ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆ - ԱՐՑԱԽ
28.08.2012 23:50

  Արդեն ավանդույթ է դարձել Հայաստանի Երկրապահ Կամավորականների Միության ամենամյա ուխտագնացությունը Մայր Հայաստանից դեպի Արցախ աշխարհ, որին բոլորս սպասում ենք հուզմունքով ու մեծ ուրախությամբ: Այդ ճանապարհն անցնում է մեր երկրի անկախության ու ազատության համար մղված մարտադաշտերով, որտեղ բազում քաջորդիներ իրենց կյանքն են նվիրաբերել հանուն մեր երկրի բարգավաճ ապագայի: Ուխտագնացության ակունքներն սկիզբ են առել 1993 թվականից ու տարեց - տարի ավելի է շատանում ուխտագնացների թիվը: 
  Ուխտագնացության շրջանակներում բազմաթիվ բարեգործական առաքելություններ են իրականացվում՝ մշակույթի, արվեստի, բուժսպասարկման, կրթական և այլ ոլորտներում, որին մասնակցում են Հայաստանից ժամանած, ինչպես նաև արցախցի զոհված ազատամարտիկների ծնողներ, հարազատներ, մտավորականներ, տարբեր բնագավառների աշխատողներ: Նյութական մեծ օգնություն է ցուցաբերվում դպրոցականներին, բուժսպասարկման օբյեկտներին, կազմակերպվում են բազմաթիվ բարեգործական ակցիաներ:
  Օգոստոսի 17-ին Ասկերանի մշակույթի տանը կազմակերպվեց մի գեղեցիկ միջոցառում, որին մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, դպրոցականներ, ասկերանցիներ: 
  Ելույթ ունեցավ Հայաստանի ԵԿՄ քարոզչության բաժնի պետ Հակոբ Հակոբյանը: Նա միության նախագահ, Արցախի հերոս, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի անունից ողջունելով ասկերանցիներին` միաժամանակ նշեց.
  - Ավանդական դարձած այս ուխտագնացությունը նվիրված է Արցախի անկախության 21-րդ տարեդարձին: Ուխտագնացության պատմությունը գալիս է ազատամարտի տարիներից: Սովորաբար սկսվում է մայիսի 8-ից ՀՀ-ում, այնուհետև ՀՀ բնակչության բարձր ոգին և տրամադրությունը տեղափոխում ենք Արցախ: Հանդես են գալիս Հայսատանում ճանաչված համույթներ, ուխտագնացությանը մասնակցում են պատանիներ և երիտասարդներ, որոնք հանդես են գալիս ցուցադրական վարժանքներով: Բացի համերգներից կազմակերպվում է նաև տարբեր տեսակների օգնություն: Արդեն 4 տարի է, ինչ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի կողմից նոր ուսումնական տարվա նախաշեմին առաջին դասարանցիներն ապահովվում են պայուսակներով և անհրաժեշտ գրենական պիտույքներով: Մեզ համար անչափ հաճելի է շփվել Արցախի հերոս ժողովրդի հետ, ավելի մոտիկից ծանոթանալ նրա ավանդույթներին, նիստ ու կացին, ներկա սերունդի հետ և զգալ, որ մենք միասնական ենք և ուժեղ:
  Այնուհետև, ուխտագնացները հանդես եկան գեղեցիկ համերգով: Մասնակցում էին ՀՀ ճանաչված «Հայկազունք» գուսանական համույթը, Էջմիածնի «Վաղարշապատ» երգի ու պարի թատրոնը, «Արտիմեդ» ժողովրդական երգի ու պարի համույթը: 
  Հայրենասիրական երգերը մի առանձին ոգևորություն էին տարածում դահլիճում: Հանդիսատեսը զգում էր օրվա խորհուրդը և գիտակցում ու գնահատում ուխտագնացների սուրբ գործը: Առավել մեծ բերկրանք զգացվեց, երբ ելույթ ունեցավ Էջմիածնից ժամանած զիվորի մայր Կարինե Մկրտչյանը: Նա հպարտությամբ շեշտեց, որ իր որդին ծառայում է Ասկերանի գնդում, ինչի համար նա ուրախ ու հպարտ է: Հանձին իր որդու առողջություն և հաջողություններ մաղթեց բոլոր զինծառայողներին: Կ.Մկրտչյանն իր գեղեցիկ երգերով ավելի բարձրացրեց ներկաների տրամադրությունը:
  Համերգի վերջում շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը շնորհակալություն հայտնեց համերգի մասնակիցներին հիանալի միջոցառման և բարձր բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծելու համար` նշելով, որ նման հանդիպումները միշտ էլ ցանկալի ու ողջունել են ասկերանցիների համար: Միաժամանակ նա ուխտագնացության և համերգի մասնակիցներին պարգևատրեց վարչակազմի շնորհակալագրով և պատվոգրերով՝ ցանկանալով այդ ազգանպաստ գործում անխոչընդոտ ճանապարհ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter