդ ու ինչ-որ չափով իր լուման ներդնի գյուղի զարգացման համար: Երբեւէ չեմ պատկերացնում այլ տեղ ապրել, չնայած ունեի հնարավորություններ: Գուցե դա գալիս է իմ ստացած դաստիարակությունից: Մեծանալով մանկավարժների ընտանիքում` սովորել եմ սիրել Հայրենիքս, հարազատ գյուղս ու նրա չքնաղ բնությունը: Նույն ոգով էլ դաստիարակում եմ 6 զավակներիս: Եվ պատահական չէ, որ որդիներիցս մեկը՝ Ժիրայրը, հայրենասիրական բանաստեղծություններ է գրում։ Կողմնակից եմ, որպեսզի հայկական ընտանիքներում շատ երեխաներ ծնվեն, նրանք են մեր ազգի ապագան եւ նրանց համար ենք մենք պայքարել ու ձեռք բերել վաղուց սպասված անկախությունը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր գյուղում կյանքը նորմալ հունով է ընթանում: Կազմավորված նոր ընտանիքների թիվն օրեցօր ավելանում է եւ գյուղից արտահոսք չի նկատվում: Հենց դրա մեջ եմ տեսնում Պատարայի զարգացումը: Շուտով կկառուցվի ակումբի նոր շենք եւ երիտասարդների համար կստեղծվեն նորմալ պայմաններ ազատ ժամանցը հաճելի անցկացնելու համար: Մեր գյուղացիները ստեղծող ժողովուրդ են, ինչպես նաեւ` համակերպվող: Մենք գյուղի ապագային ու նրա զարգացմանը միայն լավատեսորեն ենք նայում: - Շփվելով գյուղի բնակիչների հետ` տեսնում ենք, որ նրանք աշխատավոր եւ գործունյա ժողովուրդ են: Գյուղում բոլո՞րն են ապահով ապրում: -Ինչպես ընդգծեցիք, պատարեցիները չափազանց աշխատասեր են: Ամեն ոք կարողանում է լուծել իր ընտանիքի կարիքները: Չեն խուսափում ոչ մի աշխատանքից ու կարողանում են անգամ օգնել ստեփանակերտաբնակ հարազատներին: Ինչ աշխատանք էլ կատարում են, անում են հաճույքով եւ հաստատ կարող եմ ասել, որ գյուղում չկան չքավոր ընտանիքներ: -Ի՞նչ կմաղթեիք համագյուղացիներին: -Նախ ցանկանամ եմ, որ բոլորս ապրենք խաղաղ երկնքի տակ, կարողանանք գիտակցել մեր ամենահզոր ձեռքբերումը` Արցախի անկախությունն ու ազատությունը: Պատարացիները, որ տոկուն եւ ուժեղ բնավորություն ունեն, համոզված եմ, որ կհաղթահարեն ցանկացած խնդիր եւ ինչպես այժմ, հետագայում էլ կսիրեն հայրենի գյուղը եւ կմնան նվիրված մեր սուրբ հողին: Միայն այն, որ ապրում ենք այսպիսի գեղեցիկ բնության մեջ, մեզ դարձնում է ուժեղ եւ մենք զգում ենք, որ այստեղի լիիրավ տերն ենք ու պատասխանատուն: Հավաստիացնում եմ, որ հետագայում կլուծվեն գյուղի բոլոր հիմնահարցերը եւ Պատարան ինչպես կա, այնպես ել կմնա` հզոր եւ աներեր: Ինչպես համայնքի ղեկավարն է փաստում, իրոք, Պատարայում յուրաքանչյուրը լավատեսորեն է տրամադրված: Նրանք գնահատում են իրենց հողն ու ջուրը: Եվ հողի հետ կռիվ տալով, ահռելի գործեր են կատարում, հասնում` նպատակների: Պատարացիները երբեք չեն մոռանում Արցախյան պատերազմում զոհված համագյուղացիներին, որոնց հիշատակը բարձր պահելը տեսնում են հենց հայրենի Պատարան ծաղկուն պահելու մեջ: Կարողանում են այնպես դաստի-արակել մատաղ սերնդին, որպեսզի նրանք նույնպես մեծանան հայրենասիրությամբ տոգորված: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|