Սեպտեմբերի 2-ին մենք նշեցինք հարազատ ու նվիրական տոն` Արցախի Անկախության 21-ամյակը: Հավերժ ճամփորդի նման հայ ժողովուրդը մաքառելով երկար քայլեց պատմության քառուղիներում, իր գոյության ճանապարհին կրելով բազում փորձություններ, հաճախ էլ բնաջնջվելու վտանգ էր կախված գլխավերևում` դամոկլյան սրի պես: Բայց հայի ոգին 20-րդ դարի վերջին կրկին վեր հառնեց և ապացուցեց, որ կարող է ուղղել պատմական սխալը: Անարդարության դեմ համայն հայությունը դարձավ միաբռունցք ու միանպատակ և վերականգնեց
վաղուց սպասված արդարությունն ու ստեղծեց ազատ ու անկախ երկիր: ԼՂՀ հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաեւ Ասկերանում: Նախապատրաստական աշխատանքները մինչ այդ էին տարվել քաղաքում, ինչպես նաև ամբողջ շրջանում: Նախօրոք անցկացվել են սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ, կազմակերպվել էին մարզամշակութային մրցույթներ: Սեպտեմբերի 2-ի առավոտից զինվորական շարասյունը տոնական քայլերթով բերդի մատույցներից դեպի շրջկենտրոն էր շարժվում: Շրջանի ղեկավարությունը` շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ, քաղաքի հիմնարկ - ձեռնարկությունների ղեկավարների, աշխատակիցների, հյուրերի, Ասկերանի բնակիչների հետ մեկտեղ թարմ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Արցախյան և Հայրենական Մեծ պատերազմում զոհված ասկերանցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին` հարգելով հերոս քաջորդիների հիշատակը: Այնուհետև, ուղղվեցին դեպի Տանկ հուշարձան, որտեղ ևս ծաղիկներ դրեցին: Տոնական հանրահավաքը տեղի ունեցավ Ասկերանի մշակույթի տան դիմաց տեղադրված զոհված ասկերանցիների հիշատակը հավերժացնող հուշավահանակի մոտ: Այն վարում էր շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը: Տոնի առթիվ ասկերանցիներին իր շնորհավորական խոսքն ասաց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը: - Սիրելի հայրենակիցներ. Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ: Այն բոլորիս համար թանկ տոն է, քանզի ձեռք է բերվել համայն հայության ջանքերի գնով։ Անկախության համար պայքարը մեզ ուսուցանել է լինել միասնական և դա կարելի է համարել մեր հաղթանակաների գրավականը։ Համոզված ենք, որ Արցախի անկախության ամրապնդման ճանապարհին մենք կհասնենք բազմաթիվ նոր հաղթանակաների։ Մեր գերակա խնդիրն է այսօր Արցախի սահմանների անառիկության ու ժողովրդի բարեկեցության ապահովումն է։ Հպարտությամբ եմ նշում, որ Ասկերանի շրջանը եղել և մնում է երկրում իրականացվող բարեփոխումների առաջին շարքերում՝ մշտապես հանդես բերելով օրինակելի նախաձեռնություններ։ Անկախության տոնի կապակցությամբ մաղթում եմ բոլորիդ նորանոր հաջողություններ՝ աշխատանքում և անձնական կյանքում։ Այնուհետև ելույթ ունեցավ Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը: Նա, այս պանծալի տոնի առթիվ շնորհավորելով միջոցառման մասնակիցներին, մասնավորապես, նշեց. -1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Ընդունվեց ԼՂՀ անկախության մասին հռչակագիրը: 1991թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունն արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմավորեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ կառավարությունն իր պարտականություններին անցավ բացարձակ շրջափակման և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում: Մեր ժողովուրդն իր մեջ ուժ գտավ հեռու մնալ քաղաքական ինտրիգներից, սեղմ ժամկետում կարողացավ հիմք դնել ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի կազմավորմանը: Փառք ու պատիվ նրանց, ովքեր դժվարագույն այդ տարիներին չխնայեցին իրենց երիտասարդ, ավյունով լեցուն կյանքը, նորանկախ Հայրենիքի շահը վեր դասելով անձնականից` նահատակվեցին հանուն Արցախի հանրապետության կայացման, հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի լինելիության ու հավերժության: Եվ այսօր, Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների արդյունքից անկախ, մեզ` արցախցիներիս համար պարզ է այն, որ առանց մեր կարծիքը հաշվի առնելու անհնարին է լուծել Ղարաբաղի հիմնահարցը, քանզի մենք մեր գործի ու խոսքի տերն ենք և ոչ մի ամպագոռգոռ հերյուրանք չի կարող մեզ շեղել մեր ընտրած ուղուց: Իսկ այն, որ հայասպան ոճրագործին Ադրբեջանի իշխանությունները հերոսացրել և մայորի կոչում են տվել, ապացուցում է լոկ այն, որ մենք նրանց հետ ճամփա չունենք գնալու: Եվ միջազգային հանրությունը պետք է հասկանա այդ ու իմանա, որ այլևս շրջադարձ լինել չի կարող ու անհնարին է ետ վերադարձնել պատմության անիվը: Ներկաներին շնորհավորեց նաև Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Նորա Մանուչարյանը։ «Հայ ազգը բոլոր ազգերից տարբերվում է իր հայրենասիրությամբ ու քաջությամբ: Սպասված անկախությունը շատ բան է տվել արցախցիներին և նայելով երկրում կատարվող բարեփոխումներին, կարելի է տեսնել, որ պետությունն, իրոք, հզորանում է, շենանում են գյուղերն ու քաղաքները, իսկ գիտությունը զարգացում է ապրում: Մենք էլ մեր ուսումնական կյանքով անմասն չենք մնում Արցախի փայլուն ապագայի կերտման գործում: Բոլորս գլուխ ենք խոնարհում հերոս նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքն են նվիրաբերել հանուն Հայրենիքի: Այսօր մեր քաջազուն մարտիկների շնորհիվ ապրում և սովորում ենք խաղաղ պայմաններում, մնացել ենք հայ և դրա համար է, որ լիիրավ կարող ենք աշխարհին հայտարարել, որ կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»: Հայրենասիրական վեհ գաղափարներով լի էին նաև Արցախի ազատամարտիկների միության անդամ Վիգեն Գաբրիելյանի և Ն զորամասի հրամանատարի տեղակալ Կարեն Աբրահամյանի ելույթները: Նրանց խոսքում հստակ երևում էր, որ հայը եղել ու միշտ կմնա անպարտելի ու միշտ զգոն հայրենի հողը պաշտպանելու գործում: Տոնական օրվա կապակցությամբ շրջվարչակազմի ղեկավարը շնորհավորեց շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանին, Խնապատի, Փառուխի և Սարուշենի համայնքների ղեկավարներ Սամվել Շահրամանյանին, Արտյուշա Միքայելյանին և Վիրաբ Բալայանին երկրի նախագահի կողմից տարբեր մեդալների արժանանալու համար։ Իսկ Ասկերան քաղաքի բնակիչ Յուրի Արամյանն Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, գյուղատնտեսական բնագավառում ներդած ավանդի և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ պարգևատրվեց ԼՂՀ վարչապետի հուշամելով։ Շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի կողմից էլ արժանացավ թանկարժեք նվերի: Տոնական միջոցառումները շարունակվեցին երեկոյան` քաղաքային մարզադաշտում: Տեղի ունեցան մարզամշակութային խաղեր, մրցանակային տեղեր զբաղեցնողներն արժանացան պատվոգրերի և նվերների: Այնուհետև կայացավ տոնական համերգ` Ասկերանի «Բերդ» ժողգործիքների պետական համույթի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և մանկական երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ: Համերգը մեծ բավականություն պարգևեց ներկաներին և բոլորը մեկ անգամ ևս զգացին, որ ապրում ու արարում են անկախ ու ազատ Արցախ աշխարհում: Տոնական միջոցառումներն ավարտվեցին գեղեցիկ հրավառությամբ: Իհարկե, մենք գնահատում ենք օրվա խորհուրդը: Մեր ժողովուրդը լի է Արցախ աշխարհը պաշտպանելու և ուժեղացնելու վճռականությամբ, քանզի գիտենք, որ Արցախյան շարժման ամենաարժեքավոր ձեռքբերումն Արցախ աշխարհի Անկախությունն է: Կարինե Բախշիյան |