ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՙԲԵՐԴ՚ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
02.07.2012 18:01

 

  Այն, որ Ասկերանի ՙԲերդ՚ շրջանային թերթն Արցախի լրատվադաշտի կայացման գործում իր համեստ ներդրումն ունի, շեշտվել է տարբեր առիթներով։ Վերջերս, Լրագրողի օրվա կապակցությամբ, Արցախի ժուռնալիստների  միության վարչության որոշմամբ ՙԲերդն՚ արժանացել է պատվոգրի, իսկ թերթի աշխատակիցներից մեկը՝ Կարինե Բախշիյանը, ընդունվել է Արցախի ժուռնալիստների միության անդամության շարքերը։

Պատվոգիրն ու անդամատոմսը հնձնելու նպատակով հունիսի 14-ին Ասկերան էին ժամանել Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, ԺՄ վարչության անդամ Արա Վանյանը, ՙԼուսասար՚ թերթի գլխավոր խմբագիր Սվետլանա Խաչատրյանը։ Խմբագրության շենքում տեղի ունեցած հանդիսավորարարողությանը մասնակցում էին նաեւ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանն ու վարչակազմի աշխատակազմի ղեկավար Մելորդ Ջհանգիրյանը։

Ինչպես նշեց ժուռնալիստների միության նախագահը, ՙԲերդ՚ թերթը հանրապետության լրատվամիջոցների շարքում իր արժանի տեղն ունի։ Կարևորելով թերթի էլեկտրոնային տարբերակի դերը, Կ. Գաբրիելյանը հատկանշեց, որ ՙԲերդի՚ կայքի միջոցով Ասկերանի շրջանի սոցիալ-տնտեսական, հոգևոր մշակութային կյանքին արդեն կարողանում են ծանոթանալ նաև արտերկրում ապրող մեր համերկրացիները։ Ասել է թե՝ կայքը դարձել է հայրենիքի հետ կապող յուրօրինակ  օղակ։ Նրա խոսքով, ՙԲերդին՚ ուշադրությամբ հետևում են նաև Բաքվում, թերևս թերթի միջոցով ցանկանալով իմանալ, թե ինչպես է ծաղկում ու բարգավաճում  ՙթշնամի՚ Ղարաբաղը եւ մասնավորապես նաև՝ ազերիների կողմից երբևէ ավերված Ասկերանը։ Սա լրատվամիջոցի ընդգծված առաքելությունն է՝ ճշմարտագույնս լուսաբանել երկրում (շրջանում) տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, և այս  առաքելությունը  հրաշալի են կատարում  ՙԲերդ՚ թերթի աշխատակիցները։ Դիտարկումները ցույց են տալիս, որ լրատվամիջոցը սովորաբար իր բարձրության վրա է լինում այնտեղ, որտեղ համարժեք ուշադրություն կա տեղի իշխանությունների կողմից։ Այս առումով Կ. Գաբրիելյանը երախտագիտություն հայտնեց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարությանը, որը մշտապես հետաքրքրվում է  ՙԲերդ՚ թերթի խնդիրներով, խրախուսում անաչառ լուսաբանումները թերթի էջերում: Այն փաստը, որ ՙԲերդը՚ լույս է տեսնում շուրջ 1000 օրինակ տպաքանակով, դարձյալ վկայումն է այն բանի, որ Ասկերանի շրջանում կարողանում են գնահատել հրապարակային խոսքի իրական արժեքը։ Ընդ որում, ավելացրեց բանախոսը, հանրապետությունում լույս տեսնող ոչ բոլոր լրատվամիջոցներն ունեն այդքան տպաքանակ, և սա նույնպես էական ցուցիչ է։  

Կ. Գաբրիելյանը ԺՄ անդամության տոմս հանձնեց թերթի աշխատակից Կարինե Բախշիյանին՝ շեշտելով  երիտասարդ լրագրողի մասնագիտական ներուժը և հաջողություններ մաղթեց նրան հետագա աշխատանքում։

Ժուռնալիստների միության  նախագահը նաև հաճելի անակնկալ մատուցեց՝ ՙԲերդ՚ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանին անհատական համակարգիչ հանձնելով։ Թերթի գեղեցիկ դիզայնը եւ նյութերի բազմազանությունը խմբագրի նվիրյալ ջանքերի արդյունքն են, նշեց Կ. Գաբրիլեյանը։

Կայքի ստեղծումը ևս կապված է Վալերի Պետրոսյանի հետ, քանզի մտահղացումը հենց սկզբից էլ նրանն է եղել։ ՙԱյսօր ԼՂՀ մի շարք գերատեսչություններ թերևս կերազեին նման կայք ունենալ՚, - ասաց  Կ. Գաբրիելյանը։ Նա միաժամանակ, տեղեկացրեց, որ համակարգիչը ԺՄ վարչության առաջարկությամբ նվիրաբերել է ծննդով ասկերանցի, ներկայումս երևանաբնակ բարերար Սամվել Գաբրիելյանը, որի բարեգործական բազմաթիվ ակցիաների մասին գիտեն ոչ միայն հայրենի Ասկերանում։ Նվերի համար շնորհակալության հայտնելով, Կ. Գաբրիելյանը խնդրեց թերթի միջոցով փոխանցել Արցախի ժուռնալիստների միության վարչության  երախտագիտությունը մեր նշանավոր համերկրացուն։ Նա համոզմունք հայտնեց, որ Վալերի Պետրոսյանը, նվեր ստացած netbook տեսակի համակարգիչը կօգտագործի նորանոր հետաքրքիր գաղափարների համար, որոնք նույնպես կծառայեն հարազատ շրջանին։

Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը գոհունակություն հայտնելով թերթի հանդեպ Արցախի ժուռնալիստների միության դրսևորած ուշադրության համար, հավաստիացրեց, որ շրջանի ղեկավարությունը, անձամբ վարչակազմի ղեկավար Սերգեյ  Գրիգորյանը խիստ կարևորում են մամուլի դերն ու նշանակությունը, ուստի այսուհետ ևս ամեն ինչ կանեն, որպեսզի ՙԲերդ՚ թերթը կարողանա իր առաքելությունը լիարժեք ու պատվով կատարել։ 

Ելույթ ունեցան նաև շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Մելորդ Ջհանգիրյանը, Արցախի ժուռնալիստների միության վարչության անդամ Արա Վանյանը,  ՙԼուսարար՚ թերթի գլխավոր խմբագիր, Ասկերանի շրջանային  ՙԿարմիր դրոշ՚ թերթի նախկին աշխատակից Սվետլանա Խաչատրյանը։ Վերստին շեշտվեց լավագույն ավանդույթներին հավատարիմ մնալու կարևորությունը, իսկ ՙԲերդ՚  թերթն իր ավելի քան երեք տասնամյա գործունեության ընթացքում հիրավի՛ կարողացել է Ասկերանի շրջանում ու շրջանի սահմաններից դուրս բարի համբավ ստեղծել, բնականաբար, այդ ընթացքում նաև ձևավորելով լավագույն ավանդույթներ։      

Պարգևատրումների արարողությունն ասվածի ևս մի վկայությունն է։  

Ս. Խաչատրյան

 


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter