ՋԵՐՄՈՒԿՑԻ ԱՃՊԱՐԱՐՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ
12.10.2012 12:44

  Վերջերս հյուրախաղերով Արցախում էր գտնվում բոլորիս քաջածանոթ Ջերմուկ քաղաքի բնակիչ Գևորգ Զնաբերդցին: Նրան այստեղ շատ շատերն են ճանաչում: Հայտնի է որպես յոգ, դերասան, ծանրորդ, աճպարար: Նա այս ամենը սովորել է իր հայրենակից Նիկոլայ Նավթալյանից, որին ուսանել է 10 տարուց ավելի` միաժամանակ աշխատելով նրա մոտ: 1973 թվականից մտերմիկ հարաբերությունների մեջ լինելով արցախցի դերասանների հետ` հաճախակի էր հյուրախաղերով հանդես գալիս Արցախում, որտեղից էլ մշտապես հեռանում էր հիացած արցախցիների մեծ ոգով, անմիջականությամբ ու հայրենասիրությամբ: Խորհրդային տարիներին մասնակցելով բազմաթիվ փառատոնների` միշտ էլ արժանացել է արժանապատիվ տեղերի:
  Գևորգ Զնաբերդցին ծնվել է Նախիջևանի հայկական Զնաբերդ գյուղում: Իսկական հային հատուկ

 

հայրենասիրությունն ու ազգասիրությունը բնորոշ էին նրան դեռևս մանկուց: Ամբողջ կյանքում երազում էր. ապրել հայավարի, շենացնել հայկական հողը, ունենալ շատ զավակներ: Հայտնի հայրենասերն ունեցավ 4 որդի: 1985 թվականին տեղափոխվելով ՀՀ Ջերմուկ առողջարանային քաղաքը` մշտական բնակություն հաստատեց այնտեղ: 
  Սկսվեց Արցախյան - ազատագրական շարժումը… Համայն հայությունը ոտքի ելավ: Ջերմուկը, որտեղ բնակություն էին հաստատել Ադրբեջանի տարբեր տեղերից եկած փախստականները, անմասն չմնաց այդ շարժման ակտիվ մասնակիցը լինելուց: Կազմակերպվեցին առաջին հանրահավաքները, կազմավորվեց Արցախում մարտնչող ջերմուկյան հատուկ ջոկատ: Գևորգ Զնաբերդցու նման հայրենասեր մարդու զավակները չէին կարող չմտնել այդ ջոկատը, չպաշտպանել հողը հայրենի: Այդ կամավորականների մեջ էին նրա երեք զավակները` Գրիգորը, Բագրատը և Ռուբենը: Անշուշտ, նրանք հայրենի Զնաբերդի անհուն կարոտով մղվեցին դեպի մարտի դաշտ: Հույս ունեին, որ կգա այն պանծալի օրը, որ կվերադառնան հարազատ օրրան, կշնչեն Զնաբերդի մաքուր օդը, կխմեն նրա անմահական ջուրը: Կրտսեր որդին` 18-ամյա Ռուբենը կամավոր մեկնեց Արցախ և զինվորագրվեց Շուշիի նշանավոր գնդին, որի հրամանատարն էր Վաչագան Իշխանյանը: Ոչ մեկի հորդորներն ու խնդրանքները չէին կանգնեցնում պատանի հայրենասերին: Նա չէր ցանկանում մնալ տանը, համոզված էր, որ կռվում ավելի շուտ կմեծանա: Ջերմուկ քաղաքի 28 զոհերից մեկն էլ հենց պատանի Ռուբենը դարձավ: Քաջ հայորդին հետմահու ՀՀ և ԼՂՀ նախագահների կողմից արժանացավ «Արիության մեդալների»: Ջերմուկում զոհված ազատամարտիկների անմար հիշատակին ստեղծվել է հերոսների պուրակ, ուր տարբեր տեղերից մարդիկ այցելում և հարգանքի տուրք են մատուցում և նրանց շնորհիվ` իրենց հանգիստը վայելում: 
Տարիներ են անցել, փոխվել են ժամանակները…
  Սակայն անփոփոխ են մնացել հային բնորոշ մարդկային հարաբե-րությունները: Ավելի են սերտացել Ջերմուկ քաղաքի հետ արցախցիներիս փոխհարաբերությունները: Այսօր առողջարանային այդ գեղեցիկ քաղաքը մի առանձին ծաղկունք է ապրում և իր սրտաբաց դռները պատրաստակամությամբ բացում հյուրերի առաջ: Վերջին տարիներին, հատկապես Ասկերանի շրջանի բնակիչների համար Ջերմուկում հանգստանալն ու բուժման կուրս անցնելն ավելի հաճախակի է դարձել: Ինչ խոսք, դրանում մեծ է Ասկերանի շրջանի արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Գայանե Գաբրիելյանի աջակցությունը: Ամռան ամիսներին Ջերմուկի առանց այն էլ արցախանպաստ մթնոլորտն ավելի է ջերմանում: Այդ հարազատ և գողտրիկ անկյունում ամեն ինչ հարազատ է թվում` տնական: «Ջերմուկ աշխարհ» առողջարանի տնօրեն` Ստեփան Ավագյանը բոլորին ընդունում և հարգում է միահավասար` առանց խտրականության: 
  Այսօր պատահական չէ, որ հայտնի աճպարարը հենց մեր շրջանում է ելույթներ ունենում: Նա արդեն հյուրախաղեր է ունեցել Խնձրիստան, Քռասնի, Խնածախ, Պատարա, Աստղաշեն, Խնապատ, Իվանյան, Նորագյուղ, Ասկերան համայնքներում: Գևորգ Զնաբերդցին հանդիսատեսին ներկայացավ մեծագույն վարպետությամբ, ստեղծեց զարմանահրաշ և խորհրդավոր մթնոլորտ, պարգևեց անմոռանալի պահեր ու հիրավի, արժանացավ ջերմ ընդունելության: Անկասկած, նոր սերունդների համար Զնաբերդցու ելույթները հետաքրքիր ու հեքիաթային են թվում` լի բազմաթիվ հաճելի անակնկալներով:
Ինչպես նշում է հայտնի դերասանը, աճպարարն ու մեծ հայրենասերը.
- Արցախ աշխարհի հանդեպ ունեմ հատուկ վերաբերմունք: Միշտ էլ հիացել եմ այս ժողովրդի կամքի հզոր ուժով, հյուրասիրությամբ, ազնվությամբ: Ինձ համար հանդես գալ արցախցու համար`միմիայն հպարտություն է: Այն, որ իմ որդին այս հողի համար է տվել իր կյանքը, ավելի է պարտավորեցնում ինձ: Ամեն անգամ Արցախ ժամանելով` մի յուրահատուկ բերկրանք եմ զգում, երբ տեսնում եմ, որ արցախցին պինդ կանգնած իր հողի վրա, շարունակում է արարել, ապրել:
Բազմաթիվ բարեգործական ելույթներ եմ ունեցել Արցախի տարբեր վայրերում, ՊԲ համարյա բոլոր զորամասերում: Ողջ գործունեությանս ընթացքում իմ հովանավորն է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր, Ջերմուկ քաղաքի նախկին քաղաքապետ Աշոտ Արսենյանը, ով մինչ այսօր օժանդակում է քաղաքի զոհված ազատամարտիկների ընտանիքներին և ամեն հարցում` աջակցություն ցուցաբերում: Ուզում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին, ով նույնպես ուշադրության կենտրոնում է պահում զոհվածների, սակավակարող ընտանիքներին, և նրա շնորհիվ է, որ Ջերմուկը տուրիստական քաղաք հանդիսանալով, միշտ իդեալական մաքուր և բարեկարգ վիճակում է գտնվում։
  Օգտվելով առիթից, ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին, կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանին, որոնք ստեղծում են հնարավոր պայմաններ ներկայացումներս պատշաճ մակարդակով կազմակերպելու համար, իսկ իմ հավատարիմ հանդիսատեսին վստահեցնում եմ, որ այսուհետ ևս կներակայանամ նորանոր ծրագրերով: Արցախ աշխարհին մաղթում եմ խաղաղություն, և թող նորաստեղծ երկիրն ավելի հզորանա ու բարգավաճի:
  Իրավ, Գևորգ Զնաբերդցու նման մարդիկ արժանի են մեծարանքի: Նա այն մարդն է, ով իր մեջ ուժ գտնելով` կարողանում է առ այսօր զբաղվել իր սիրած գործով, հանդես գալ հասարակության առաջ և բարձր տրամադրություն ապահովել: Համոզված ենք, որ նա հետագայում էլ կճամփորդի իր Ռուբենի մարտական ճանապարհի կածաններով: 

Կարինե Բախշիյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter