Վերջին տարիներին «Բարի երթ» ՍՊ ընկերությունն սպասարկում է ինչպես Ստեփանակերտ - Ասկերան, այնպես էլ շրջանի Սարդարաշեն, Խնածախ, Դահրավ, Աստղաշեն, Պատարա, Խանցք, Խնապատ, Խնձրիստան, Հիլիս, Նորագյուղ, Այգեստան, Նախիջևանիկ, Արմենակավան, Փառուխ, Խրամորթ համայնքների երթուղիները: Թե ինչպես է կատարվում սպասարկում, լինում են արդյոք դժգոհություններ եւ այլ հետաքրքրող հարցերի շուրջ փոքրիկ զրույց ունեցանք
ընկերության նախագահ Սամվել Աղաջանյանի հետ. - Պարոն Աղաջանյան, երբ է սկսել ընկերությունն իր գործունեությունը և ինչպե՞ս է այն իրականացվում: - Ընկերությունը գործում է դեռևս 2006 թվականից: Այն ժամանակ երթուղին սպասարկում էինք ԳԱԶԵԼ մակնիշի միկրոավտոբուսներով, որոնք այդքան էլ հարմարավետ չէին։ Մտածելով ժողովրդին վայելուչ սպասարկելու, և սպասարկումն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու մասին` որոշեցինք ձեռք բերել ներկայիս հարմարավետ ավտոբուսները: 2010 թվականից սպասարկումը կատարվում է նոր ավտոբուսներով: Բազմիցս լսել ենք, որ մարդկանց համար այս ավտոբուսներն ավելի ապահով ու հարմար են, և ամենակարևորը` մարդիկ գոհ են: -Գիտենք, որ ընկերությունն անմասն չի մնում բարեգործական ծրագրերից: Ինչպիսի՞ աշխատանքներ եք կատարում այդ ուղղությամբ: -Ինչպես բազմաթիվ գործարարներ, մենք ևս ցանկանում ենք որևէ կերպ աջակցել, օգնել մեր համաքաղաքացիներին: Ինձ համար, որպես Ղլիժբաղ թաղամասում ապրողի, միշտ էլ ցավոտ կողմ է եղել տրանսպորտի բացակայությունը: Դրա բացասական ազդեցությունն զգացել եմ դեռևս դպրոցական տարիներին: Դժվար էր, հատկապես ձմռան ամիսներին: Ես ինձ պարտավորված զգացի այդ հարցում աջակցել ղլիժբաղցիներին: Մտածեցինք և սեփական նախաձեռնությամբ որոշեցինք սպասարկումը կատարել մինչև Ղլիժբաղ թաղամաս: Իհարկե, մեծ էր ղլիժբաղցիների ոգևորությունն ու գոհունակությունը: Հարկ է նշել, որ տարվա կտրվածքով այդ գործունեության համար ծախսվում է 1մլն 600 հազար դրամ` դիզվառելիք ձեռքբերելու համար: Ուզում եմ տեղեկացնել, որ մի առ ժամանակ դադարեցվել էր ավտոբուսների սպասարկումը մինչև Ղլիժբաղ: Փաստում եմ, որ այդ դադարեցումը պայմանավորված էր միմիայն ֆինանսական սուղ վիճակի հետ: Դադարը ժամանակավոր էր, և այժմ սպասարկումը շարունակվում է նույն կերպ: Պատրաստ ենք այսուհետ ևս կատարել այդ բարեգործական աշխատանքը, քանզի դա մեր ժողովրդի համար է, իսկ մեզ համար առավել կարևոր է նրանց բարեկեցությունն ու առողջությունը: Նշենք նաեւ, որ Ասկերանում սգո արարողությունների տրանսպորտային սպասարկումը կատարվում է մեր ընկերության կողմից՝ անվճար: Անտարակույս, բարեգործությունը միշտ էլ գնահատվել և խրախուսվել է հասարակության կողմից: Իսկ, երբ Սամվել Աղաջանյանը զրույցի վերջում ժպտալով նշեց, որ ինչքան ինքն աշխատի այդ ընկերությունում, մշտապես կնպաստի հայրենի քաղաքի բարգավաճմանը, մենք երախտագիտությամբ լցվեցինք: Դե ինչ, մնում է «Բարի երթ» ընկերությանը հայտնենք մեր շնորհակալությունը և մաղթենք անխոչընդոտ ու բարի երթ: Կարինե Բախշիյան |