Սեպտեմբերի 1-ը մեր երկրում տոնվում է որպես գիտելիքի օր և նոր ուսումնական տարվա սկիզբ։ Այդ օրը բոլոր կրթական օջախներն իրենց դռներն են բացում սովորողների առջև: Հայերիս համար մի առանձին շուքով է նշվում այդ օրը, քանզի հայի համար գիտելիքն ու կրթությունն իր յուրահատուկ տեղն ունի հայ իրականության մեջ: Մենք գրի ու գիտելիքի հանդեպ միշտ էլ առանձնահատուկ սեր ու հարգանք ենք տածել: Այդ գեղեցիկ օրն առանձնահատուկ նշանակություն ունի առաջին անգամ դպրոց հաճախող մանուկների համար, ովքեր հետաքրքրությամբ
լցված և զարմացած աչքերով կյանքի նոր փուլ են մտնում: Սեպտեմբերի 1-ին Ասկերանի շրջանի բոլոր 33 հանրակրթական դպրոցներում տոնական տրամադրություն էր: Դպրոցներն իրենց դռներն էին բացել 216 առաջին դասարանցիների առջև։ Նման շքեղ մի միջոցառում էր կազմակերպվել Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում: Ուսուցիչներին և աշակերտներին շնորհավորելու էին եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, ծնողներ, հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի կազմակերպիչ Աիդա Գյանջումյանը: Նա շնորհավորելով ներկաներին Գիտելիքի օրվա և ԼՂՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ, միաժամանակ նշեց. -Այս հրաշալի օրվան մեր դպրոցական-ները երկար են սպասել: «Վերջին զանգից» հետո դասամիջոցը շատ երկար տևեց, սակայն դպրոցի զանգը նորից ձեզ բերեց դեպի հարազատ կրթօջախ: Պատրաստվեք ընդունել բոլոր այն նորույթները, որ կտան ձեզ մեր մանկավարժները: Ինչքան էլ դժվար լինի կյանքի ճանապարհը, առանց վարանելու պիտի հաղթահարեք այդ դժվարությունները և ամբողջ կյանքում լինեք նպատակաուղղված: Աշակերտներին իր շնորհավորանքի խոսքը հղեց դպրոցի տնօրեն Կառլեն Մաիլյանը. -Այսօր բոլորիս համար կրկնակի տոն է և պետք է գիտակցենք այդ հրաշալի տոների արժեքները: Հույս ունեմ, որ նոր ուսումնական տարում ուսման բնագավառում կարձանագրվեն միմիայն հաջողություններ և ձեռքբերումներ, և մեր դպրոցի սաները կաշխատեն միշտ բարձր պահել հարազատ կրթօջախի պատիվը: Մենք բոլորս պատիվ ունենք ապրելու ազատ և անկախ երկրում ու մեզանից յուրաքանչյուրն իր լուման պետք է ներդնի Արցախի հզորացման և պահպանման վեհ գործում: Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա և Արցախի անկախության 21-ամյակի կապակցությամբ, իսկ առաջին դասարանցիներին մաղթում եմ կանաչ և նորություններով լի ճանապարհ: 2012-2013 ուսումնական տարին ազդարարող առաջին զանգը տվեցին առաջին դասարանցիներ Թագուհի Սահակյանն ու Միքայել Աղաջանյանը և 12-րդ դասարանցիներ Արեն Աղաջանյանն ու Թամարա Սարգսյանը: Միջոցառումն ավելի մեծ փայլ ստացավ դպրոցի սաների գեղեցիկ ելույթից հետո: Իհարկե, ամենաոգևորվածները 23 առաջին դասարանցիներն էին, ովքեր ուշադրությամբ և հետքրքրությամբ դիտում էին մեծերին, թերևս ամեն ինչ մի գեղեցիկ հեքիաթ էր թվում նրանց: Երեխաները հավաքվել էին դասվար Էլմիրա Եղյանի շուրջն ու կարծես գիտակցում էին, որ նա իրենց համար նաև մայր է լինելու: Ծնողները նույնպես վստահ էին, որ վաստակաշատ մանկավարժն ամբողջ կյանքում նվիրվելով ուսուցչի պատվաբեր աշխատանքին, ջանք ու եռանդ չի խնայի իրենց մանուկների հայեցի դաստիարակման և կրթման գործում: Միջոցառման վերջում 2011-2012 ուսումնական տարվա գերազանց սովորող աշակերտներն արժանացան պատվոգրերի: Ինչպես Արցախի բոլոր դպրոցներում, այստեղ ևս առաջին դասն արիության դաս էր` նվիրված ԼՂՀ անկախության 21-ամյակին: Մինչ բարձր դասարանցիներն ուշադրությամբ էին մասնակցում արիության դասին, առաջին դասարանցիներն իրենց քայլերն արեցին դեպի առաջին դասարան, դեպի անակնկալներով լի կյանք: Ձեզ նորանոր հաջողություններ և արդյունավետ ուսումնական տարի, սիրելի ուսուցիչներ և աշակերտներ: ԿԱՐԻՆԵ ԲԱԽՇԻՅԱՆ |