ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ 300-ԱՄՅԱԿԻՆ
07.10.2012 18:46

 Ա՜ խ, թե գայիր, քեզ կտայինք` փառքի հազար դարեր վրան`

Մասիս սարը` քեզ քամանչա, ձյունը` սադաֆ քարեր վրան,


Արծաթ Զանգու, ոսկի Արազ` միշտ հայախոս լարեր վրան

 
Դու դարդիման իմ հայ սրտով Կովկասի յար, Սայաթ-Նովա:

 

Սեպտեմբերի 20-ին Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանը հերթական անգամ գեղեցիկ

միջոցառում կազմակերպեց: Այս անգամ գրական-երաժշտական ցերեկույթը նվիրված էր անզուգական երգահան Սայաթ- Նովայի ծննդյան 300-ամյակին: Անուն, որն անչափ թանկ ու նվիրական է յուրաքանչյուր հայի համար, որի անմար երգերով ու տաղերով դարեր շարունակ կրթվել ու դաստիարակվել են սերունդներ, սիրո խոստովանություններ արել ու գրավել շատերի սրտերը: Նա պատկանում է այն առաջնակարգ բանաստեղծների շարքին, ովքեր իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականություն լինելուց և դառնում են ողջ մարդկության սիրելին:

Միջոցառմանը մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Մելորդ Ջհանգիրյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության Արվեստի և ժողովրդական ստեղծագործության բաժնի պետ Լյուդա Սարգսյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Գալյա Ավանեսյանը, Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, հյուրեր, ասկերանցիներ:

Ասկերանի կենտրոնական գրադարանի տնօրեն Նունե Կարապետյանը ողջունելով հյուրերին` մասնավորապես նշեց.

- Այսօր այս դահլիճում հավաքվել ենք փառաբանելու սերը, գեղեցիկը, բարին, ազնվությունը, անշահախնդրությունն ու արդարությունը: Մենք հպարտությամբ ենք նշում անմահ երգիչ Սայաթ Նովայի փառապանծ 300-ամյակը: Մեզ են հասել նրա ավելի քան 230 խաղ, որոնք բացառիկ տեղ են գրավել երեք ժողովուրդների գրականության մեջ, որի արդյունքում անպարտելի երգասացը արժանացել է եռալեզու բանաստեղծ-աշուղի կոչմանը:

Մեծն երգահանի կյանքն ու գործունեությունը ներկայացրեց Թամար Հովսեփյանը:

-Դեռևս մանկուց Սայաթ-Նովային հմայել են երգն ու երաժշտությունը: Թեև 12 տարեկանից նա ջուլհակություն էր սովորում, սակայն սազն ու խաղն իր հոգին ու մարմինն էին: Հետագայում ծառայելով թագավորական պալատում և դառնալով պալատական աշուղ` նա իր ողջ էությամբ նվիրված էր հասարակ ժողովրդին: Նա հանդես էր գալիս նույնիսկ իրեն հովանավորող թագավորի դեմ և պահանջում` արդար լինել, սանձահարել անխիղճ իշխաններին, թեթևացնել ժողովրդի ծանր վիճակը: Այդպիսով վաստակում էր հոգևոր և իշխանական դասի թշնամանքը: Վերջիններս հասնում են նրան, որ աշուղը վտարվում է արքունիքից և հագնում հոգևորականի սքեմ: Կյանքի վերջին տարիներին քահանությամբ բռնադատված երգիչն ապրում է Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցում, ապա` Հաղպատի վանքում:

Գրական-երաժշտական ցերեկույթը վարում էր ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Նինել Գաբրիելյանը, որն այնպիսի սիրով ու քնքշանքով է ներկայացնում աշուղի բանաստեղծությունները, որ ամբողջ դահլիճը քարացած լսում էր նրան: Ներկաները տեսնում ու զգում էին, որ Սայաթ-Նովայի երգերը լի են սեփական արժանապատվության զգացումներով, տանջվելով ու վշտանալով հանդերձ, տանջանքից ու վշտերից բեզարելով հանդերձ նա միշտ մնում է նույն բարին, քնքուշն ու ազնիվը: Սայաթ-Նովան սիրո մեծ նվիրյալ է, նրա գերին, այն էլ` հոժարակամ գերին: Ուստի նա երբեք չի ամաչում և հոգնում կրկնելուց, որ ինքն այդ սիրո պատրաստի կամավոր մատաղն է: Եվ սա է երգահանի մեծագույն երջանկությունը:

Նա այնպես ստեղծագործեց, որ մտավ երեք ժողովրդի գրականության մեջ: Ոչ թե գրականության պատմության, այլ գրականության մեջ` կենդանի և ապրող, կարդացվող և երգվող: Ամբողջ կյանքում նրա ձեռքին էր հավատարիմ քամանչան, և նա երգում էր աշխարհի վիշտը, ցավն ու տառապանքը:

«Բերդ» ժողգործիքների համույթի և Ասկերանի ՄՊՍԿ-ի սաների անթերի կատարումներով միջոցառումն ավելի իմաստալից ընթացք ստացավ: Սայաթ-Նովայի երգերը հմայեցին ներկաների սրտերն ու մեծ բավականություն պարգևեցին նրանց:

Անտարակույս, մեր ժողովուրդը ժողովրդական, ազգային երգ և երաժշտություն լսելու սեր ու մեծ կարիք ունի: Վայելելով Սայաթ-Նովայի անմար երգերն ու տաղերը` ցերեկույթի մասնակիցները բավական հաճելի տպավորություններով հեռացան դահլիճից: Հանրաճանաչ աշուղի ստեղծագործությունները դեռ երկար ժամանակ կհնչեն նրանց սրտերում:

Ինչ խոսք, Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանը, Ասկերանի մշակույթի բաժնի աջակցությամբ, ամենայն պատասխանատվությամբ ու բարձր մակարդակով է նախապատրաստվել հոբելյանական այս միջոցառմանը: Ուստի, հայտնենք նրանց մեր գոհունակությունը և հուսանք, որ առաջիկայում էլ կշարունակվեն նման գեղեցիկ ավանդույթները:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter