ԱՐԺԱՆԱՆԱԼ ՀԱՐԱԶԱՏ ԺՈՂՈՎՐԴԻ ԳՆԱՀԱՏԱՆՔԻՆ` ՎԵՐ Է ԱՄԵՆ ԻՆՉԻՑ
07.10.2012 19:25

 

Կան մարդիկ, որոնց գոյությունը միայն ապացուցում է, որ կյանքում կարելի է հասնել ամեն ինչի: 

Կոնֆուցիուս

  Ի՞նչ է երջանկությունը. հաճախ է այս հարցն առաջանում մարդկանց մոտ: Մարդիկ շարունակ մտածում են, երկմտում, ցանկանում են իրենք իրենց մեջ ճշտել, թե երջանիկ  են արդյոք: Երիտասարդները պայծառ ապագա են տեսնում իրենց համար` բազմերանգ գույներով, իսկ կյանք տեսած մարդիկ ամեն ինչին նայում են իրական հայացքով: Իսկ միթե՞  երջանկություն չէ, երբ ունես գեղեցիկ ընտանիք, հայեցի դաստիարակված զավակներ: Պակա՞ս երջանկություն է, երբ զբաղվում ես

քո սիրած աշխատանքով: Իսկ այն, որ հնարավորություն ու ցանկություն ունես որևէ մեկին օգնության ձեռք մեկնելու, սատարելու` ավելի է երջանկացնում քեզ: Երբ տեսնում ես, որ դու գնահատված ես ժողովրդի կողմից, մարդիկ քեզ նայում են շնորհակալ աչքերով, ինքնին գիտակցում ես. «Այո՛, ես բացառիկ երջանիկ մարդ եմ»:

 

  Ասկերանի շրջանում շատ - շատերն են ճանաչում ծննդով խնապատցի, այժմ ռուսաստանաբնակ Շիրին Ծատուրի Հակոբյանին: Մարդ, ով իր ամբողջ  կյանքում ապրել և գործել է սոսկ մի նշանաբանով. «Ամեն ինչ անել իմ ուժերով, վստահել լոկ իմ կարողություններին ու խելքին»: Դեռևս դպրոցական տարիներին ընդունած այս նշանաբանին հավատարիմ մնալով` նա կարողացել է հասնել այն ամենին, ինչ ունի այսօր. ընտանիք, սիրած աշխատանք և անսահման սեր` իր ժողովրդի կողմից:

  Շիրին Հակոբյանը ծնվել է 1948 թվականին Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը` ուսումը շարունակել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և ավարտելով այն, ստացել է շինարարի մասնագիտություն: Սկզբնական շրջանում աշխատել է Հայրենիքում, այնուհետև տեղափոխվել և բնակություն է հաստատել Ռուսաստանում: Այնտեղ ապրել և աշխատել է տարբեր տեղերում: Իր մասնագիտությամբ աշխատել է նաև հարավ-ասիական մի շարք երկրներում: Հետագայում մշտական բնակություն է հաստատել ՌԴ Եկատերինբուրգ (նախկին Սվերդլովսկ) քաղաքում: Մեքենաների վերանորոգման գործարանի տեր է: 

  Շիրին Հակոբյանն ապրելով հեռավոր քաղաքում` երբևէ չի կտրվել հայրենի հողից: Գյուղում ծնված և մեծացած մարդուց ավելի լավ ո՞վ կարող է իմանալ գյուղացու դարդն ու ցավը, նրա անցած դժվարին ուղին: Կարոտն ու սերը միահյուսված մշտապես մղում են նրան դեպի հարազատ գյուղը: Նա հաճախակի է այցելում  Արցախ, հայրենի Խնապատ: Ավելի մոտիկից հարազատ բնօրրանին կապվելու համար, ներդրում կատարեց և հենց իր համայնքի տարածքում կառուցեց հանդիսությունների տուն-սրահ, որից օգտվում են Ասկերան քաղաքի և մոտակա բնակավայրերի բնակիչները: Շ.Հակոբյանը հաճախակի օգնություն է ցուցաբերում իր համագյուղացիներին: Վերջին այցելությունների ժամանակ որոշել էր կատարել Խնապատի Մեծ Նան սրբատեղի տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Այդ սուրբ պարտականությունը նրա համար առավել էր ամեն ինչից` քանզի ամեն մի խնապատցու համար, դեռևս մանկուց, այդ վայրը սրբություն է` շաղախված հաճելի հիշողություններով: Մարդիկ չէին նայում անանցանելի ճանապարհներին, տարվա եղանակներին, այցելում էին Մեծ Նան և ինչ որ ձևով մեղմանում էր նրանց ցավն ու ավելի էր մեծանում հույսն ապագայի հանդեպ: Այսօր էլ բոլորը շարունակում են գնալ հարազատ սրբատեղի: Իսկ ճանապարհներն արդեն բարեկարգված են ու ցանկացած տրանսպորտի համար` անցանելի:

  Իհարկե, ժողովուրդը երախտապարտ է բարերար Շիրին Հակոբյանին: Նրա այս բարեգործությունը հավերժ կմնա ու կհիշվի Խնապատի պատմության մեջ: 

  Բոլոր խնապատցիների և մոտակա բնակավայրերի բնակիչների անունից շնորհակալություն և երախտագիտություն ենք հայտնում նրան: Արժանանալ հարազատ ժողովրդի գնահատանքին` վեր է ամեն ինչից:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter