ՁԵՐ ԱՆԽՈՆՋ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՐԺԵՔԱՎՈՐՎԱԾ Է ԲՈԼՈՐԻՍ ԿՈՂՄԻՑ |
07.10.2012 19:10 |
Եռանդուն և անսահման մեծ հոգու տեր ուսուցչուհի Անահիտ Գևորգյանին Ասկերանի շրջանում և նրանից դուրս շատերն են ճանաչում: Ճանաչում են որպես լավ մարդու, լավ մասնագետի և իր հաստատուն կենսակերպն ունեցող քաղաքացու: Հունիսի 15-ին Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղի դպրոցի ուսուցչուհին, որ անցել է կյանքի բավականին հետաքրքիր ճանապարհ, դարձավ 63 տարեկան: Տեսնելով նրա երիտասարդական ավյունով աշխատանքը` դժվարանում ենք հավատալ, որ նա իր ուսերին կրում է չորս տասնամյակների մանկավարժական գործունեության պատվավոր բեռը: Անահիտ Գևորգյանն աշխատել է դպրոցի տարբեր օղակներում: Եղել է տնօրենի պաշտոնում: Քառասուն տարիների ընթացքում քանի-քանի մատաղ սերունդ է ինքնության կոչել, քանի-քանիսին է իրենց նպատակներին հասցրել ու սիրվել բոլորի կողմից… Ասում են` իսկական մանկավարժին ճանաչելու համար անպայման չէ ներկա լինել նրա դասին, բավական է նայել նրա թողարկած սերունդներին ու տեսնել, թե ինչ ահռելի աշխատանք է կատարել մանկավարժը: Նրա իսկ ձեռքով դաստիարակված աշակերտների մեջ կարելի է գտնել որոնածդ: Այսօր տիկին Գևորգյանի մասին կարող ենք խանդավառությամբ ասել, որ նա սերմանել է միմիայն բարին ու ազնվությունը, պատվասիրությունն ու հայրենասիրությունը: Նրա ձեռքով դաստիարակված սաների մոտ ամենավեհը Հայրենիքն է ու նրա ապագան: Նա կարողացել է երեխաների մոտ հզորացնել սերը դեպի գիտելիքը, քանզի հայի համար գիրն ու գիտելիքը կարևորագույն տեղ են զբաղեցնում դարեր ի վեր: Մենք այսօր մեծ ոգևորությամբ կարող ենք ասել, որ Ձեր ուսանած աշակերտները` Սամվելն ու Գավրուշան հայոց լեզվի և գրականության ընդունելության միասնական քննություններում ամենաբարձր միավորներն են վաստակել: Հպարտությամբ ենք վկայում, որ դա նույնպես Ձեր անձնվիրաբար աշխատանքի արդյունքն է: Դաշուշենի մանկավարժական, աշակերտական և ծնողական կոլեկտիվները շնորհավորում են Ձեզ, սիրելի՛ Անահիտ Գևորգյան : Արցախի համար լիարժեք, բազմաշնորհ սերունդներ դաստիարակելու համար մենք երախտապարտ ենք Ձեզ: Մաղթում ենք առողջություն, նորանոր հաջողություններ: Հիշեք՛, Ձեր անխոնջ աշխատանքն արժեքավորված է բոլորիս կողմից: Ասկերանի շրջանի Դաշուշենի
հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվ
|