02.11.2012 16:28 |
Հոկտեմբերի 23-ին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի հերթական փորձաքննությունն անցկացվեց Ասկերանի ՙՇրջբուժմիավորում՚ ՓԲԸ-ում: Մասնակցում էին ԲՍՓ կենտրոնի հանձնաժողովը`կենտրոնի տնօրեն Հակոբ Հակոբյանի
գլխավորությամբ, Ասկերանի ՍԾԱԳ սոցաջակցության բաժնի առաջին կարգի մասնագետ Իրինա Հայրապետյանը, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման խորհրդի անդամ Սլավիկ Առուշանյանը: Արտագնա կարգով նման փորձաքննությունն իրագործվում է առաջին անգամ: ՙՀաշվի առնելով այն, որ բժշկասոցիալական փորձաքննությունը դարձել է հասարակության ուշադրության թեման, առաջանում են տարբեր բնույթի հարցեր, որոշել ենք փորձաքննություն անցկացնել արտագնա կարգով: Նման փորձաքննություններին մասնակցելու են տվյալ հիվանդների բուժող բժիշկները և շահագրգիռ անձինք: Նշեմ, որ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է համաձայն ԼՂՀ օրենքների և կառավարության որոշումների: Միայն փորձաքննության կարգով է որոշվում հիվանդի հաշմանդամության կարգը՚,-շեշտեց կենտրոնի տնօրենը: Անցկացվեցին ութ հիվանդների փորձաքննություն, պահպանվեցին նրանց հաշմանդամության կարգերը, իսկ երկու հիվանդներ ուղարկվեցին լրացուցիչ հետազոտման: Հանձնաժողովի անդամները վերջնական որոշում կայացրին միայն հիմնավոր և ստույգ պատճառներից ելնելով: Իհարկե, ակնհայտ էր հանձնաժողովի կայացրած աշխատանքի թափանցիկությունը:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |