ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻՑ ԿՇԱՀԵՆՔ ԲՈԼՈՐՍ
02.07.2012 18:05

 

  Արդեն ավանդույթ է դարձել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից մեր հանրապետություն այցելելը, փորձ ու գիտելիքներ փոխանակելը։Ասկերանի շրջանն էլ նման հանդիպումներից անմասն չի մնում եւ իր ակտիվ մասնակցությունն է ունենում։ Այս անգամ էլ մեզ հյուրընկալել էին Շիրակի մարզից՝ մարզպետ

Ա. Գիզիրյանի գլխավորությամբ։ Հանդիպումը կայացավ շրջվարչակազմի ղեկավար Ս. Գրիգորյանի աշխատասենյակում՝ շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչների մասնակցությամբ։ Քննարկելով Շիրակի մարզի եւ Ասկերանի շրջանի միջեւ փոխհամագործակցության դրվածքը եւ նպատակ ունենալով այն ավելի ընդլայնել եւ տարածել կենսագործունեության նոր ոլորտներում, կնքվեց հուշագիր, որը ստորագրվեց մարզպետի եւ շրջվարչակազմի ղեկավարի կողմից: Հաստատվեց Շիրակի մարզի եւ Ասկերանի շրջանի միջեւ  կրթամշակութային, սպորտի, տուրիզմի եւ հանգստի կազմակերպման, գյուղատնտեսության զարգացման, վարչության ոլորտում ձեռք բերած փորձի փոխանակման ու կենսագործունեության մյուս բնագավառներում 2012թ. նախատեսված միջոցառումների  ու փոխայցելությունների ժամանակացույցը։ Մարզպետարանի եւ շրջվարչակազմի պատասխանատուներին հանձնարարվեց   կոնկրետ կազմակերպչական աշխատանքներ իրակականցնել ժամանակացույցում ընդգրկված միջոցառումները կյանքի կոչելու համար։ Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում։ Ողջունելով հյուրերին, շրջվարչակազմի ղեկավար Ս. Գրիգորյանը նշեց, որ այսպիսի համագործակցությունը լավ հեռանկարներ ունի, մնում է հետեւողականորեն իրականացնել հուշագրի բոլոր կետերը: Նա պատվավոր հյուրին հանձնեց ասկերանյան  բնապատկերով, ոսկեզօծ շրջանակով նկար:

-Ամեն անգամ Արցախ գալով,ինձ  պարտավորված եմ զգում անպայման լինել Ասկերանում։ Սա իմ երկրորդ այցն է ձեր շրջան։ Նման հուշագիր ստորագրելով, մենք պետք է այնպես անենք, որպեսզի այն թղթի վրա չմնա։ Այդ նպատակով  էլ առաջարկում եմ, որպեսզի դուք եւս այցելեք Շիրակի մարզ, ծանոթանաք Գյումրի քաղաքին՝ որպես պատմաշակութային կենտրոնի,- իր ելույթում մասնավորապես ասաց Ա. Գիզիրյանը:

Այնուհետեւ, հյուրերն այցելեցին Խնապատի  Տոհմային կայան, Իվանյանի եւ Նորագյուղի համայնքներ։

Նախօրեին շիրակցի մի խումբ բժիշկներ այցելել էին Ասկերանի շրջբուժմիավորում՝ գիտելիքների եւ փորձի փոխանակման նպատակով։ Նրանք իրենց հետ որպես օգնություն բժշկական որոշ պարագաներ էին բերել՝ ակնոցներ, ներարկիչներ, բինտեր։ Բժիշկների խմբում կային  թերապեւտ, նյարդաբան, վիրաբույժ, սրտաբան, վնասվածքաբան, ուռուցքաբան, ակնաբույժ, սոնոգրաֆիստ, մանկաբույժ եւ գինեկոլոգ։ Քանի որ հիվանդանոցն առայժմ չունի ակնաբույժ, ուստի այդ օրը կատարվեց 60 հիվանդի ընդունելություն, որոնց դեղորայք եւ ակնոցներ նշանակվեցին։

Փորձի փոխանակումն անցավ բարեկամական մթնոլորտում: Սա թվով երրորդ նմանատիպ հանդիպումն էր։ Շիրակցիները գոհ էին հիվանդանոցի բուժսպասարկման մակարդակից ու բժիշկների պատրաստվածությունից։

- Նման այցելությունները յուրօրինակ խթան են հանդիսանում մեր գործունեությունն առավել բարձր հիմքերի վրա դնելու համար։ Բարեկամական կապերն  ամրապնդելու նպատակով այս տարի աշնանը նախատեսում ենք մի խումբ բժիշկներով փոխայցելություն կատարել Շիրակի մարզ,- տեղեկացրեց հիանդանոցի գլխավոր բժիշկ Գոհար Հակոբջանյանը։

 

 

ԱՆԱՀԻՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 






























 

 


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter