ԽՈՍՔ ՄԵԾԱՐՄԱՆ ՈՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ
07.10.2012 19:12

 

  Ուսուցչի մասնագիտական տոն օրվա կապակցությամբ ուզում եմ մեծարման խոսքեր ու խորին հարգանքներս հայտնել այս տարի 60-ամյա հոբելյանը տոնած Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ամալյա Կարոյի Շիրոյանին։

  Երանի նրան, ով աշակերտել է ընկեր Շիրոյանին։ Լսել նրա անուշ ձայնը, որը չգիտես մայրական օրոր է, սոխակի դայլայլ, թե՞ հզոր մարտակոչ։ Մի բարդ ու հարուստ խառնվածք, որ իր կնիքն է թողել ձեռքի տակով երամ-երամ անցած սերունդների վրա, միշտ բարձր է դասելով ձևավորված որակներից ամենավեհը՝մարդկայինը։

  Մանկավարժական հոտառությամբ իսկույն որսում է, թե ինչ մարդ է դիմացինը։ Ինչպիսի՞ն են երեխայի ներքին ապրումները, ի՞նչ ազդեցություն ունեն դրանց վրա արտաքին ազդակները։ Ինչպես իսկական գրողն է կարողանում ճիշտ ու գունեղ արտահայտել ժամանակի շունչն ու ոգին, այնպես էլ ընկեր Շիրոյանը, որպես հմուտ գրականագետ գիտե իր անելիքը։

  Նրա հզոր  զենքն իր լեզուն է՝ անաղարտ մայրենին, միշտ տեղին, ազդեցիկ, գերող ու կախարդիչ։ Չափազանց նուրբ ու զգայուն, համեստ ու կոկիկ։ Չգիտես համեմատել նրան շառագունած մայրամուտի, թե՞ արևածագին բոցկլտացող արեգակի հետ, նրա բերանից կարող է հզոր հեղեղ դուրս գալ, կամ իջնել խաղաղ երեկո, կամ աշնանային գույներով վարպետորեն բնանկար կերտել, որ քեզ թվա, թե հեռվի տանձենին ամոթից կարմրել է, լսել բնության ձայները, տեսնել ծիածանի բոլոր գույները եւ գայթակղվել ու հագենալ… Այդպիսի խոսքի վարպետ է նա, իսկ ձայնը կանչող, սառնորակ, քչքչան աղբյուր, որ կանչում է բոլոր լսողներին ու ծարավներին։

  Ամալյա Կարոյի Շիրոյանը ծնվել է 1952թ. հունիսի 21-ին Էջմիածնի շրջանի Մուսալեռ ավանում։

  1957-58 ուստարում ընդունվել է տեղի միջնակարգ դպրոցը։ 9-րդ և 10-րդ դասարանները սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում։

  1970-71թթ. ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Ավարտելով ինստիտուտն  աշխատանքի է անցել Ակնալճի դպրոցում։

  1976թ. ամուսնացել է և տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Ասկերան քաղաքը, և մեր դպրոցում էլ աշխատում է մինչև հիմա՝ վայելելով գործընկերների ու աշակերտների սերն ու հարգանքը։

  Հայ մեծանուն բանաստեղծ Շիրազը լսելով ընկեր Շիրոյանին, նրա մեջ տեսել է այն կայծը, որը եթե բոցի չվերածվի, համենայնդեպս նրան ամուր կհանգուցի գրականությանը։

  Աշխատանքային բեղուն գործունեության ընթացքում ուժ ու եռանդ չի խնայում, նվիրումով է կատարում իր առաքինությունը, մատաղ սերնդի առջև բացելով գրականության գանձարանի դռները։ Լինելով այդքան հուզառատ, չեմ հիշում մի դեպք, որ նա ափերից դուրս գար (թեկուզ անզգուշաբար), երբեք չի վիրավորել մեկին։ Գիտե լսել ու հարգել դիմացինի կարծիքը։

  Դժվարանում եմ ասել, թե ո՞վ է ընկեր Շիրոյանի սիրած գրողը։ Ամեն գրողի կյանքն ու ստեղծագործություններն անցնելիս այնպես էր թվում, որ հենց այս գրողին է նախապատվություն տալիս նա։

  Իմ կարծիքով ընկեր Շիրոյանի սիրած գրողը Զոհրապն է, քանզի այդ դասերին չէինք ուզում, որ զանգը հնչեր, իսկ նա հմտորեն այնպես էր անում, որ պապակ հոգիդ չհամբերեր մինչև հաջորդ դասը, այլ ինքդ ընթերցես և իմանաս ամեն ինչ։

  Լավ մանկավարժ լինելուց բացի նաև հոգեբան է, հավասարաչափ է ժպիտներն ու գովեստները բաշխում դասարանում։ Ստիպում է, որ աշակերտները սրտացավ ու կարեկից լինեն միմյանց հենդեպ։

  Ոգևորում է այնպես, որ դասարանում յուրաքանչյուրը կարծում է, թե դա հենց իրեն է ուղղված։ Կարծես ընկեր Շիրոյանի մասին է ասված. «Կինը գաղտնիք է, մի ողջ տիեզերք»։ Եկեք չփորձենք բացահայտել նրա գաղտնիքը, ընդունենք այնպիսին, ինչպիսին որ նա կա։ Լավ մանկավարժ, լավ գործընկեր լինելուց բացի Ամալյա Շիրոյանը նաև սիրասուն մայր է և հոգատար ամուսին։ Ընտանիքում դաստիարարկել է երեք երեխաների՝ խելոք ու համեստ։

  Ուսուցչի մասնագիտական տոն օրվա կապակցությամբ կրկին ուզում եմ իմ խորին սերն ու հանգանքն արտահայտել, գլուխ խոնարհել Ձեր գործունեության առաջ։ Ցանկանում եմ առողջություն, ուժ, կորով, եռանդ։ Եվ մի մոռացեք ամենահրաշալին դեռ առջևում է…

  Այս 60-ամյակը թող մնա ետևում, գալիք 60-ամյակն անցկացնեք սիրով, խինդ ու բերկրանքով։

Մելանյա Սարգսյան

Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի կազմակերպիչ


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter