ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ՄԵԿՆԱՐԿԸ
02.07.2012 16:09

   Արցախն արգրարային երկիր է, ինչին էլ սևեռված է կառավարության ուշադրությունը։ Վերջին ժամանակներս առավել նկատելի է դարձել  գյուղատնտեսության դերի ու նշանակության կարևորումը։ Եվ սա արցախցիներիս հպարտանալու առիթներից մեկը պիտի հանդիսանա, քանզի կայացած գյուղատնտեսությունը ոչ թե անհատի

այլ ազգի ապագան է։

 

   Հունիսի 19-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության և Ասկերանի շրջվարչակազմի համատեղ ուժերով կազմակերպվեց մի հոյակապ միջոցառում, որը, միաժամանակ, և՛ գյուղատնտեսական, և՛ պատմա-մշակութային բնույթ էր կրում։ Ուստի և, շրջանի համապատասխան բաժինների վարիչներ՝ Արվիդ Ղուլյանն ու Ռուզաննա Մկրտչյանը նախօրոք շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանից հանձնարարականներ էին ստացել՝ պատշաճ մակարդակով  այն կազմակերպելու և անցկացնելու, քանզի այն ինչ հիմա անում ենք, վաղը պատմություն է դառնալու։ Միջոցառման նպատակն էր շրջանի երիտասարդությանը մոտիկից ծանոթացնել գյուղատնտեսական կյանքին, նրանց մեջ սեր սերմանել դեպի հողը, մանավանդ այս օրերին, երբ թափ են առնում բերքահավաքի աշխատանքները։ Այն քարոզչական էր նաև այն առումով, որ մեր հանրապետության ապագա տերերը պետք է լավ գիտակցեն, որ պետության հենասյուներից կարևորագույնը գյուղատնտեսությունն է, ինչին էլ պետք է առաջնահերթություն տրվի, ինչպես նաեւ միշտ պետք է հավատարիմ մնանք մեր պատմությանն ու մշակույթին։ Միջոցառմանն ընդգրկված էին Ասկերանի, Նորագյուղի, Խնապատի, Խրամորթի, Իվանյանի եւ Նախիջևանիկի երիտասարդները, Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսանողները, ովքեր նախ այցելեցին Խնապատում տեղակայված  §Տոհմային կայան¦, որտեղ կայանի տնօրեն Գրիգորի Կասպարովը մանրակրկիտ տեղեկատվություն տվեց կատարված և կատարվելիք աշխատանքների մասին։ Ամեն մի երիտասարդի հնարավորություն էր ընձեռված հուզող և հետաքրքրող հարցերով տնօրենին դիմելու, ով սիրով ու պատրաստակամորեն պատասխանում էր հարցերին։  

    §Տոհմային կայան¦-ից  մեքենաների շարասյունն ուղղություն վերցրեց դեպի պատմական Տիգրանակերտ։ Այստեղ էլ՝ թանգարանում երիտասարդները տեսնելու, սովորելու և այս ամենն ընկալելու շատ բան ունեին։    Հպարտության զգացումն էր մեզ համակել, տեսնելով տեղում հայտնաբերված հնադարյա ցուցանմուշները։  2006-ին սկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները։ Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցին։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն էլ 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունն է: Տիգրանակերտում էլ մասնակիցներին միացան շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԼՂՀ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը, ԼՂՀ ԱԻՎ պետ Արթուր Հարությունյանը, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցություն հիմնադրամի նախագահ Վահրամ Բաղդասարյանը, հարեւան շրջանների վարչակազմերի ղեկավարները։

   Պատմական անցյալից միջոցառման մասնակիցներն ուղևորվեցին դեպի գյուղատնտեսություն, դեպի բերքառատ արտերը, ուր բերքահավաքի աշխատանքներ  էին ընթանում։ Գյուղատնտեսության նախարարությունն այստեղ փոքրիկ առաքելություն ուներ կատարելու, այն է՝ հողի մշակներին ու հնձվորներին նվեր - անակնկալներով խրախուսելը։ Սա գեղեցիկ ավանդույթ է, ինչը գալիս է դեռևս  խորհրդային տարիներից։ Մենք կանգնած էինք ազատագրված հողում, որի ամեն մի թիզն ազատագրելու համար կյանքեր են զոհաբերվել ու այսօր այդ բարեբեր հողը կերակրում է բոլորիս։ Ասել է թե՝ նրանք Ընկան, որպեսզի այսօր մենք Ապրենք։ Տերունական աղոթքից հետոԱսկերանի հոգեւոր հովիվ տեր Էմմանուել քահանա Վարդանյանն աղոթքներ հղեց ամենակարող Տիրոջը, որպեսզի բերքառատ տարի լինի ու օրհնվի գյուղացու արդար վաստակը։ Այնուհետև հնչեց ավանդական զուռնա - դհոլը եւ բոլորը շուրջպար բռնեցին։ Պահը ոգևորիչ էր բոլոր մասնակիցների համար։

   - Բերքահավաքը մեր ազգի համար միշտ տոն է համարվել։ Ուստիև դարերից եկող տրամադրությամբ ենք այսօր այս միջոցառումը կազմակերպել, եւ մենք նպատակ ունենք այն ավանդական դարձնելու,- ասաց գյուղնախարար Ա. Խաչատրյանը։

   Վանքասարի Սպիտակավոր եկեղեցին հեռվից-հեռու լուռ մասնակիցն ու հովանավորն էր այս բոլորի։ Վանքասարը կրաքարե հսկայական եռանկյունատեսք մի լեռ է, որի գագաթին գտնվում է 7-րդ դարում կառուցված կենտրոնագմբեթ եկեղեցին։ Չնայած ադրբեջանցիներն ամեն կերպ ջանացել են հայկական հետք չթողնել՝ տաշելով եկեղեցու պատերի արձանագրությունները, սակայն տաճարի պատերին կան մի քանի հայերեն արձանագրություններ, եղել են նաեւ խաչքարեր: Դրանցից մեկն ադրբեջանցիները ժամանակին տարել էին Աղդամ, հիմա այն կանգնեցված է Ասկերանի եկեղեցու բակում:

   Վերականգնվող ավանդույթներին համահունչ հնչեց ավանդական §Քոչարին¦ ու բոլորը ձեռք-ձեռքի տված  շուրջպար բռնեցին. 

Աստծո տաճարի շուրջը պար բռնենք,           

Միասնության հպարտ շուրջպար պարենք

Բարեգութ Աստծո փառքը գովերգենք, 

Միաբանությամբ ազգը զորացնենք

   -Մենք ջանք ու եռանդ չպետք է խնայենք, որպեսզի մեր երիտասարդները չլքեն այս հողը, քանզի մենք եղել ենք տերն այս սուրբ Արցախ աշխարհի  ու կլինենք,- ոգեւորությամբ ու հպարտությամբ շեշտեց տեր Էմմանուելը։

  Ուրախ տրամադրությունն ու ցնծությունը համակել էր բոլորիս։ Ուրախ էինք, քանզի Աստծո տաճարում ու Աստծուն մոտ էինք գտնվում ու այս վեհությունից կարողանում էինք դիտել շուրջբոլորն ու գոհանալ ունեցածով, ձեռքբերածով։

   Վանքասարից իջանք կրկին դեպի Տիգրականակերտ, որտեղ էլ տեղի ունեցավ միջոցառման տրամաբանական ավարտը։ Ասկերանի մշակույթի բաժնի վարիչ Ռ. Մկրտչյանն անդրադառնալով մեր պատմական անցյալին, գյուղատնտեսության դերին ու նշանակությանը, մասնավորապես նշեց.

  -Այսօրվա երիտասարդությունն ու աճող սերունդը պետք է գիտակցի, որ հող-հայրենին ավելի շատ մեր հոգածության կարիքն ունի, և նա վարձահատույց կլինի ցուցաբերած վերաբերմունքի դիմաց։ Հողի մշակի աշխատանքը պետք է հարգվի, գնահատվի ու գտնվի բոլորիս ուշադրության կենտրոնում։ Իսկ երիտասար¹ությունը մեր ապագան է, ուստի նրանք իրենց գործունեությամբ պետք է մասնակցեն մեր հայրենիքի շենացմանը։

  Ռ. Մկրտչյանը միաժամանակ հույս հայտնեց, որ նման միջոցառումներն ու հանդիպումները դրական խթան կհանդիսանան՝ հոգով ու հայացքով դեպի գյուղատնտեսությունը շրջվելու, չքնաղ Արցախում բերք ու բարիք ստեղծելու ու արարելու աստվածահաճո գործին։ Վերջում նա բոլորի անունից շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր ձգտում են ժամանակին եւ անկորուստ բերքը հավաքել։

Այնուհետեւ ելույթ ունեցավ Ասկերանի ՙԲերդ՚ ժողգործիքների պետական համույթը։ Ու հայկական հայրենասիրական եւ ազգագրական երգերի խրոխտ կատարումներից նորից ցնծաց Տիգրանակերտը։ Դյութիչ երաժշտությունն էլ ազդարարեց կայացած միջոցառման ավարտը։

  -Այսօր մենք առավել պարտավորված ենք մեզ զգում, քանզի կառավարությունը բերքահավաքի սկիզբն ազդարարող այսպիսի հագեցած միջոցառումն սկսել է հենց մեր շրջանից։ Կարծում եմ մեզ հաջողվել է կատարել մեր առջեւ դրված խնդիրը։ Ասեմ նաեւ, որ արդեն ավարտին են մոտեցել գարու բերքահավաքի աշխատանքները, շուտով կսկսվի ցորենի բերքահավաքը։ Ինչ վերաբերում է հակահրդեհային անվտանգությանն, ապա 5 հենակետերում կանգնեցված են հրշեջ մեքենաները և մենք անելու ենք հնարավորիս բերքահավաքն անկորուստ ավարտելու համար,- ամփոփելով օրվա կատարվածը՝ ասաց  շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։

  Միջոցառման պատասխանատուները պատվով կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը, ինչը համախմբվածության ու համերաշխության արդյունք էր նաեւ։  Մնում է հուսալ, որ երիտասարդներն, իրոք, հասկացել են օրվա խորհուրդը, ղեկավարության անշահախնդիր ջանքերը, որոնք ուղղված են մեր պետության հզորացմանն ու ազգի ապագան հուսալի ձեռքերում տեսնելուն։ Քանզի յուրաքանչյուր սերունդ ցանկանում է թողնել առավել կայուն ու հզոր ժառանգություն։

   Կարծում եմ, բոլորիս համոզմունքն է, որ ունենք կայացած պետություն, գործունյա ու բանիմաց ղեկավարություն, ովքեր անում են հնարավորինս, որպեսզի Արցախ աշխարհը ծաղկի, զորանա ու նորանոր բարձունքներ նվաճի։  Այս գեղեցիկ միջոցառումը, թերեւս, ասածիս առհավատչյան է։

ԱՆԱՀԻՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter