Սղնախն Արցախի հնագույն ամրոցային բնակավայրերից է` իր յուրահատուկ գեղատեսիլ բնությամբ, փարթամ անտառներով: Այստեղ օդն ու ջուրը մաքուր են և առողջարար, իսկ ժողովուրդը` աշխատասեր և հյուրասեր: Նրանք իրենց գյուղի անվանը համապատասխան նաև ամուր են ու խիզախ: Սղնախցիները զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակմամբ: Համայնքում այսօր կա
70 տնտեսություն` 290 բնակիչներով: Գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 31 աշակերտ: Դպրոցն ապահովված է մասնագետ ուսուցիչներով: Վերջերս առիթ էր եղել լինել այդ պատմական գյուղում, մոտիկից ծանոթանալ ժողովրդի նիստ ու կացին ու զմայլվել գյուղի մաքուր և բարեկարգ փողոցներով: Հենց գյուղամիջում հավաքվել էին գյուղի տարեց մարդիկ ու հանգիստ զրուցում էին. թերևս իրար հետ կիսելու շատ բան ունեին, գուցե վերհիշում էին գյուղի պատմությունը, Արցախի ազատամարտում նահատակված սղնախցի քաջորդիներին ու ավելի բարգավաճ ապագա երազում գալիք սերունդների համար: Հետզհետե նրանց միանում էին նաև երիտասարդ սղնախցիներն ու միանգամից զրույցի բռնվում: Իսկ զրույցն անկաշկանդ էր, փոխըմբռնված և հաճելի հումորով շաղախված: Ահել, թե ջահել խոսում էին հարազատ գյուղի մասին, ցանկանում էին հյուրերի մոտ հպարտանալ իրենց նորակառույց գյուղապետարանի շենքով: - Որ մի համայնքն ունի նման գեղեցիկ շենք, ուր զետեղված են գրադարանը, մշակույթի տունը, որտեղ երիտասարդությունը կարողանում է կազմակերպել իր հաճելի ժամանցը: Իսկ մեր հանդիսությունների տունը ծառայում է ոչ միայն մեզ, այլև մոտակա գյուղերին, որի համար շատ ուրախ ենք ու հպարտ: Մեր գյուղի սառնորակ աղբյուրները, չքնաղ բնությունը, ժողովուրդը պարտադրում են մեզ` երիտասարդ սերնդին սիրել գյուղը: Աշխարհի ոչ մի անկյուն չեմ փոխի իմ ծննդավայրի հետ,- պարծանքով նշում է Աշոտ Հայրիյանը: Այս զրույցին անխոս, գորովանքով լի հայացքով հետևում էր տարեց մի մարդ, որի հայացքից մի առանձին բարություն ու սեր էր հորդում: Նրա աչքերում լճացած արցունքներ էին նկատվում: Պարզվեց, որ նա վաստակաշատ մանկավարժ Ռուբեն Սարգսյանն էր, որը հիացմունքով էր ունկնդրում իր սիրելի աշակերտների մեկնաբանությունները, գնահատում նրանց հայրենասիրությունը: Ռ. Սարգսյանը քիմիայի և կենսաբանության փայլուն մասնագետ էր, երկար տարիներ աշխատում էր որպես դպրոցի տնօրեն: Իսկ այսօր նա արդեն մի դողդոջուն ծերունի է, որ կարիք ունի ուշադրության ու հոգատարության: -Տարիներ ի վեր զբաղվել եմ մատաղ սերնդի կրթման և դաստիարակման վեհ գործով: Լինել իսկական մանկավարժ, թերևս, այնքան էլ հեշտ չէ: Այսօր ես հպարտ եմ, որ կարողացել եմ իմ կոչմանը հավատարիմ մնալ, իսկ այս պահին սիրտս հուզմունքով է լցվում, երբ տեսնում եմ, թե մեր գյուղում ինչպիսի երիտասարդություն է աճում: Ասել է թե, մեր` մանկավարժներիս աշխատանքն ունեցել է իր արդյունքները: Համոզված եմ, որ այդ հայրենասեր երիտասարդների շնորհիվ մեր գյուղը միշտ շեն կմնա: Այժմ անցել եմ վաստակած թոշակի, չնայած այն այնքան էլ բարձր չէ, սակայն չեմ դժգոհում: Միայն նրա համար եմ ցավում, որ առողջությունս չի ներում զբաղվելու ֆիզիկական որևէ աշխատանքով: Հիմնական ծանրաբեռնվածությունն իմ տիկնոջ վրա է, որը նույնպես թոշակառու ուսուցչուհի է: Խանդաղատանք եմ զգում, երբ տեսնում եմ գյուղիս բարեկարգ և մաքուր փողոցները, գյուղապետարանի և հանդիսությունների շենքերը, միաժամանակ սիրտս անվերջ ճմլվում է, որ մեզ հետ չէ բարերար Մարատ Հակոբջանյանը, որի բարեգործության շնորհիվ Սղնախը հասավ այդպիսի հաջողությունների: Մեր գյուղացիները` մեծից փոքր երախտապարտ ենք նրան ու հավերժ կհարգենք նրա հիշատակը,- ընդգծում է ընկեր Սարգսյանը: Վաղուց չէինք մասնակցել նման անբռնազբոս զրույցի: Միգուցե մարդիկ կարիք ունեին իրենց մտքերը կիսելու այլ տեղերից եկածների հետ, խոսելու հայի համար ամենակարևոր խնդրից` Արցախի հիմնահարցից: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ թշնամին կարող է հասնել իր ուզածին և հետ վերցնել մեր ազատագրած հողերը: Նրանք պատրաստ էին, հարկ լինելու դեպքում զենք վերցնել և վերստին պաշտպանել Հայրենիքը: «Վերջապես ապրում ենք խաղաղ և անկախ երկրում, սակայն միշտ պետք է լինենք զգոն, քանզի թշնամին երբեք քնած չէ: Կյանք տեսած և ամեն ինչին համակերպվող կին եմ: Այսօր ստեղծված են բոլոր պայմանները լավ և բարեկեցիկ ապրելու համար, հարկավոր է միայն ցուցաբերել աշխատասիրություն և պատասխանատվություն, իսկ սղնախցիներն աշխատասեր ժողովուրդ են: Այ, եթե թոշակներն էլ մի քիչ բարձր լինեին…,- շիկնելով և համեստորեն ասում է թոշակառու Նորա Հովսեփյանը՚: Համայնքի առկա խնդիրների մասին իր մտորումները մեզ հետ կիսեց համայնքի ղեկավար Սուրեն Հովսեփյանը. -Այսօր սղնախցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ինչի համար կառավարության որոշմամբ տրամադրվում են անասնապահական վարկեր: Ցավոք սրտի, գյուղացիները չեն կարողանում օգտվել այդ վարկերից, ցանկության դեպքում էլ կանգնում ենք դժվարությունների առաջ: Այդ վարկերը կխթանեին անասնապահության զարգացումը Սղնախում: Մեր գյուղը հայտնի է իր բարձրորակ կարտոֆիլով ու կաղամբով, սակայն բերքը իրացնելիս նույնպես դժվարություններ են ծագում: Համայնքը կարիք ունի նաև դպրոցի նոր շենքի կառուցման, քանի որ այն գտնվում է անմխիթար վիճակում: Ուրախությամբ եմ նշում, որ մեր գյուղ է տեղափոխվել եւ բնակություն հաստատել նոր կազմավորված մի ընտանիք: Այս տարի գրանցվել է 2 ծնունդ: Առանձնակի արտահոսք չի նկատվում, թեպետ գյուղում աշխատատեղեր չկան: Գյուղացիներն աշխատում են այլ տեղերում, սակայն բնակվում են գյուղում: Հիրավի, մեծ բավականություն ստացանք այս փոքրիկ զրույցից: Հասկացանք. Սղնախ գյուղում տիրում է իր կլիմային համապատասխան բարեխառն մթնոլորտ: Մարդիկ ցանկանում են օգնել մեկմեկու և պահպանել իրենց հարազատ բնօրրանը: Համոզված ենք, որ կլուծվեն համայնքի հրատապ խնդիրները և պատմական Սղնախն իր անվան նման ամուր կմնա: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |