Մհեր Ալեքսանդրի Հարությունյան, "Կաճառ" գիտական կենտրոն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վերջին տարիներին հետաքրքիր բացահայտումներ արած Արցախի Տիգրանակերտի պեղումներն Ադրբեջան - ԼՂՀ հակամարտության ռազմական փուլի նշանավոր
ռազմագործողություններից մեկը՝ Աղդամի վտանգավոր կրակակետերի վնասազերծումը նորովի իմաստավորելու անհրաժեշտություն են առաջացրել։ Աղդամի ազատագըրման ռազմաքաղաքական տեսանկյունները պատմագրության մեջ քննության են առնվել։ Սակայն, ինչքան մեզ է հայտնի, առաջին անգամ է, որ դիտարկվում է այդ ռազմագործողության նշանակությունը Արցախում ռազմական շինարարության համար։ Թեմայի գիտական նորույթը կայանում է հիմնահարցի նման դրվածքի և նորահայտ վավերագրեր շրջանառելու մեջ։ Աղդամի կրակակետերի ճնշումն անհրաժեշտ էր մեր ժողովրդի պատմական հիշողության, ապա և Արցախի ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈՒ) ռազմավարական ու օպերատիվ - մարտավարական խնդիրների թելադրանքով։ Հիրավի, Աղդամն Արցախի դեմ հակառակորդի ռազմական գլխավոր ու ամենավտանգավոր պլացդարմն էր, որտեղից մշտական սպառնալիքի տակ էին պահվում ԼՂՀ-ի արևելյան եզրերը, սահմանամերձ բնակավայրերը, այդ թվում՝ Ասկերանը, ինչպես նաև մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ադրբեջանցի ռազմավարները (ստրատեգները) Աղդամը համարել են Ստեփանակերտ ներխուժելու ամենակարճ ճանապարհը։ Պատահական չէ, որ Արցախի դեմ առաջին բացահայտ ագրեսիվ գործողությունը 1988թ. փետրվարի 22-ին ձեռնարկվել է հենց Աղդամից՝ Ասկերանի վրա բազմահազարանոց ամբոխի հարձակումներով։ Յոթ տասնամյակ առաջ, 1918թ. սեպտեմբերին Աղդամից թուրքական բանակը տեղի մահմեդականների անկանոն զինված կազմավորումների աջակցությամբ ներխուժել է Արցախ և յուրահատուկ կերպով ավերել Խաչենի ու Վարանդայի շրջանների սահմանամերձ բնակավայրերը, ապա նաև՝ մտնել Շուշի քաղաքը։ Իսկ 1920թ. մարտ - ապրիլ ամիսներին մուսավաթական Ադրբեջանի զինված ուժերը և զինված խառնամբոխը հենց Աղդամից Ասկերանի վրայով ներխուժեցին Արցախ, երկրամասի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը հաստատելու նպատակով։ 20-րդ դարի 60-ական թվականների հայտնի դեպքերի ժամանակ ևս աղդամցիները փորձեցին §պատժել¦ հայերին… Խորհրդային տարիներին Աղդամը երբեք բաց չի թողել հակահայկականությամբ ու ագրեսիվությամբ առանձնանալու առիթը։ 1991թ. վերջերին և 1992 թականի ողջ ընթացքում ադրբեջանական զինված կազմավորումներն Աղդամից բազմիցս փորձեցին ճեղքել ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի արևելյան բնագծերը, բայց ամեն անգամ հետ շպրտվեցին, անգամ ժամանակավոր հաջողություններից հետո։ Հնարավոր չէ առանց սոսկումի հիշել Աղդամում տեղակայված կրակակետերից ԼՂՀ խաղաղ բնակավայրերի և Ստեփանակերտի բարբարոսական հրթիռակոծությունները, արկ ու հրթիռի պայթյուններից երեխաների ու կանանց քրքրված մարմինները... Թվում էր, թե Աղդամի պատճառով ստեղծված դժոխքին վերջ չկա, սակայն Արցախի անձնվեր պաշտ-պանները գնացին շատերին աննախադեպ թվացող համարձակ քայլի՝ Աղդամի կրակակետերը և ռազմական հենակետը վնասազերծելու նպատակով։ Նոր ծավալներ ու չափեր ընդունող, ինչպես նաև արդիական զինատեսակների կիրառմամբ ընթացող պատերազմի տրամաբանությունը գալիս էր փաստելու, որ Ադրբեջանի տենդագին նախապատրաստությունները, սպառազինության ու կենդանի ուժի բազմապատկումը նպատակաուղղված են ԼՂՀ-ի դեմ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսմանը, հետևաբար անհրաժեշտ էր հակառակոր-դին նախօրոք զրկել այնպիսի կարևոր ռազմաստրատեգիական պլացդարմից, ինչպիսին Աղդամն էր, ինչը հնարավորություն կընձեռեր գոնե Ասկերան - Ստեփանակերտ ուղղությունում սահմանափակելու ադրբեջանցիների դիրքային առավելությունը, ի դերև հանելու ամենակարճ ճանապարհով հանրապետության մայրաքաղաք հասնելու հույսերը։ ԻՊՈՒ ռազմավարական և օպերատիվ - մարտավարական խնդիրները թելադրում էին իրականացնել Աղդամի պլացդարմի վնասազերծումը, ինչը կարող էր վճռական բեկում մտցնել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում։ Բնականաբար, լավ հասկանալով այդ ռազմագործողության կարևորությունը, Ինքնապաշտպանության կոմիտեն (ԻՊԿ) լուրջ նախապատրաստական աշխատանքներ իրականացրեց ինչպես կազմակերպահաստիքային բարելավումների, այնպես էլ զորքերի խմբավորման ու լրահամալրման, սպառազինման ու նպաստավոր բնագծերի տիրելու առումներով։ Հետադարձ հայացք ձգելով Աղդամի ռազմագործողության վրա, վերհիշելով դրա անցկացման անհրաժեշտությունն ու նշանակությունը, կարող ենք պատմական ֆոն ապահովել բանակաշինության այդ շրջադարձային փուլը պատկերացնելու համար։ 1993թ. հուլիսի 4-ին սկսված ռազմական օպերացիան պսակվեց հաջողությամբ և հուլիսի 23-ին Աղդամն անցավ ԼՂՀ ԻՊՈՒ-ի վերահսկողության տակ՝ շնորհիվ հարավից Մարտունու ՊՇ-ի (հրամանատար՝ Մովսես Հակոբյան, այժմ՝ ԼՂՀ պաշտպանության նախարար - ՊԲ հրամանատար, գեներալ - լեյտենանտ), հարավ -արևմուտքից Ասկերանի ՊՇ-ի (հրամանատար՝ Վիտալի Բալասանյան, այժմ՝ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, պահեստի գեներալ-մայոր) և հյուսիս - արևմուտքից Կենտրոնական պաշտպանական շրջանի (հրամանատար՝ Սամվել Կարապետյան (այժմ՝ ԼՂՀ ՊՆ տեղակալ, գեներալ-մայոր) և այլ ստորաբաժանումների համաձայնեցված գործողությունների։ Արդյունքում վերացավ Ստեփանակերտի գլխին դամոկլյան սրի պես կախված մահացու վտանգը, մայրաքաղաքի ու շրջակա գյուղերի բնակիչներն ի վերջո ազատ շունչ քաշեցին։ Հակառակորդին հասցվեց ռազմական ու բարոյահոգեբանական խորտակիչ հարված։ Աղդամը հանդիսանում էր հաղորդակցության ուղիների կարևոր հանգույց, որից հակառակորդին զրկելը կաթվածահար արեց ոչ միայն ԼՂՀ արևելյան, այլև հարավային սահմանների երկայնքով կենտրոնացված խմբավորումների ագրեսիվ գործողությունները և նրանց թիկունքային ապահովումը։ Պատահական չէր, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջապես տեղի տվեց և դիմեց ԼՂՀ ղեկավարությանը՝ կրակի դադարեցման խնդրանքով, ինչը հնարավորություն կտար շշմեցուցիչ հարվածից ու խայտառակ պարտությունից ուշքի գալ և լուծել Աղդամի պլացդարմի կորստին անխուսափելիորեն հետևած բազմաթիվ հիմնախնդիրներ... Արցախի ինքնապաշտպանության ուժերը տիրեցին նպաստավոր բնագծերի ու ռազմավարական առումով շահավետ դիրքերի, ստեղծելով ԼՂՀ-ի շուրջ, մանավանդ՝ նրա կենտրոնի համար, կենսականորեն անհրաժեշտ անվտանգության գոտի։ Միով բանիվ, Աղդամի ազատագրումը, որով խորտակվեց Ադրբեջանի բարոյահոգեբանական ամրոցը, պատմական անհրաժեշտություն էր և թելադրված էր ԻՊՈՒ-ի ռազմաստրատեգիական ու օպերատիվ -մարտավարական խնդիրներից։ Արցախահայությունը Շուշիից հետո, թերևս, մեկ էլ Աղդամի պարագայում այլընտրանք չուներ, բացի ագրեսի-այի այդ մշտական աղբյուրը վերացնելուց... Վերլուծելով Աղդամի ռազմագործողության ընթացքում և դրան հաջորդած իրադարձությունները, կարելի է հանգել այն եզրակացությանը, որ այդ կարևոր հաղթանակը խթանել է մարտական բարդ խնդիրների կատարմամբ ուղեկցվող բանակաշինության գործընթացին հրամանատարների արհեստավարժության բարձրացման, նրանց գործառութային պարտականութ-յունների իմացության ու արդյունավետ կիրառման, ենթակա ստորաբաժանումների ու անձնակազմի գործողությունների ներդաշնակման, առաջադրված բարդ խնդիրների լուծման և այլ առումներով։ Աղդամի ռազմագործողության ժամանակ ԻՊՈՒ ստորաբաժանում-ների ու զորատեսակների հրամանատարների մասնագիտական աճի և զորքերի ղեկավարման ու մարտավարության կատարելագործման փաստը նշվել է նաև հրամանատարության կողմից։ Ինչպես Պաշտպանության բանակի հրամանատարի՝ §1993 թ. հուլիս - օգոստոս ամիսներին Ինքնապաշտպանության ուժերի մարտական գործողությունների արդյունքների մասին¦ հրամանում է արձանագրված՝ Աղդամի ռազմագործողության նախապատրաստման ու անցկացման գործում մեծ ավանդ ունեցան Ասկերանի, Մարտունիի և Կենտրոնական ՊՇ -ների, ինչպես նաև կենտրոնական ենթակայության հրետանավորները, որոնք գործեցին հմտորեն ու գրագետ, դրանով իսկ նպաստելով հաջողությանը։ Մշտապես զգալով ռազմամթերքի պակաս, հրետանավորները կարողացան հասնել առավելագույնին, շնորհիվ ճշգրիտ հասցված կրակային հարվածների և առկա միջոցների արդյունավետ օգտագործման։ Հրամանատարների և շտաբների կազմակերպական մեծ աշխատանքի, մարտական գործո-ղությունների փորձի կուտակման, մարտիկների զանգվածային հերոսության և անձնվիրության շնորհիվ Աղդամի ռազմագործողությունը հաջողվեց անցկացնել նվազագույն կարճ ժամկետում և ռազմաճակատի այս հատվածում ավարտել հակառակորդի լրիվ ջախջախումը։ Փոխգնդապետ Տիգրան Դևրիկյանը ևս համամիտ է, որ Աղդամի ռազմագործողությունը պլանավորման, կրակի կառավարման, կրակային խոցման ամպարեզներում ոչ միայն կենտրոնական ենթակայութ-յան, այլև գնդային հրետանու բարձր մակարդակի հասնելու վկայությունն էր։ Աղդամի ռազմագործողությունը ոգևորիչ ազդեցություն ունեցավ Արցախի ԻՊՈՒ մարտիկների վրա, բարձրացնելով նրանց մարտական ոգին և ամրապնդելով հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Հրամանատարները ձեռք բերեցին մարտավարական հմտություններ և զորքերը ղեկավարելու փորձ։ Հակառակորդից առգրավված մեծաքանակ սպառազինությունը և տեխնիկան նշանակալիորեն համալրեցին ԻՊՈՒ զինանոցը։ Այս ամենը, եթե հավելենք նաև Աղդամի վնասազերծումից ու ներքաղաքական հերթական լարվածությունից հետո Ադրբեջանին թեկուզ և կարճատև հրադադարի պարտադրումը, բնականաբար, բարենպաստ պայմաններ ստեղծեցին անհետաձգելի քայլեր ձեռնարկելու զորքերի մարտունակության, կարգապահության և, իհարկե, նոր վերահսկողության տակ առնված բնագծերում ամրապնդվելու ուղղությամբ։ Մասնավորապես, ինչպես նշված է վերոհիշյալ հրամանում, հուլիս -օգոստոսյան մարտական գործողություններում, ընդհանուր առմամբ, բոլոր ծառայություններն ու զորատեսակները հանդես բերեցին բավականին բարձր մակարդակ։ Նկատելի էր շտաբներում աշխատանքի ոճի ու մեթոդների կատարելագործման միտում, շտաբայինների բարձր պատասխանատվություն և իրենց մասնագիտության մեջ հմտանալու ձգտում։ Մեծ առաջընթաց է նկատվել մարտական գործողությունների առավել հիմնավոր նախապատրաստման ու պլանավորման ուղղությամբ։ Հուլիսի երկրորդ կեսին ԼՂՀ ԻՊԿ շտաբը տեղափոխվել է նոր շենք և հիմնականում ավարտվել են ծառայութ-յունների տեղավորումը, որոնք անցել են բնականոն գործունեության։ Շտաբի նախկին շենքում տեղավորվեց ԼՂՀ արտաքին գործերի նորաստեղծ նախարարությունը, փաստորեն, ստանձնելով ռազմական հաղթանակները դիվանագիտական ճակատում ամրապնդելու էստաֆետը։ Թեև դրականորեն են նշվել Աղդամի ռազմագործողության ժամանակ մեկական ինքնաթիռ և ուղղաթիռ ցած գցելու, ինչպես նաև ՀՕՊ տեխնիկայի մի շարք վերանորոգողական - կանխարգելիչ աշխատանքների, մասնավորապես՝ ԲՄ-11 և ԲՄ-12 մեքենաների վերանորոգման ու մյուս սարքերի և համակարգերի անսարքությունների վերացման հաջողությունները, միաժամանակ, բարձրաձայնվել է Լեռնային Ղարաբաղի բարդ մակերևույթի պայմաններում տարբեր համակարգերի նորմալ գործունեության կարգավորման, փոխգործակցության ու փոխհամալրման ուղղությամբ մեծածավալ աշխատանք տանելու անհրաժեշտության մասին։ Մանավանդ, որ հենց այդ թերութ-յուններով էին պայմանավորված հակառակորդի ՌՕՈՒ հանկարծակի ու անպատիժ հարձակումները, որոնք ուղեկցվում էին խաղաղ քաղաքների, գյուղերի ու ԻՊՈՒ դիրքերի ռմբակործանիչ հարվածներով։ Զգալի աշխատանքներ են կատարվել ինժեներական ծառայության գծով։ Հաջողվել է նվազեցնել սեփական ու հակառակորդի ականների վրա կորուստներ կրելու դեպքերը, թեև եղածն էլ ոչ մի արդարացում չուներ։ Խնդիր էր դրվում ընդլայնել կանխարգելիչ միջոցառումներն ու նախազգուշացումները, ինչպես նաև ականների որոնման ու ոչնչացման աշխատանքները։ Միաժամանակ արձանագրվում են ականազերծման մեծածավալ աշխատանքները Շելլի - Աղդամ, Մուղանլու - Աղդամ, Ադամ - Գյոյթեփե ուղղություններով, ինչպես նաև §Պուշկեն-յալ¦ - Փափրավենդ -Շահբուլաղ տեղամասում և Աղդամի օդանավակայանի շրջանում։ §Դրանից բացի այստեղ,-նշված է հրամանում,- սարքավորվել են երկարաժամկետ կրակակետեր և կրակային դիրքեր։ Տարբեր ուղղություններով կարգի են բերվում և բացվում են ճանապարհներ զրահատեխնիկայի համար¦։ ԻՊՈւ հրամանատարությանը հուզել է նաև մարտի վարման ժամանակ զգոնության ու մարտական աչալրջության ուժեղացման հարցը, որի վկայությունն է դրա մասին հատուկ հրամանի ընդունումը։ Այնտեղ 1993 թ. առաջին կեսի մարտական գործողությունների վերլուծության հիման վրա նշվում են թերությունները և չարդարցված կորուստերը, հրամայվում է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ։ Թեև հուլիսի սկզբին հետախուզության առանձին ստորաբաժանումների հիման վրա ստեղծվել էր հետախուզական գումարտակ, բայց ՊԲ հրամանատարը գոհ չէր հետախուզությունից։ Հրամանում նշվում էր, որ հնարավորությունների չափով չէր գործել ԻՊԿ հետախուզության բաժինը։ §Հետախուզաորոնողական աշխատանք, գործնականում, չի տարվում։ Հակառակորդի մասին տվյալները կամ ընդհանրապես բացակայում են կամ ստացվում են ուշացումով։ Ոչ հստակ է կազմակերպված հետախուզության գործունեությունը պաշտպանական շրջաններում¦։ Դրան հակառակ, բավական հուսալի է գործել կապը՝ մարտում ստորաբաժանումները ղեկավարելու ժամանակ։ Առկա սարքավորումներն օգտագործվել են գրագետ ու բանիմացաբար։ Աղդամի կրակակետերի ճնշման ժամանակ մեծ օգնություն է ցուցաբերել ռադիոէլեկտրոնային պայքարի դասակը։ Մասնավորապես կազմակերպվել է շուրջօրյա մարտական հերթապահություն և ակտիվ աշխատանք է տարվել հակառակորդի զորքերի ղեկավարման ժամանակ կապի կազմալուծման նպատակով հիմնական օբյեկտների ճնշման ուղղությամբ։ Հրամանում շեշտվում է բաց ռադիոփոխանակումների ժամանակ գաղտնիության ռեժիմի բարձիթողի վիճակը, միանգամայն գաղտնի տեղեկույթը բաց տեքստով ոչ հազվադեպ հաղորդումը։ Դրանից բացի, ցավով է արձանագրվում, որ եթերը զբաղեցվում է գործին չվերաբերող խոսակցություններով։ Նշվել է նաև վերանորոգողների փառավոր աշխատանքը։ Հուլիս -օգոստոս ամիսներին նրանց կողմից վիթխարի աշխատանք է տարվել զրահատեխնիկայի, ավտոփոխա-դրամիջոցների ու սպառազինության նորոգման և վերականգնման ուղղությամբ։ Մասնավորապես վերանորոգվել է 19 միավոր Տ-72 տանկ, 56 միավոր ՀՄՄ-1, ՀՄՄ-2, ՄՎՏՄ, 4 միավոր «Գրադ» կայանք, 75 միավոր ԿԳՏ, ԴՇԿ, ԿԳՄ, §Ուտյոս¦ տիպի գնդացիրներ։ Անմիջապես մարտական դիրքերում մեծածավալ աշխատանքներ են տարել արտագնա բրիգադները, տեղում վերանորոգելով 18 միավոր Տ-72 տանկ և 16 միավոր ՀՄՄ-1, ՀՄՄ-2։ Անբավարար է համարվել կազմզորահավաքային բաժնի աշխատանքը։ Մասնավորապես նշվել է, որ դեռևս չեն զորակոչվել բոլոր այն անձինք, ովքեր ռազմական ժամանակ ենթակա են զորակոչի։ Տարբեր պատճառներով զինապարտությունից ազատված քաղաքացիները ոչ միշտ են ունենում համապատասխան փաստաթղթեր, իսկ նրանք, ովքեր ունեն, հաճախ հնացած են բժշկական հանձնաժողովի հետազոտման վաղեմության առումով։ Հաջողությունների ու թերությունների վերհանումը ԻՊՈՒ հրամանատարությանը հնարավորություն է ընձեռում անհետաձգելի միջոցներ ձեռնարկել դրականը զարգացնելու, իսկ բացասականը վերացնելու ուղղությամբ։ Այդ իսկ նպատակով ՊԲ հրամանատարի տեղակալներին, ՊՇ-ների ու գումարտակների հրամանատարներին հրամայվել է խիստ միջոցներ ձեռնարկել զինվորական կարգապահության հետագա ամրապնդման, առկա թերությունների շտկման, զորամասերի մարտունակության բարձրացման ուղղությամբ և սեղմ ժամկետում ՊԲ շտաբ ներկայացնել զորատեսակների ու ենթակա ստորաբաժանումների մարտունակության մասին տեղեկանք։ ՊԲ շտաբի կապի պետին հրամայվում է վերահսկողության տակ վերցնել գաղտնի տեղեկությունների հաղորդումը, պայքար ծավալել ալիքների փակման և ռադիոփոխանակումների ժամանակ գաղտնիության պահպանման համար։ Աղդամի կրակակետերի ճնշումը, հակառակորդին ստիպելով մի առ ժամանակ դադարեցնել մարտական գործողությունները, հնարավորություն տվեց ի հակակշիռ Ադրբեջանի ռազմական նախապատրաստությունների, ավելի մեծ ուշադրություն հատկացնել բանակաշինության գործընթացին։ ԻՊԿ նախագահի 1993 թ. հուլիսի 28-ի հրամանով հրահանգվում էր ուժեղացնել ռազմաճակատի պաշտպանական համակարգը, շեշտադրելով հատկապես Աղդամի շրջանում անհետաձգելի միջոցառումները։ Այսպես, 3-րդ ՊՇ խնդիր ստացավ զրահատեխնիկայով ու հրետանիով ուժեղացված ստորաբաժանումներով պաշտպանությունն ամրապնդել Գյոյթափա - Աղդամ բնագծում՝ հակառակորդի ճեղքման փորձերը հետ մղելու նպատակով։ Հրամայվում էր պատրաստականության բերել ՊՇ-ի հրետանին, հակատանկային ռեզերվը, հրաձիգ-հակաօդայիններին, բարձրացնել համազորային պահեստազորի մարտական պատրաստականությունը հանկարծահաս խնդիրների լուծման համար։ Անշուշտ, նման միջոցներ ձեռնարկվեցին նաև մյուս պաշտպանական շրջաններում։ Առանձնապես հստակեցվեցին ու վերանայվեցին նրանց օպերատիվ-մարտավարական խնդիրները, քայլեր ձեռնարկվեցին հարևան ստորաբաժանումների միջև փոխգործակցության և նրանց պաշտպանական հատվածների ամրաշինական կառույցների կատարելագործման, ռազմագործողություններում շրջանային ուժերի ու միջոցների, պահեստազորի նպատակային օգտագործման ուղղությամբ։ Ռազմական տեխնիկայով ու սպառազինությամբ համալրումը, թեև հիմնականում կատարվում էր հակառակորդից առգրավված ռազմավարի միջոցով, բայց բավարարում էր ընթացիկ խնդիրների լուծման պահանջները։ Այս ձեռնարկումները, կազմելով 1992 թ. օգոստոսի 14-ին սկիզբ առած Արցախի ինքնապաշտպանության ուժերը բանակային կառույցների վերակազմակերպման գործընթացի բաղկացուցիչ մասը, եզրափակվեցին ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) 1993 թ. նոյեմբերի 10-ի համապատասխան որոշմամբ։ ԻՊՈՒ համոզիչ հաղթանակները ռազմաճակատներում, անվտանգության գոտու ստեղծումը ԼՂՀ շուրջ լուրջ հիմքեր էին միջազգային իրավական չափանիշներին համապատասխանող կանոնավոր զինված ուժեր ստեղծելու համար, ինչը պայմանավորված էր նաև պատերազմի բնույթով ու ծավալների ընդլայնմամբ, ինչպես նաև մարտական նոր ու ավելի բարդ խնդիրների առաջադրմամբ։ Այդ որոշմամբ ՊԲ հրամանատարությանը հանձնարարվել է սեղմ ժամկետում ՊՊԿ հաստատմանը ներկայացնել Պաշտպանության բանակի կառուցվածքը։ Այն ներկայացվեց ու ՊՊԿ նախագահի կողմից հաստատվեց 1994թ. հունվարի 4-ին։ Այսպիսով, Աղդամի ռազմահենադաշտի վնասազերծումը ունեցավ ոչ միայն ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, այլ նաև դրականորեն ազդեց Արցախում ռազմական շինարարության գործընթացի վրա, նպաստելով ինքնապաշտպանության ուժերը ժամանակակից բանակային կառուցվածքի փոխա-կերպելուն, ինչը կանխորոշեց 1993-1994 թթ. ձմեռային պատերազմափուլի ծանր պաշտպանական մարտերի, ապա և ՊԲ հակահարձակողական գործողությունների հաջողությունը։
|