ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՈՂՆ ՈՒ ԿՐՈՂԸ
28.08.2012 23:35

  Նորից թերթում եմ մեր ընտանեկան ալբոմը…
   Ահա տատիկիս հայրը, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ օդաչու էր, սակայն իր վերջին թռիչքն ավարտեց վթարով՝ այդպես էլ չվայելելովայդքան փափագած հաղթանակի բերկրանքը:
   Ո՞վ գիտե, գուցե նա հիմա տեսնում է իր անկախ երկիրը, և հոգին թևեր առնելով սավառնում է անկախ ու ծաղկուն Հայոց աշխարհի վրայով: Ահա հորեղբայրս, որ Արցախյան ազատագրական շարժման ժամանակ դեռ 16-17 տարեկան էր, բայց դարձավ տանկիստ ու նրա տանկն առաջինն էր, որ մտավ ազատագրված Աղդամ:
  Ահա հայրս, որի կրծքին պսպղում է «Մարտական խաչ» II աստիճանի շքանշանը ու արիության մեդալը: Նա Արցախյան ազատագրական շարժման

ակտիվիստներից էր և Շարժման առաջին իսկ օրվանից պայքարում էր Ղարաբաղի անկախության համար: Միաժամանակ սովորում էր Երևանի պետական համալսարանում, չնայած, որ բաց չէր թողնում որևէ իրադարձություն և ամեն պատեհ առիթ օգտագործում էր` վերադառնալու Ղարաբաղ` հայրենի երկիր: Եվ հենց բժշկականում սովորելու տարիներին ստացած գիտելիքներն էին, որ օգնեցին նրան լինել թե՛ բժիշկ, և թե՛ ազատամարտիկ, փրկել շատ ու շատ վիրավոր ընկերների: Հայրս նաև հետախույզ է եղել: Մինչև հիմա տանը պահում ենք Աղդամի հետախուզության ժամանակ թուրքական տանկի վրայից պոկած դրոշը` ինչ-որ պաշտոնյայի մակագրությամբ: Հայրս անգամ ոտքով բարձրացել է Օմարը, տանջանքներ ու չարչարանքներ կրել այնտեղի հավերժական ձյուներում, բայց միաժամանակ կարողացել է մնալ առաքինի զինվոր և մեծահոգաբար վերաբերվել իր կողմից բռնած 2 գերի ասկյարների ճակատագրին:
Բայց հենց վիրավոր ընկերոջը փրկելիս էլ վիրավորվել է` թշնամու փամփուշտը կտրել էր նրա ձախ ոտքի զարկերակը: Դրանից հետո (1994թ. ապրիլի 19-ին) նրան տեղափոխել են Երևան, ապա Մոսկվա, որտեղ չորս անգամ վիրահատվել է: Սակայն այդքանից հետո ուժ է գտել իր մեջ ու աշխատանք սկսել իր երկրում, այն երկրում, որի համար պայքարել է, արյուն թափել:
 … Եվ հիմա, ո՞վ է այդ անկախությունը կրողը. մենք` հորս չորս որդիները: Մեզնից յուրաքանչյուրը ոգևորված ուզում է բանակ գնալ, մեզնից յուրաքանչյուրը հպարտանում է իր հոր սխրանքներով: Ամենքս մի-մի սերմ ենք, որ պետք է ծիլ տանք ու ծաղկենք այն հողի վրա, որի համար մեր հայրերն իրենց արյունն են թափել, մենք պետք է լինենք մեր երկրի այն ամուր սյուները, որոնք պետք է պահեն ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, որից ծնվում են ծանր հուշեր ու ցավ, սակայն այդ ցավն արդարացված է:

 

Ասկերանի շրջան, գյուղ Խնապատ
Հովսեփյան Արա Հրայրի

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter