ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԾԱՂԿԱՇԱՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ |
02.07.2012 15:57 |
Ծնվում ենք ակամա, Ապրում ենք զարմացած, Մեռնում ենք կարոտով: Աí.Իսահակյան Հունիսի 19-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատի դպրոցում կազմակերպվեց հանդիսավոր միջոցառում նվիրված դպրոցի անվանակոչմանը: Դպրոցն այսուհետ կրելու է այդ կրթօջախի սան, զոհված ազատամարտիկ Գարիկ Նիկոլայի Մեհրաբյանի անունը: Իրադարձությունն իր մեջ մեծ խորհուրդ է ներառում: Այն ռազմահայրենասիրական դաստիարակության բաց դաս է, որն այստեղ ուսանող յուրաքանչյուր երեխայի մեջ հայրենասիրության ոգի է դնելու ու այն ավելի ամրապնդելու: Արցախյան պատերազմն արդեն պատմություն է դարձել և պատմություն դարձրել նաեւ պատերազմին մասնակցած ու իրենց կյանքը զոհաբերած տղաներին, որոնց անունները միանալով բազում հայ քաջորդիների անուններին` հիշվելու են սերնդեսերունդ ու հավերժ: Գարիկ Մեհրաբյանն այդ պանծալի տղաներից մեկն էր` նվիրյալ և անմահացած: Նա անձնազոհ սխրանքի ու խիզախության օրինակ հանդիսացավ հետագա սերունդների համար, կարողացավ պաշտպանել իր հող - հայրենին և ապրելու ու արարելու իրավունքը: Գարիկը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 5-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում: Տեղի դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ստեփանակերտի պրոֆտեխուսումնարանում, որից հետո զորակոչվել է խորհրդային բանակ: Երբ նա գնաց իր պարտքը հայրենիքին տալու, Երևանի և Ստեփանակերտի հրապարակներում թնդում էին միացման կոչերը, ալիքվում էր արցախյան շարժումը և Գարիկն Իրկուտսկ մեկնեց ուշքն ու միտքը հայրենիքում թողած: Արցախից տագնապալի լուրեր էին հասնում: Նրան հաջողվում է կարճ ժամանակով տուն մեկնել: Հետո հարազատների խնդրանքին տեղի տալով միայն` վերադառնում է ծառայության: Բայց այնտեղ հանգիստ չի մնում: Անընդհատ բացատրություններ ու պարզաբանումներ է տալիս Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին: Իր և ծառայող ադրբեջանցի զինվորների միջև ստեղծվում են լարված հարաբերություններ և գործը հասնում է տուրուդմփոցի: Ծնողները հեռագիր են ստանում, ուր նշվում է, որ նրանց որդին մեղադրվում է ծանր հացագործության մեջ: Ծանոթների միջնորդությամբ հաջողվում է համոզել ղեկավարությանը փոխել որոշումը, այն էլ մի պայմանով. Գարիկը պետք է ներողություն խնդրեր տուժող կողմից: Սակայն կողքահաստ ղարաբաղցին այդ մասին մտածել անգամ չի ցանկանում: Ադրբեջանցի զինվորները հետ են վերցնում իրենց բողոքները` ասելով, որ նման տղաներին իրենց մոտ իգիթ են անվանում: Գյուղ հասնելուն պես Գարիկը ձեռնամուխ է լինում պաշտպանական ջոկատի ստեղծմանը: Հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներ էին և բոլորը համախմբվել էին Արցախի պաշտպանության վեհ գաղափարի շուրջ: Ամեն ինչ արվում էր հանուն այդ սուրբ գործի, հաղթանակի, արցախցու հարատևության ու լուսավոր ապագայի: Հենց այդ գիտակցումով էլ Գարիկը մարտնչում էր ռազմական նշանակություն ունեցող մի շարք բնակավայրերի ու բարձունքների համար: Նա մարտի էր մեկնում եռանդով լցված, կարծես գիտեր իր կյանքի առաքելությունը: Մարտնչելը նրա համար դարձել էր պատվի խնդիր: Գարիկի վերջին մարտը Քարագլուխ կոչվող տեղամասում էր: Ծանր և անհավասար մարտ էր: 3-4 օր շարունակ հակառակորդները պայքարում էին բարձունքի համար, մերոնք ընկել էին շրջափակման մեջ: Երեք օր տղաները չկարողացան գրավել բարձունքը: Գարիկը վերջին գնդակով լռեցնում է թշնամու գնդացիրը եւ համոզվելով, որ ուժերն անհավասար են եւ անհնար է գերությունից խուսափել` վերջ է տալիս իր կյանքին: Նա գնաց և միացավ անմահներին: Հետմահու պարգևատրվել է <<Արիություն>> մեդալով: Միջոցառմանը մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Մ.Ջհանգիրյանը, աշխատակազմի ՔՃՎ բաժնի վարիչ Ա.Ավանեսյանը, կրթության բաժնի վարիչ Շ.Աղաբաբյանը, գլխավոր մասնագետ Ս.Ասրյանը, Ասկերանի տարածքային զինկոմիսար Ս.Մնացականյանը, ԼՂՀ զոհված ազատամարտիկների միության նախագահ Գ.Առստամյանը, Գարիկ Մեհրաբյանի ծնողները, մարտական ընկերներ, համագյուղացիներ, հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Անահիտ Կասյանը: Նա իր տպավորիչ ելույթով կարեւորելով օրվա խորհուրդը և ներկայացնելով քաջարի ազատամարտիկ Գարիկ Մեհրաբյանի անցած ուղին` միաժամանակ շեշտեց. -Այսօրվա միջոցառումն ինքնին հայրենասիրության մի յուրօրինակ դաս է, որը ստիպում է մեզ գիտակցել, որ արցախցին ամուր է կանգնած իր հողում, նա է իր երկրի ուխտյալ զինվորն ու պահապանը, որն իր հոգում անթեղված պահում է այն ամենը, ինչ սուրբ ու թանկ է բոլորիս համար: Հետադարձ հայացք ենք գցում պատմությանը և հիշում 1988 թվականը, երբ ալեկոծվել էր ամբողջ Արցախ աշխարհը և ողջ ժողովուրդը միահամուռ ոտքի էր կանգնել հանուն հայրենիքի պաշտպանության: Առաջիններից մեկն էլ Գարիկ Մեհրաբյանն էր, որն իր համարձակ գործողություններով աչքի էր ընկնում ու իր շուրջը համախմբում ընկերներին` ոգի և ուժ տալով նրանց: Գարիկը կապված էր իր հայրենակիցների, հայրենի բնաշխարհի հետ: Նա կարողացավ ապացուցել, որ Արցախի արժանի զավակն է, նրա աննկուն ու անվեհեր մարտիկը: Այսօր նրա երեք մտերիմ ընկերների և իր եղբոր որդիները պատվով կրում են իրենց համար լեգենդ դարձած Գարիկի անունը և մեծ պատասխանատվություն են զգում իրենց վրա: Գարիկի և մնացած զոհված ազատամարտիկների անունից պատգամում եմ նրանց արյան գնով ձեռք բերված ազատությունն ու անկախությունը պահպանելու համար լինել միշտ զգոն, ոչ մի թիզ հող չզիջել թշնամուն և լինել պահանջատեր: Մենք եւ մեր երեխաները պետք է ապրենք Գարիկի օրինակով: Այնուհետև ելույթ ունեցան դպրոցի աշակերտները: Նրանք հիշում եւ մեծարում էին դեռեւս 22-րդ գարունը չբոլորած, սիրած աղջկա կարոտը չառած Գարիկ Մեհրաբյանին, ով Արցախի կանչով դառավ ֆիդայի: Պապերի հողը փրկելու համար նա մարտի նետվեց և Սասնա Դավթի պես միշտ դյուցազուն եղավ: Դպրոցի աշակերտները հպարտ են, որ այսօր սովորում են այս կրթօջախում, ուր սովորել է Գարիկը, քայլել է միջանցքներով, խաղացել` բակում: Նրանք պարտավորվում են պահպանել Գարիկի և մյուս զոհված ազատամար-տիկների արյան գնով ազատագրված Հայրենիքը և շարունակել նրանց կիսատ թողած գործը: Միաժամանակ հավատում են. Նա պիտի գա, ժպիտը խառնած խաղաղ արշալույսին, Նա պիտի գա, նահատակված ընկերների շքերթի մեջ, Նա պիտի գա հուշարձանված, եռագույնը պահած ուսին, Նա պիտի գա, որ հավերժվի սերունդների երգերի մեջ: Հուզումնալից էր Գարիկ մոր` Ելենա Մեհրաբյանի սրտի խոսքը: Նա ընտանիքի կողմից խորին շնորհակալություն հայտնեց դպրոցի կոլեկտիվին և նախաձեռնողներին՝ այս պատվաբեր անվանակոչության համար: Թեպետ մոր համար դժվար էր, սակայն նա կարողացավ իր մեջ ուժ գտնել եւ խոսել իր սիրասուն որդու մասին, որը չուներ ընտանիք և երեխաներ: Մայրը սփոփվում էր լոկ նրանով, որ այսուհետ իր որդու հարազատ դպրոցն իր անունն է կրելու ու հիշվելու է սերունդների կողմից: Միաժամանակ հպարտություն էր զգում, որ իր զավակին մեծարում են ու հիշում: Մորմոքված կինը մաղթեց բոլորին խաղաղություն եւ անամպ երկինք: ԼՂՀ զոհված ազատամարտիկների միության նախագահ Գ. Առստամյանի խոսքը արտահայտիչ էր և զգաստացնող. - Այսօր բոլորիս համար հանդիսավոր օր է` տխրությունն ու ուրախությունը միասին ամփոփված: Հիշում ենք անցյալի դառը դեպքերը, մտաբերում մեր հերոս տղաներին ու գնահատում նրանց կատարածը: Մեզ պարտադրված և չհայտարարված պատերազմում մեր տղաները մի մարդու նման ոտքի ելան եւ պաշտպանեցին այն, ինչ մեզ է պատկանում: Մենք պարտավոր ենք հարգել նրանց հիշատակը, խոնարհվել նրանց և նրանց հարազատների առջև: Միաժամանակ կոչ եմ անում բոլորին լինել աչալուրջ, քանզի պատերազմն ավարտված չէ և թշնամին իրեն միշտ զգացնել է տալիս: Մենք` հայերս դատապարտված ենք պայքարելու, հաղթելու և ապրելու: Գ.Առստամյանը տեղեկացրեց նաև, որ Գ.Մեհրաբյանը հետմահու պարգևատրվել է << Մայրական երախտագիտություն>> մեդալով և այն հանձնեց նրա հորը` Նիկոլայ Մեհրաբյանին: Այնուհետև ելույթ ունեցան Գարիկի մարտական ընկերները, համագյուղացիները: Վերջում միջոցառման մասնակիցները մոտեցան և ծանոթացան Գարիկ Մեհրաբյանի հիշատակին նվիրված հուշանկյանը, որը ձևավորվել էր ռուսաստանաբնակ Իլյա Եղիշեի Գրիգորյանի ընտանիքի օժանդակությամբ: Նրանց հովանավորությամբ են կատարվել նաեւ դպրոցի մուտքի և միջանցքի վերանորագման աշխատանքները: Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գ. Մեհրաբյանի և մյուս զոհված ծաղկաշատցիների հիշատակը: Հիրավի, մեծարանքի խոսքերն ու շքանշանները մեռնողների համար չեն: Այն մեզ` ապրողներիս է պետք: Քանզի նրանց շնորհիվ ենք մենք ապրում, ապագա կերտում և ինքներս պետք է շարունակենք նրանց գործը` դասեր սերտելով անցյալից: Պարտավոր ենք հավետ հիշել նրանց, արժևորել նրանց անմահ գործը և այն փոխանցել տարբեր սերունդների: Փա՜ռք ու պատի՛վ Գարիկներ ծնող հայ ժողովրդին: Փա՜ռք ու պատի՛վ մեր հերոսներին, Հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը դրած մեր խիզախ հայորդիներին: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|