ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ |
07.10.2012 19:04 |
Իսկական ուսուցիչ կարող է դառնալ միայն նա, ով երբեք չի մոռանում, որ ինքը նույնպես երեխա է եղել: Սուխոմլինսկի Ուսուցչի մասնագիտական տոնը նշանակալից և սիրված տոներից է, որը տարեցտարի բոլորիս համար ավելի իմաստալից ու նվիրական տոնի է վերածվում: Քանզի, գիրն ու գրականությունը, դպրոցն ու ուսուցիչը դարավոր պաշտամունք են մեզ համար և հայերս շարունակ պատկառանքով ու արժանապատվորեն ենք վերաբերվել ուսուցչի վսեմ կոչմանը ու առ այսօր գիտակցում ու գնահատում ենք նրանց կատարած անձնուրաց ու տքնաջան աշխատանքը: Աշխատանք, որին իսկական ուսուցիչը նվիրվում է անմնացորդ ու անվերապահորեն: Նա ամեն օր պատասխանատվության մեծ գիտակցումով է մոտենում իր գործին` իր գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրում է երեխաներին: Տալիս է հայեցի կրթություն, սերմանում սեր դեպի ուսումը, ընտանիքն ու հայրենիքը: Ուսուցիչն է երեխայի մեջ մեծացնում կամքի ուժը, սովորեցնում նրան ձգտել մտքի, հոգու և մարմնի կատարելության ու հիշել, որ նա հայ է, իսկ հայն իրավունք չունի չսովորելու, բարձունքների չհասնելու: Մասնագիտական այս օրը մի յուրօրինակ առիթ է երախտագիտության և շնորհակալության խոսքեր հայտնելու ուսուցիչներին, գնահատելու և մեծարելու նրանց վաստակը: Ուսուցիչ, որ ամեն անգամ դասասենյակ է մտնում միայն լույսի սերմեր շաղ տալու բարի ակնկալիքով, միայն մեր պետության հզորացման ու ազգային նպատակների իրականացման մասին մտածելով և այն իր աշակերտներին հաղորդելու համար: Նա երեխաներին սովորեցնում է մայրենի լեզու, մոտեցնում նրանց մեր լեզվի բազմաթիվ նրբություններին: Այս խոսքերը վերաբերվում են Մելանյա Էդուարդի Իսրայելյանին, ով դասավանդում է Սարուշենի միջնակարգ դպրոցում մոտ 20 տարի: Ի բնե համեստ, ամոթխած, մշտապես բարյացակամ ժպիտը դեմքին ուսուցչուհուն դպրոցում սիրում և հարգում են և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները: Թեպետ անչափ բարի է, սակայն դասերի ժամանակ բավական խստապահանջություն է ցուցաբերում ընկեր Իսրայելյանը և աշակերտները նրան սիրում են նաև հենց դրա համար: Բազմաթիվ բաց դասերից, կրթության բաժնի և կրթության նախարարության ստուգումներից հետո նա միշտ էլ գովասանքի է արժանացել, նրա դասերն անցնում են հաճելի և հետաքրքիր մթնոլորտում, իսկ աշակերտները հուսախաբ չեն անում սիրելի ուսուցչուհուն: Թեև ճակատագիրը շռայլ չի գտնվել 20-ամյա Մելանյայի հանդեպ, սակայն նա կարողացել է իր փխրուն ուսերին տանել այն ծանր վիշտը, որ թողել է անգութ պատերազմը, ունեցել է կամքի ուժ և իր կյանքը նվիրաբերել է մինուճար դստեր ու իր բոլոր աշակերտների դաստիարակմանն ու կրթմանը: Նրա ամուսինը զոհվել է Արցախյան պատերազմում ու անգամ չի տեսել դստերը, որն էլ ի հիշատակ հերոս հայրիկի կոչվել է` Վրեժուհի: Գերազանց գնահատականներով ավարտելով միջնակարգը`այսօր նա արդեն ԱրՊՀ –ի ուսանողուհի է: Վրեժուհին միակը չէ, Սարուշենի միջնակարգ դպրուցում օրինակելի աշակերտներ շատ կան: Այս դպրոցում բոլոր մանկավարժներն իրենց կոչմանը հավատարիմ մնալով` կարողանում են դաստիարակել և կրթել արժանի սերունդների: Դպրոցի կոլեկտիվը համախմբված է և ասես մի համերաշխ ընտանիք լինի, որը գլխավորում է տնօրեն Սերգեյ Գասպարյանը: Այստեղ բոլորը սոսկ մի հարցի շուրջ են մտածում: Անել ամեն ինչ, որպեսզի դպրոցի պատիվն ավելի բարձրանա: Ինչպես նշում է Մ.Իսրայելյանը. -Ես նույնպես այս դպրոցի շրջանավարտն եմ ու անչափ հպարտ եմ, որ աշակերտել եմ նման բարձրակարգ մանկավարժների, որպիսիք ունեցել և ունի Սարուշենի դպրոցը: Թեև ինքս արդեն փորձառու ուսուցչուհի եմ, սակայն դեռևս աշակերտուհի եմ ինձ զգում իմ ուսուցիչների առաջ: Ամեն կերպ աշխատում եմ, օրինակելի այս դպրոցում, շարունակել իմ ուսուցիչների բարի ավանդույթները: Անցյալում են մնացել բոլոր դժվարությունները: Այսօր մենք ապրում ենք հզոր, ազատ ու անկախ երկրում, որի բարգավաճման համար յուրաքանչյուրս պետք է մեր լուման ներդնենք: Լավատեսորեն տրամադրված լինելով մեր երկրի ապագան պայծառ տեսնելու մեջ` միաժամանակ կոչ եմ անում բոլորիս լինել աչալուրջ ու հիշել, որ մեր դարավոր թշնամին մշտապես արթուն է և պատրաստ` վայրագության: Այս նվիրական տոնի առթիվ ցանկանում եմ շնորհավորել բոլոր ուսուցիչներին և մեր դժվարին աշխատանքում մաղթել նորանոր ձեռքբերումներ, ուժ և կորով: Հիրավի, Մելանյա Իսրայելյանը դեռևս երկար մանկավարժական ուղի ունի անցնելու, սակայն այսօր նա արդեն իսկ ստացել է իր բարձր գնահատականը: Իսկ գնահատվել է նա իր կոլեկտիվի, աշակերտների ու նրանց ծնողների կողմից: Անշուշտ, նման առաքինի, օրինակելի ուսուցիչը, մայրը գնահատվում է նաև իր ժողովրդի կողմից: Հանձին Մելանյա Իսրայելյանի շնորհավորում ենք մեր շրջանի բոլոր ուսուցիչներին և կրթական համակարգի բոլոր աշխատողներին: Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ: Թող Ձեր բազմաչարչար ու դժվարին աշխատանքն առատ պտուղներ տա: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |