ՀԱՆԴԻՊՈՒՄ 40 ՏԱՐԻ ԱՆՑ
29.08.2012 01:11

 

 Ինչքան երկար են ձգվում բաժանումներն, այնքան ավելի սպասելի են լինում հանդիպումները։ Ժամանակն անում է իր գործը։ Կարծես երեկ էր, սակայն 40 երկար ու ձիգ տարիներ են անցել։ 40 տարի… Մի ամբողջ կյանք, որն անցավ մի ակնթարթում։ Ուղիղ 40 տարի առաջ Նորագյուղի միջնակարգ դպրոցին հրաժեշտ տվեցին դպրոցի 20-րդ թողարկման 20 աշակերտները։ Ու գնացին՝ ամեն մեկն իր ընտրած ճանապարհով։ Բազում դժվարությունների ու

կյանքի դաժան փորձությունների ենթարկվեցին շատերը, սակայն կարողացան հաղթահարել ծառացած բոլոր խոչընդոտներն ու Մարդ մնալ։ Դասարանն աչքի էր ընկնում իր շնորհալի աշակերտներով, ովքեր տարիներ անց հաստատեցին ասածս՝ դառնալով հասարակության համար պիտանի մարդիկ։ 
  Օգոստոսի 26-ին տեղի ունեցավ այնքան սպասված հանդիպումը։ Տարիների կարոտն ու կրկին հանդիպելու անչափ ուրախությունը պատել էր բոլորին ու խոսքերն անզոր են նկարագրելու այդ պահը։ Ստելան, Լաուրան, Անժելան, Գյուլնարան, Հրանուշը, Ալեքսանդրը, Էդուարդը, Ապրեսը, Շիրինը եւ Վալերին հանդիպելով Նորագյուղում դասարանցիներով այցի գնացին դասղեկ Մարուսյա Ենգիբարյանին եւ բոլորի միասին այցելեցին Նորագյուղի գերեզմանատուն, ուր ամփոփված է համադասարանցի Գավրուշա Պետրոսյանի աճյունը, ով ճակատագրի բերումով 1988թ. դեկտեմբերին 7-ի աղետալի երկրաշարժի զոհ դարձավ։ Ապա այցելելով Նորագյուղի միջնակարգ դպրոց՝ թարմ ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված նորագյուղցիների հիշատակը հավերժացնող հուշատախտակին։ Դպրոցական տարիներից որոշ դրվագներ վերհիշելուց հետո ճանապարհվեցին դեպի Հին Նորագյուղ՝ ճանապարհին լուսանկարվելով, ամեն մի ծառ ու թփի պատմությունը վերհիշելով։ Այստեղ էլ աչքը ճամփին ու տարիների կարոտը սրտում դրոշմված իրենց էր սպասում հին դպրոցական շենքը, որն ահա քանի տասնամյակ է ինչ զուրկ է չարաճճի երեխաների զիլ ճչերից։ Դպրոցը կրկին արթնացավ երկար նիրհից ու այցելուների ուրախ տրամադրությունը սփռվեց չորս բոլոր։ Ցավալի էր տեսնել, թե ինչ վիճակում է հայտնվել երբեմնի բարի համբավ վաստակած դպրոցը, որն այժմ խարխուլ ու անտիրական վիճակում է գտնվում։ Ասել է թե՝ փլվում է նրանց մակութ հուշերից մի քաղցր երազ։ Այստեղ էլ մեկ առ մեկ հիշվեցին դասավանդած բոլոր ուսուցիչները, նրանց պատգամներն ու խրատները։
  Տարիների կարոտն առնելուց հետո նրանք շարժվեցին դեպի Սարդարաշեն, որտեղ այցելեցին իրենց ուսուցիչ Հրաչիկ Սիմոնյանին։ Վերջինս անակնկալի էր եկել։ Ու սկսվեցին կրկին պատմություններն անցյալից, դասարանի լավ ու վատ սովորողներից, ընկեր Սիմոնյանի դասերից, ով ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի դասի նյութը հասցնի բոլորին։ Երբ չարություն էին անում ընկեր Սիմոնյանը սիրում էր կրկնել՝ Ձեզնից մարդ դուրս չի գա, որ էդպիսի բան էլ լինի էն ժամանակ ես չեմ լինի, կգաք՝ կկանչեք հե՜յ ընկեր Սիմոնյան՝ Մարդ եմ դարձել։ "Այսօր ես, իրոք հպարտ եմ, որ դասավանդել եմ այսպիսի կազմակերպված դասարանում, չէ որ այս դասարանը կատարել է իր առջեւ դրված բոլոր պարտավորություններն ու պարտականությունները՝ Արցախյան ազատամարտում տղաներն անվեհեր մարտիկներ էին, նրանցից Արծվիկ Շահբազյանն ու Սամվել Բարսեղյանը քաջաբար զոհվել են, դասարանն ունի թերթի երկու խմբագիր, շինարարներ, ձեռներեցներ, հոյակապ տանտիրուհիներ, որոնց որպես օրինակ են ցուցում, մի խոսքով բոլորն են Մարդ են դարձել",- հպարտությամբ եզրափակեց ընկեր Սիմոնյանը։ 
 Ապա այցելեցին ազատության ու անկախության համար մղված պայքարում նահատակված սարդարաշենցիների պատվին կառուցած հուշահամալիր։ Թարմ ծաղիկներ դրեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված համադասարանցիների եւ բոլոր այն տղաների հիշատակը, ովքեր արյան գնով ձեռք են բերել Արցախ աշխարհի անկախությունն ու ազատությունը։ Հարգանքի տուրք մատուցելուց հետո, նրանք շարժվեցին դեպի դպրոց։ Շարք կանգնեցին, ինչպես կանգնում էին դպրոցական տարիներին, եւ գերազանցիկ Լաուրա Խաչատրյանը զեկուցեց դասղեկին, որ դասարանը պատրաստ է տոնելու դպրոցն ավարտելու 40-ամյա հոբելյանը։ Հնչեց ընկեր Ենգիբարյանի խրոխտ "Ազա՛տ" - ը, կրկին ղողանջեց դպրոցական զանգը՝ այնքա՜ն քաղցր եւ սրտաճմլիկ կանչով, ու կարծես նրանք կրկին աշակերտացան։ Սակայն մեծ էր ափսոսանքն ու ցավը, երբ տեսան թե ինչպես է փլվել դպրոցական շենքի մի պատը։ Պատկերն ազդու էր, ու առանց խոսքերի ամենքն իրենց հոգիներում դառը կսկիծ էին ապրում։ Երբեմնի աշխույժ գյուղն այսօր իր խոր ծերությունն է ապրում, գյուղը գնալով սպառում է իրեն։ Սա, որքան էլ ցավալի լինի, սակայն փաստ է։ Սարդարաշենն հետզհետե անկում է ապրում, երիտասարդությունը գյուղում չի մնում, պայմաններ չկան երիտասարդ ընտանիքներին գյուղում պահելու համար։ Իսկ դպրոցական շենքի փլուզման փաստ էլ թողնում է, որպեսզի մենք անենք մեր հետեւությունները՝ որ մի ծնողը կցանկանա իր երեխան ուսում ստանա նման վտանգավոր պայմաններում։ Իսկ ուսումնական տարին էլ սարերի հետեւում չէ… 
  Դպրոցում էլ որոշակի դադար տալուց հետո գնացին մոտակա Նոր շեն կոչվող գյուղատեղին, ուր համադասարանցի Շիրին Ասլանյանն իր միջոցներով խաչքար էր կանգնեցրել եւ բարեկարգել շրջակայքը։ Այստեղ էլ մոմեր վառեցին ու կրկին զրույցի բռնվեցին, վերհիշեցին բոլոր համադասարանցիներին, ովքեր բնակվում են Արցախից դուրս ու չկարողացան մասնակցել հանդիպմանը՝ Գրետան, Անուշը, Ադելան, Ռիտան, Վանյան, Վլադիմիրը եւ Վաչիկը։  
  Որքան ուրախալի ու սպասված էր հանդիպում, նույնքան դժվար էր հրաժեշտի պահը։ Այնքա՜ն խոսքեր են չասված մնացել… Չէ որ մեկ օրը շատ քիչ է 40 տարվա խինդն ու ցավն ամփոփելու համար։ Անխուսափելի էր հրաժեշտի պահը, ուստի պայմանավորվեցին հաճախակի հանդիպել, քանզի այս աշխարհում ոչինչ հավերժ չէ…

ԱՆԱՀԻՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 




 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter