ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆ ՕՐՎԱՆ |
07.10.2012 19:32 |
Հոկտեմբերի 4-ին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնում կազմակերպվեց միջոցառում` նվիրված ուսուցչի մասնագիտական տոնին: Մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ: Կրթության բաժնի վարիչը շնորհավորելով ներկաներին այս հիշարժան տոնի կապակցությամբ` միաժամանակ նշեց. -Այսօր հրավիրվել ենք մեկս մյուսին շնորհավորելու մի շատ հաճելի առիթով` այն է ուսուցչի մասնագիտական տոն օրը: Հազարավոր տարիներ դպրոցում կենտրոնական դեմքը եղել և մնում է ուսուցիչը և հուսով եմ, որ այսուհետ ևս բոլորս մեծ ըմբռնումով կմոտենանք մեր կոչմանը: Օրվա կապակցությամբ կրթության բաժնի և շրջվարչակազմի անունից շնորհավորում եմ բոլորիս և մաղթում` առողջություն ու բեղմնավոր աշխատանք: Ներկաներին շնորհավորեց նաև շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը: Նա այս կարևոր տոնի առթիվ նույնպես բարի մաղթանքներ հղեց կրթական ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և փաստեց, որ շրջվարչակազմը միշտ ուշադրության կենտրոնում է պահում կրթական ոլորտի ողջ գործունեությունը և հետագայում էլ պատրաստ է աջակցել ցանկացած հարցում: Շչջվարչակազմի ղեկավարն ուսուցչի մասնագիտական օրվա կապակցությամբ ԼՂՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրեց Ասկերանի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիլվա Ջհանգիրյանին, Այգեստանի դպրոցի տնօրեն Վլադիկ Վերդյանին, Շոշի դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանին, Սարուշենի դպրոցի տնօրեն Սերգեյ Գասպարյանին և կրթության բաժնի սպորտի գլխավոր մասնագետ Գրիգորի Մարտիրոսյանին: Շրջանի 16 ուսուցիչներ ուսուցչի օրվա կապակցությամբ շրջվարչակազմի և կրթության բաժնի կողմից արժանացան պատվոգրերի: Վերջում Այգեստանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վլադիկ Վերդյանը շնորհակալություն հայտնեց ԼՂՀ կառավարությանը, շրջվարչակազմին և կրթության բաժնին նման բարձր պարգևատրումների համար. -Այսօր նշանակալից օր է և նման պարգևատրումներն ավելի են պարտավորեցնում ու մեզանից յուրաքանչյուրի մոտ պետք է բարձրանա պատասխանատվության զգացումը: Վկա ենք, որ գնահատված է ուսուցչի դժվարին աշխատանքը և այն մշտապես կմնա ուշադրության կենտրոնում: Իհարկե, կան խնդիրներ, բացթողումներ, որոնք ինքներս պետք է շտկենք և աշխատենք բարձր պահել ուսուցչի վեհ անունը: ԿԱՐԻՆԵ ԲԱԽՇԻՅԱՆ |