ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ
02.07.2012 15:53

 

   Մանուկների հեքիաթային և կախարդական աշխարհԻնքնին երջանկանում ես, երբ շուրջդ տեսնում ես պարզ և վճիտ դեմքեր, անմեղ և զարմացած աչքեր, անհոգ և լիաթոք ծիծաղ: Նրանց հետ մանկանում ու առժամանակ կտրվում ես առօրյա հոգսերից, միանում ես նրանց ուրախությանն ու ընկնում այդ հանելուկային` միայն մանուկներին հասկանալի աշխարհը: Հունիսի 28-ին ականատեսը եղանք մի հրաշալի միջոցառման, որը կազմակերպել էր Ասկերանի Հայ Ավետարանչական Ընկերակցության մանկապարտեզը:18 մանուկներ հրաժեշտ էին տալիս հարազատ մանկապարտեզին: Մանկապարտեզը վեցերորդ անգամ էր երեխաներ ուղարկում դեպի դպրոց, դեպի գիտակցական նոր փուլ:Տնօրեն Անահիտ Դանիելյանը ողջունելով մասնակիցներին` միաժամանակ իր հիացական խոսքն ասաց երեխաների մասին. 

   -Այսօր 18 երեխա հրաժեշտ է տալիս մանկապարտեզին: Ի շնորհիվ մեր հմուտ մասնագետների, նրանք արդեն տառաճանաչ են, գիտեն հաշվել, կարծիք ունեն իրենց շրջապատող բնության մասին և գիտեն գնահատել գեղեցիկը: Միաժամանակ հարկ է նշել, որ մեր աշխատանքի արդյունավետությունն ապահովվել է նաև ծնողների հետ համագործակցությամբ: Նրանք ամեն կերպ աջակցել և օգնել են մանկապարտեզում կազմակերպվող ցանկացած միջոցառում պատշաճ մակարդակով կազմակերպելուն: Նա շնորհավորելով փոքրիկներին և նրանց ծնողներին այս անմոռանալի օրվա կապակցությամբ`  հույս հայտնեց, որ երեխաները միշտ կհիշեն հարազատ մանկապարտեզն ու դաստիարակներին, որոնք նրանց համար երկրորդ մայր էին: Եվ անշուշտ, կդառնան հասարակության համար արժանի մարդիկ և նրանցով կհպարտանա մանկապարտեզի աշխատակազմը:

   Իրոք, երեխաներն այս գեղեցիկ միջոցառմանը լավ էին նախապատրաստվել: Նրանց ելույթները հիացրին և հրճվանքի րոպեներ պարգեõեցին ներկաներին: Կարծես բուրավետ ու երփներանգ ծաղիկներ լինեին, որոնցից յուրաքանչյուրը բուրում էր յուրովի: Ամեն մեկը հեքիաթի մի դրական  հերոս էր, որ այստեղ միավորվել ու դարձել էին մի համերաշխ ընտանիք: Նրանք հանդես եկան տարվա եղանակները բնորոշող գեղեցիկ ելույթներով: Երեխաներն արդեն գիտեին տարվա բոլոր ամիսներն իրենց յուրահատկություններով: Նրանց երգն ու պարը մի առանձին բերկրանք հաղորդեցին ներկաներին: Իսկ, որ արդեն սովորել էին հայոց այբուբենը, արդեն իսկ հպարտություն էր ծնողների ու դաստիարակների համար:   

   Դաստիարակ Իննա Գաբրիելյանը ջանք ու եռանդ չի խնայել մանուկների մոտ սեր առաջացնելու արտաքին աշխարհի, մեր երկրի չքնաղ բնության, նրա պահպանման համար և ամենակարևորն էլ այն է, որ փոքրիկների մոտ ակնհայտ է հայրենասիրական ոգին:

   Վերջում բոլոր ծնողների անունից երախտագիտական խոսք ասաց Լիլիթ Ստեփանյանը.

   -Այն, որ մեր երեխաներն այսօր կյանքի նոր փուլ են մտնում և ինքներս վկա եղանք, թե ինչերի են հասել այս մի քանի տարիների ընթացքում, պարտական ենք մանկապարտեզի ողջ աշխատակազմին: Այսօրվա միջոցառումը խոսուն վկան էր դաստիարակների և տնօրենի քրտնաջան աշխատանքի: Ծնողների անունից շնորհակալություն եմ հայտնում տնօրենին, դաստիարակ-ներին, դայակներին՝ մեր երեխաներին խնամելու և ճիշտ դաստիարակելու համար: Համոզված եմ, որ հաճախելով դպրոց, նրանք հուսախաբ չեն անի և բարձր կպահեն մանկապարտեզի անունը:

   Հիրավի, այսօրվա միջոցառումն անցավ անկաշկանդ և ուրախ մթնոլորտում: Մանուկներն ապահովեցին բարձր տրամադրություն: Ինչ խոսք, դաստիարակները մեծ աշխատանք էին կատարել և այն կատարել էին սիրով ու նվիրումով: Եվ երեխաները դեռ երկար ժամանակ կհիշեն մանկապարտեզն ու հարազատ դարձած իրենց Իննա քրոջը:

 

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter