Երբ խմբագրություն մտավ փոքրամարմին, ժպտերես և կայծկլտուն աչքերով այդ մարդը, իսկույն կռահեցի, որ նա կյանքի մեծ փորձություններով է անցել և թեպետ, աչքերը ժպտուն էին, ինքն էլ զվարթ էր ձևանում, սակայն երևում էր, որ բազում վշտեր տեսած մարդ էր: Չլսել նրան, հնարավոր չէր. այնքան հուզումնալից էր պատմում, այնքան սրտաբուխ, որ ակամայից, ընկնում ես նրա ներաշխարհը: Ռաֆիկ Բաբայանը Մարտակերտից եկել էր Ասկերան` իր կյանքի պատմությունն ասելու, պատմելու իր հզոր գերդաստանի դառը ճակատագրի մասին: Իսկ Բաբայանների գերդաստանը, իրոք մեծ էր և աշխատավոր: Արմատները սերվում են Գորիսի Կոռնիձոր գյուղից: Պապը` Գրիգոր Բաբայանն ընտանիք կազմած իր համար հանգիստ ապրում էր հայրենի գյուղում, սակայն 1930 թվականի համատարած
կոլեկտիվացման ժամանակ նրան չընդունեցին կոլտնտեսություն, իբր թե կուլակ է` մի քանի եզ և կով ունի: Հետագայում §կուլակ¦ Գրիգորին վտարեցին գյուղից, իսկ ունեցվածքը` ընդամենը մի էշի կարելի էր բարձել: Ահա, այդպիսի §կուլակ¦ էր նա: Թափառական ընտանիքը հանգրվանեց Մարտակերտի շրջանի Կարմիրավան նորաստեղծ գյուղում: Իրենց աշխատասիրության շնորհիվ Բաբայանները լավ անուն և համբավ վաստակեցին, ստեղծեցին տուն ու տեղ: Սակայն սկսվեց Մեծ Հայրենականը: Տան առաջնեկը` Ասծատուրը մեկնեց պատերազմ և չվերադարձավ: Լուրեր էին պտտվում, որ նա գերի էր ընկել թշնամուն…1949 թվականը նորից սև դարձավ Բաբայանների համար: Ամբողջ գերդաստանը աքսորվեց Սիբիր: Վեց տարուց հետո միայն վերադարձան` առանց տան մեծ հոր, որի աճյունը մնացել էր օտար հողում: Սկսվեց Բաբայանների համար մի նոր շրջան: Գերդաստանի որդիները /երեք տղա և մեկ աղջիկ/ ամեն մի հարցում արդարացնելով իրենց, դրսևորելով իրենց ընտանիքին հատուկ աշխատասիրություն` կառուցեցին գեղեցիկ տներ, դարձան գյուղի ունևոր և օրինակելի ընտանիքներ: Մտնելով Կարմիրավանի խորհտնտեսության մեջ` զբաղվում էին խաղողագործությամբ: Թվում էր, թե նրանց երազանքն իրականացել էր, ապրում էին հանգիստ և համերաշխ, Կարմիրավանը հարազատ էր նրանց ավելի քան երբևէ, սակայն վրա հասավ Արցախյան շարժումը… Գյուղը շրջապատված էր ադրբեջանական գյուղերով: Ադրբեջանցիները գազազած գիշատիչների նման պատրաստ էին ոչնչացնել, թալանել երբեմնի իրենց բարեկամ հայկական գյուղը: Ճարահատյալ մարդիկ թողեցին տունուտեղ, այգի ու դաշտ և դուրս եկան հայրենի գյուղից: 1992 թվականի հուլիսի 3-ը կարմիրավանցիների համար մնաց որպես ամենադառը և ողբերգական օր: Հենց փախուստի ճանապարհին Բաբայանների գերդաստանը առաջին` երեք զոհերն ունեցավ: Սակայն նրանք կարողացան իրենց մեջ ուժ գտնել և շարունակել ապրել` հանուն Հայրենիքի, հանուն հաղթանակի: Ռաֆիկ Բաբայանի որդիներ`Արմենը և Մասիսն իսկույն անդամագրվեցին գյուղի ինքնապաշտպանական ջոկատին, որի հրամանատարն էր լեգենդար Վլադիմիր Բալայանը: Մասնակցեցին Քելբաջարի, Աղդամի, Հորադիզի, Մարտակերտի ազատագրման համար մղված մարտերին: Եղբայրները կորցրել էին քուն և հանգիստ, նրանք ցանկանում էին վերջ տալ զազրելի թշնամուն, այդ ոչ մարդկային կերպարանք ստացած բորենիներին: Նրանք հերոսանալ էին ցանկանում, իրենց հարազատ գյուղն էին ուզում, ժողովրդին ազատ և անկախ տեսնել էին ուզում: Ավաղ, երկու եղբայրներն էլ չտեսան սպասված հաղթանակը: Երկուսն էլ զոհվեցին: Արմենը`1994 թվականի հունվարին, իսկ 18-ամյա Մասիսը` ապրիլին: Թողեցին լոկ բարի անուն և հավերժ մխացող մի վերք իրենց ծնողների սրտերում: Հետմահու արժանացան §Արիության համար¦ մեդալների: Այո՛, ճակատագիրն անգութ էր Բաբայանների գերդաստանի հանդեպ: Սակայն Ռաֆիկ Բաբայանն ուժեղ կամքի տեր մարդ է: Նա հայր էր, որ որդիներ և եղբոր որդի էր կոցրել Արցախյան պատերազմում, սակայն գիտակցում էր, որ իր զավակները, ինչպես և բոլոր հայ նահատակները, կատարել էին իրենց սուրբ պարտքը: Հիրավի, նրանք անմահացել և մտել են հայոց պատմության մեջ: Թերևս, դա է ամոքում հոր անդառնալի ցավը: Երբևէ չցանկանալով մոռացության տալ իր գերդաստանի հերոս տղաներին` որդեկորույս հայրը նախաձեռնեց և իր միջոցներով հուշակոթող կառուցեց ի հիշատակ նրանց: Այսպիսով Ռաֆիկ Բաբայանը կարողացավ կատարել իր հոգու պարտքը ու լռելյայն տանել իր մեծ վիշտը: Լսելով տարեց մարդու կյանքի դառը պատմությունը` միաժամանակ հիացմունքով լցվեցի նրա հանդեպ: Որտեղից նրան այդքան կամքի ուժ, տոկունություն, կայտառություն, միթե հնարավոր է նման ողբերգություններից հետո մնալ ուժեղ և բարի: Հասկացա, որ նրա հոգու խորքից է գալիս այդ քաղաքավարությունն ու բարյացակամությունը, հայրենասիրությունն ու ազգասիրությունը: Իզուր չէ, որ արդարամիտ և պարզ լինելով` ստացել է Գդլյան մականունը: Ամենքին օգնել, պաշտպանել, պահանջել արդարություն. դա է նրա կյանքի իմաստը: Քաջ արցախցին կարողանում է իր սրտի բեկորները խնամքով թաքցնել ու նայել առաջ: Իսկ առջևում ակնկալում է միմիայն տեսնել խաղաղություն և արդարություն: -1956 թվականից աշխատում էի Մարտակերտի 22-րդ կուսհամագումարի անվան սովխոզում որպես բանվոր: Միշտ եղել եմ առաջավոր խաղողագործ: Թունաքիմիկատների հետ երկարատև շփումից ծանր հիվանդացել և 1987 թվականին բուժման եմ մեկնել Բաքու, այնուհետև` Մոսկվա: Երբ վերադարձա պարզվեց, որ ինձ աշխատանքից ազատել են, ոչ թե հիվանդություն ստանալու, այլ «աշխատանքս լքելու» համար: 1991 թվականին Ասկերանի շրջդատարանի դատավոր Աիդա Համբարձումյանի որոշմամբ պաշտպանվել են շահերս և ստացել եմ իմ հասանելիք փոխհատուցման գումարը: Թեպետ անցել են քսանից ավելի տարիներ, ես չեմ կարող չգալ Ասկերան և իմ սրտի խոսքը չասել: Ոզում եմ, որ մարդիկ հավատան, որ աշխարհում արդարություն կա և վաղ թե ուշ, ճշմարտությունը հաղթանակում է: Ես ցանկանում եմ, որ մեր ժողովուրդն իմանա ու հարգի անհիմն կերպով բռնադատված, արհամարհանքի և ատելության արժանացած մարդկանց, որոնցից շատերը բավական ուժ չեն ունեցել և մնացել են հեռավոր աքսորներում, իսկ մի մասը կարողացել է հաղթահարել ամեն մի դժվարություն և վերադարձել Հայրենիք` անմիջապես միանալով երկրի կառուցման աշխատանքներին,- ասում է Ռաֆիկ Բաբայանը: Ինձ համար արդեն պարզ էր, թե ինչու է Մարտակերտի բնակիչ Ռաֆիկ Բաբայանը եկել Ասկերան: Նա որպես արդար և շիտակ մարդ, պարտավոր էր իր սրտի երախտագիտական խոսքն ասելու Աիդա Համբարձումյանին իրեն` իբրև բռնադատվածի բարոյական օգնություն ցույց տալու համար: Այո՛, հարգենք մեր հայ բռնադատվածներին, քանզի նրանց համար առավել մեծ է մեր բարոյական աջակցությունը: Լինենք սրտացավ մեկս մյուսիս հանդեպ և անտարբեր չմնանք թույլերի, անկարողների նկատմամբ: Հիշենք, որ մեր շրջապատում կան մարդիկ, որոնք մեր օգնության կարիքն ունեն: Ապրենք համախմբված ու հային արժանավայել կեցվածքով: Հիրավի, այդպիսին է հայի ճակատագիրը: Լինենք ասկերանցի, մարտակերտցի, թե հադրութեցի, մեզ բոլորիս կապում է մեր արցախցի-հայ լինելը: Որտեղ էլ, որ ապրենք, մեր բոլորիս երազանքը նույնն է. մեր երկիրը միշտ տեսնել խաղաղ և ծաղկուն, իսկ ժողովրդին` երջանիկ ու անհօգ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|