ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՑՈՒՄ ՆՈՐԱԳՅՈՒՂՈՒՄ
07.10.2012 19:37

  Արցախի անկախությունից ի վեր բազմաթիվ բարերարների ու բարեգործական կազմակերպությունների համար մեր չքնաղ լեռնաշխարհը հայտնագործություն եղավ։ Նրանք պատրաստ էին անելու ամեն ինչ, որպեսզի հայն այստեղ հայավարի ապրի, ու բարգավաճի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

  Բարեգործական կազմակերպություններից մեկն էլ հայ-ֆրանսիական SPFA-ն է, որը 1991-ից ի վեր մարդասիրական գործունեություն է ծավալում

ՀՀ-ում և ԼՂՀ-ում, իրականացնում բարեգործական ծրագրեր, այդ թվում՝ օգնություն անապահով ընտանիքներին, ծերանոցներին,  կրթահամալիրներին, համայնքներին։

  Կազմակերպության ծրագրերը բազմաբնույթ են ու բազմազան։ Արցախում այն նոր թափ է ստացել տարբեր համայնքների ջրատար ցանցերի վերանորոգմամբ ու կառուցմամբ, արցախյան ազատամարտում զոհված քաջորդների հիշատակին կառուցված հուշարձաններով և մանկական խաղահրապարակների կառուցմամբ։

  Ասկերանի շրջանի համայնքներում այս կազմակերպության կողմից նույնպես իրականցվել են բարեգործական տարբեր ծրագրեր։

  Հերթական ծրագիրը Նորագյուղում խաղահրապարակի կառուցումն էր, որի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին։  Բացմանը ներկա էր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, բարերարներ ու հյուրեր Ֆրանսիայից, պաշտոնական այլ անձինք, Նորագյուղի, ինչպես նաեւ մոտակա գյուղերի բնակիչներ։ Բարերարներին նորագյուղցիներն ընդունեցին ավանդական աղ ու հացով։

  Բացման խոսքով հանդես եկավ Վիտալի Պետրոսյանի անվան Նորագյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Էրիկ Վարդանյանը։

  - Նորագյուղցիների համար այսօր տոն է, քանզի այս նորակառույց խաղահրապարակը յուրօրինակ նվեր է մեր երեխաների հանգիստն ու ժամանացը գեղեցիկ ու օգտակար կազմակերպելու համար։ Խաղահրապարակը կրում է Մինաս Ջաբուրյանի անունը։ Կառուցվել է ԼՂՀ կառավարության եւ ֆրանսահայ բարերար Արամ Ջաբուրյանի ընտանիքի համաֆինանսավորմամբ ու համատեղ ջանքերով։ Ուստի ուզում եմ ներկաներին համառոտ ծանոթացնել Ա.Ջաբուրյանի հոր՝ Մինաս Ջաբուրյանի կյանքին ու գործունեությանը, քանի որ հենց հոր հայրենասիրական ճիշտ դաստիրարակության շնորհիվ է որդու հոգում ծնունդ առել սերն առ հայրենիք։

  Մ. Ջաբուրյանը ծնվել է 1906թ. փետրվարի10-ին Մարաշում՝ Կիլիկիայում։ Նա 9 տարեկան էր, երբ հայրն աքսորվեց Ուրֆա՝ Մարաշի մյուս տղամարդկանց հետ, որտեղ էլ նրանք ողջ-ողջ թաղվեցին։ 1922թ. մայրն իր 5 երեխաների հետ փախչում է Հալեպ։ Որոշ ժամանակ նրանք ապրում են ճամբարներում, իսկ ավելի ուշ գաղթում Ֆրանիսա՝ Սեն Շամոն քաղաք։1937թ. Մ. Ջաբուրյանն ամուսնանում է Մերսեդես Հանչելյանի հետ։ Այդ միասնությունից ծնվում է 4 երեխա՝ Ստեփանը, Մարիամը, Տիգրանը եւ Արամը։

  Օժտված լինելով մարդկային բարձր որակներով՝ նա մշտապես օգնում էր կարիքավորներին։ Եվ ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնաց իր գերագույն նպատակին՝ 1915թ. ապրիլին օսմանյան կայսրության կողմից իրականցված ցեղասպանության ճանաչմանը։

  Կնոջ աջակցությամբ նա կարողացավ երեխաներին փոխանցել իր մարդկային վեհագույն արժեքները, երախտագիտությունն իրեն որդեգրող երկրի՝ Ֆրանիսայի նկատմամբ եւ սերն իր ծննդավայրի ու արմատների հանդեպ։

  Ինչպես եւ խնդրել էր կենդանության օրոք, Մինաս Ջաբուրյանը թաղվել է՝ իր հետ տանելով մի կտոր հող Դեր Զորից ու Հայաստանից։

  Ապա ողջ նորագյուղիցների անունից շնորհակալության ու երախտագիտության խոսք ասաց համայնքի ղեկավար Էդիկ Մարդյանը։

  -Շնորհավորում եմ համագյուղացիներիս այս գեղեցիկ ու նշանակալից օրվա կապակցությամբ։ Այս խաղահրապարակի  բացակայությունը համայնքում վաղուց էր զգացվում։  Ուստի, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Արցախի կառավարությանն ու ֆրանսիական բարեգործական կազմակերպությանը։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արամ Մինասի Ջաբուրյանին եւ Ջաբուրյանների ընտանիքին, որոնց ներդրումների շնորհիվ կառուցվել է այս հոյակապ խաղահրապարակը։

  Նորագյուղի համայնքի ավագանու որոշմամբ Արամ Ջաբուրյանին շնորհվեց Նորագյուղի պատվավոր քաղաքացու կոչում։

 Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը բարերարներին իր շնորհակալությունը հայտնեց՝ շրջանում լայնածավալ բարեգործական ծրագրեր իրականացնելու համար։ SPFA կազմակերպության ղարաբաղյան ծրագրերի կարգավորող ու պատասխանատու Ժակ Մաթոսյանին էլ ի նշան երախտագիտության հանձնեց արցախյան չքնաղ տեսարանով գեղարվեստական նկար։

  -Այսօր ինձ համար շատ ոգևորիչ օր է, քանի որ չկա աշխարհում առավել մեծ բան, քան մանուկներին գոհացնելը, նրանց համար անհոգ մանկություն ապահովելը,- առանց ոգևորությունը թաքցնելու ասաց Ժակ Մաթոսյանը։

  Ինչպես նշեց Արամ Ջաբուրյանը Արցախում խաղահրապարակներ կառուցելու առաջարկն արել է հենց Ժ. Մաթոսյանը, ինչին էլ ինքն ուրախությամբ ու պատրաստակամությամբ հավանություն է տվել։

  - Առաջին մանկական խաղահրապարակը կառուցվել է ՀՀ Գյումրի քաղաքում, երկրաշարժից տուժած երեխաների համար։ Արցախում էլ կառուցվել է Խնապատի համայնքում, իսկ այսօր այս գեղեցիկ միջոցառումն էլ կազդարարի Նորագյուղի մանկական խաղահրապարակի շահագործման հանձնումը,- հպարտությամբ ասաց Արամ Ջաբուրյանը։

  Նա նաեւ փաստեց, որ կազմակերպության բարեգործական ծրագրերն այսքանով չեն վերջանում։ Նրանք Արցախում դեռ շատ բան ունեն անելու։

  Նորագյուղցի մանուկների համար կառուցված կոշտ ծածկույթով խաղահրապարակը կծառայի վոլյեբոլ, բասկետբոլ, մինի ֆուտբոլ եւ այլ մարզական խաղեր կազմակերպելու համար։ Իսկ այն փաստը, որ խաղահրապարակը կրում է Մինաս Ջաբուրյանի պատվավոր անունը, պետք է պարտավորեցնող լինի մեր մանուկների համար, որպեսզի մարզական աշխարհում կարողանան բարձունքներ նվաճեն։

  Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Արամ և Ստեփան Ջաբուրյաններին։

  Ապա նորագյուղի շնորհալի երեխաներն ու «Արցախի բալիկները՚ հանդես եկան գեղեցիկ կատարումներով։ Մինի ֆուտբոլի ցուցադրական խաղի մեկնարկն էլ տվեց Արամ Ջաբուրյանը։

  Այո՛, այսպիսին է հայի կեցվածքը, ինչքան հեռու է նա Հայրենիքից, այնքան խորն է նրա մեջ արմատավորված ազատատենչության ու հայրենիքին անմնացորդ նվիրվելու ոգին։ Նրանց մեջ տարիների կուտակված կարոտն է խոսում, ու միաժամանակ, պարտքի զգացումը։ Այն ինչ-որ տեղ վերածվում է ափսոսանքի, կսկիծի, թե ինչո՞ւ հենց իրենց բախտ չի վիճակվել ապրելու եւ արարելու Հայրենիքում։ Մինաս Ջաբուրյանն այն միլիոնավոր հայերից էր, ով դեգերել է աշխարհով մեկ և ում վերջապես բախտ է վիճակվել վերագտնել Հայրենիքն ու դրանով ինչ-որ չափով ի չիք դարձնել կրած տանջանքները, անարդարություններըՈւ այսօր վստահ ենք, որ բազմաթիվ բարեգործական ծրագրերի հեղինակի՝ Մինաս Ջաբուրյանի լուսավոր հոգին սավառնում է Հայոց երկնակամարում։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter