ԱՆԱՓ ԿԱՐՈՏՈՎ ԵՎ ՊԱՐՏՔԻ ԲԱՐՁՐ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ
08.08.2012 17:10

Բժիշկը կարող է տիրապետել հզոր ճանաչողական տաղանդի,

որսալ իր նշանակության ամենանուրբ դետալները,

և ողջը կմնան անպտուղ, եթե նա չունի

հիվանդի հոգին գրավելու ու ենթարկեցնելու ընդունակություն:
Վ.Վ. Վերեսարև

Բնակվել հայրենիքից հեռու, սակայն հայրենիքի կարոտն ու ցավը

սրտներում... Ասկերանցիներին քաջածանոթ է բժիշկ Վոլոդյա Թովմասյանի անունը։ Բոլորը նրան գիտեն որպես իր մասնագիտության լավագույն գիտակի. հիվանդանոցում հիվանդների հույսն ու հավատն էր բժիշկ Թովմասյանը, իսկ առօրյա կյանքում Մարդ՝ ով օժտված է մարդկային վեհագույն արժանիքներով։ Նույն ոգով էլ դաստիարակել է իր երկու զավակներին՝ Կարենին և Վիգենին, ովքեր ականատեսը լինելով բժշկի բարդ ու պատասխանատու գործին՝ գնացել են հոր արահետներով։ Եվ այսօր նրանք անվանի բժիշկներ են, որոնց անունները լսելով մենք հպարտությամբ ենք լցվում։ 
Ամառային այս շոգ օրերին, երբ շատերը մտածում են որեւէ տեղ հանգստանալու մասին, Վ. Թովմասյանի կրտսեր որդին՝ Վիգեն Թովմասյանն ընտանիքի հետ կտրելով հարյուրավոր կիլոմետրեր եկել է հայրենի Արցախ՝ ասել է թե համատեղելու հաճելին օգտակարի հետ։ Բժիշկ Թովմասյանը երկար տարիներ է ինչ բնակվում է Ուկրաինայի Վիննիցա քաղաքում։ Բժշկական գիտություների դոկտոր Վիգեն Թովմասյանը 2002թ. հիմնադրել է ՝ԹՈՎՄԵԴ՝ ՍՊ ընկերությունը, որի գործունեությունն սկսվել է հարմարավետ ռեստորան բացելով։ Դրան զուգահեռ նա բժշկական ասպարեզում նորանոր բարձունքներ է նվաճել։ Տաղանդավոր բժիշկն իր գերնպատակին հասել է 2007 թվականին՝ հիմնադրելով ՝ԹՈՎՄԵԴ՝ բազմաբնույթ բժշկական կլինիկան։ Կլինիկայի կոլեկտիվը ձեւավորվել է լավագույն մասնագետներից, հիվանդանոցը կահավորված է ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին։ 
 Վերջին տարիներին բժիշկ Թովմասյանը մեծ հաջողությունների է հասել բուժման նոր մեթոդ առաջարկելով, այն է՝ փուլային ֆիբրոտոմիա։ Վիգեն Թովմասյանի հաշվին հազարից ավելի նման վիրահատություններ են գրացված։ Ծննդավայր Ասկերանում էլ երկօրյա անվճար բժշկական ծառայություն մատուցելու եւ տարբեր հիվանդություններից բուժելու այս մեթոդն է կիրառել։ Այս օրերի ընթացքում նա ընդունել է 70-ից ավելի այցելուների, որոնցից 60-ի մոտ հայտնաբերված տարբեր հիվանդությունների դեմ Վ. Թովմասյանը վիրահատություն է կատարել։ Հարկ է նշել, որ մեր համերկրացին, իր հետ ահագին բժշկական պարագաներ էր բերել, որպեսզի նման առաքելություն իրականացնելու համար Ասկերանի հիվանդանոցին, այսպես ասած ՝նեղություն չտա՝։ 
 Երբ հանդիպեցի Վիգեն Թովմասյանի տիկնոջ Մարինային եւ երեխաներին, թվաց թե ամբողջ հավերժություն է, ինչ նրանց գիտեմ։ Տիկին Մարինան մի բարեհամբույր անձնավորություն է, ով կյանքի բոլոր փուլերում կանգնած է ամուսնու կողքին, նրա թեւն ու թիկունքն է։ Հիմա էլ, երբ ամուսինը Ասկերանի հիվանդանոցում իր ծառայությունն է մատուցում` խրախուսում է ամուսնու նման մարդասիրական արարքը։ §Վիգենը լինելով ընտանիքի լավ հայր եւ սիրված ամուսին, չի կարող անտարբեր լինել իր ժողովրդի նկատմամբ։ Ես գտնում եմ, որ յուրաքանչյուրիս պարտքն է օգտակար լինել Արցախի հերոսական ժողովրդին¦։ Մարինան նույնպես բժիշկ է ու բժշկությունն այս ընտանիքում ապրելակերպ է։ Լինելով արմատներով Ջավախքից իր երկու երեխաներին դաստիարակել է հայրենասիրական ոգով։ Այդ է պատճառը, որ չնայած նրանք ծնվել եւ մեծացել են Ուկրաինայում, լավ տիրապետում են հայերենին։ Աղջիկը՝ Էմիլիան ուսանում է Կիեւի Միջազգային հարաբերությունների համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։ Տղան՝ Էդվինը փոխադրվել է 6-րդ դասարան։ Իմ այն հարցին, թե ի՞նչ ես դառնալու, նա առանց երկմտալու պատասխանում է՝ ՝Բժիշկ։ Ինչպես եւ իմ հայրը, ես նույնպես որոշել եմ հորս հետքերով գնալ՝։ ՝Ձեզ դո՞ւր եկավ Արցախը՝ հարցի պատասխանը բոլորի համար միանշանակ՝ ՝Այո՝-ն էր։ Այս կարճ ժամանակում ընտանիքով եղել են Գանձասարում, Շուշիում, Տիգրանակերտում։ ՝Ջանում ենք ինչքան հնարավոր է ծանոթացնել երեխաներին մեր հերոս ժողովրդի պատմությանը՝ այցելելով Արցախի տեսարժան ու պատմական վայրերը։ Հիասքանչ է Ղարաբաղը, ինչպես նաեւ նրա բնակիչները՝,- ասում է Մարինան։
Հանդիպելով բժիշկ Վ. Թովմասյանին փորձեցինք փոքրիկ հարցազրույց ունենալ նրա հետ։
- Բժիշկ, որն է Ձեր՝ Արցախ կատարած այցի նպատակը։
-Երկար տարիներ է, ինչ երազում եմ երեխաներիս իմ ծննդավայր բերելու մասին։ Ուզում եմ որ նրանք տեսնեն, թե ինչ հյուրասեր ու հայրենասեր ժողովուրդ են արցախցիները, ինչ հիանալի բնություն ունենք մենք եւ ինչպիսի միջավայրում եմ մեծացել։ Միաժամանակ ուզում եմ իմ նպաստը բերել իմ բազմաչարչար ժողովրդին։ Մի խոսքով՝ եկել եմ տարիների կարոտն առնելու և օգտակար լինելու համար։
Շուրջ քսան տարի է ինչ այստեղ չեմ եղել, բայց ասեմ, որ Ասկերանը գրեթե չի փոխվել։ Այստեղ ամեն ինչ իմ մանկությունն է հիշեցնում։ Իսկ ահա մայրաքաղաք Ստեփանակերտը շատ է փոխվել։  
- Ո՞րն է փուլային ֆիբրոտոմիայի առավելությունը։
- Նման եղանակով վիրահատություն կատարելու ժամանակ մեծ բացվածք չենք անում եւ վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացման միջոցով, իսկ վիրահատությունից հետո հիվանդը ստացիոնարում չի մնում։ Այս մեթոդով վերացնում ենք տեղային մկանային ցավի սինդրոմը՝ մկանների աշխատանքը բարելավալու նպատակով։ Վաղ ժամանակաշրջանում մկանային համակարգի խախտումը հայտնաբերելով եւ այն կանխարգելելով մենք կանխում ենք օրթոպեդիկ հիվանդությունները։
- Ձեր խորհուրդն ու պատգամը կուզենայինք լսել։
-Առողջությունը մարդուն ի վերուստ տրված գանձ է ու այն պետք է պահել ու փայփայել։ Ցավոք, շատերը դա գիտակցում են միայն այն ժամանակ, երբ առողջության հետ կապված որոշակի խնդիրներ են առաջանում։ Խորհուրդ կտայի հաճախակի հետազոտվել, քանի որ շատ հիվանդություններ առաջանում են առողջությանն անփութորեն վերաբերվելու արդյունքում։ Եվ միշտ պետք է հիշենք, որ հիվանդությունն առավել դուրին է կանխարգելել սկզբնական փուլում։ Այնպես որ, մի վախեցեք բժշկի դիմելուց։
-Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք։
-Պայմանավորվածություն ունենք ԼՂՀ առողջապահության նախարար Կ. Մովսիսյանի հետ։ Ցանկություն եմ հայտնել կենտրոնական ներվային համակարգի խախտում ունեցող երեխաներին որոշակի բժշկական օգնություն ցուցաբերել։ Հուսով եմ դրանով իսկ փոքր-ինչ կթեթևացնեմ նրանց հարազատների հոգսերը։
-Ի՞նչ կցանկանայինք մաղթել ասկերանցիներին եւ առհասարակ արցախցիներին։
- Որպես բժիշկ, նախ, ողջ հայերին առողջություն եմ ցանկանում, ապա համերաշխություն ու միաբանություն։ Արցախին էլ կայուն ու հարատեւ խաղաղություն։
Բժշկությունը Վ. Թովմասյանի կյանքի իմաստն է։ Իրենց առողջությունն ու կյանքը բժշկին վստահած յուրաքանչյուր քաղաքացու նա նախ և առաջ ջանում է հավատ ներշնչել, իսկ հավատը բժշկի հանդեպ ամենաթանկ դեղամիջոցն է։ Եվ բժիշկ Թովմասյանին հաջողվել է իր ամենամարդամոտ մասնագիտությամբ շահել բազմաթիվ մարդկանց հավատը, հարգանքն ու վստահությունը (անկախ ազգությունից)։ Ասում են՝ բժիշկը պետք է ունենա արծվի հայացք, աղջկա ձեռքեր, օձի իմաստնություն և առյուծի սիրտ: Նման հատկանիշներով է օժտված մեր համերկրացի բարձրակարգ բժիշկը։ Այս կարճ ժամանակահատվածում տասնյակ ընտանիքների ցուցաբերած բուժօգնության համար երախտագիտություն ենք հայտնում մեր ականավոր համերկրացուն։ Աստված Ձեր բազկին նոր ուժ տա բժի՛շկ, եւ Ձեր բոլոր մտահղացումները հաջողությամբ պսակվեն։

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter