ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԾՆԵԼ ԵՎ ԾՆՈՒՄ Է ՓԱՌԱՊԱՆԾ ԶԱՎԱԿՆԵՐ
02.11.2012 16:37

  Արցախյան պատերազմը մի մեծ արհավիրք էր հայերիս համար, որն անսպասելիորեն խախտեց մեր հանգիստ և խաղաղ կյանքը: Այն ստիպեց ամբողջ հայությանը ոտքի ելնել, միաբանվել և բռունցք դառնալ: Արցախյան շարժման հենց սկզբից կրկին ի հայտ եկան հայ ազգին բնորոշ հատկանիշները: Հայրենասեր և պատվախնդիր ազգին հնարավոր չէր ճնշել ու իշխել: Ազատատենչ ժողովուրդի ոգին օրըստօրե ավելի էր բարձրանում: Մարդիկ, ովքեր անգամ զենք չէին տեսել, չհապաղեցին և նետվեցին ի պաշտպան Հայրենիքի: Քանզի գիտեին, որ ազգի հարատևության հարցն էր դրված, և մարտական ոգին ու Հայրենիքի հանդեպ սրբազան պարտքը նրանց բոլորին զինվոր դարձրեց: Այդ պանծալի մարտիկները մտան Հայոց պատմության մեջ և մնացին որպես հայրենյաց սուրբ պաշտպաններ: 
  Անշուշտ, այսօր մենք հպարտությամբ ենք գիտակցում, որ մեր շրջապատում կան մարդիկ, ովքեր իրենց էությամբ, նվիրումով և վաստակով են իմաստավորում կյանքը: Եթե նման մարդիկ ստանան տարբեր պաշտոններ, կոչումներ, միևնույն է նրանք կմնան նույն վեհն ու գեղեցիկը` ժողովրդին անկեղծորեն նվիրաբերվելու իրենց էությամբ ու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում թողած անգնահատելի ավանդով: Դրանք են նրանց մարդկային արժեքները. արժեքներ, որոնք նրանք վաստակել են հենց այն ողբերգական և անողոք օրերին, երբ Հայրենիքը վտանգի մեջ էր: Այդպիսի տղաներից է նաև Արցախյան պատերազմի մասնակից, բոլորիս քաջածանոթ Արմեն Անդրանիկի Թամրազյանը: Ինձ համար, զրուցել այդ մարդու հետ և լսել նրա հիշողությունները, անչափ հաճելի էր ու հետաքրքիր: Արմենին գիտեմ որպես հայրենասեր, պարկեշտ ու համեստ մարդու: 
  Արմեն Թամրազյանը ծնվել է 1963թ. հունիսի 14-ին Ասկերան ավանում: 1970-1978թթ. սովորել է Ասկերանի միջնակարգ դպրոցում: Այնուհետև սովորել է Ստեփանակերտի պրոֆտեխուսումնարանում և ստացել փականագործի մասնագիտություն: 1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում: 1983թ. զորացրվելուց հետո՝ վերադառնալով ծննդավայր, աշխատել է իր մասնագիտությամբ: Արցախյան շարժման հենց սկզբից ներգրավվել է ֆիդայական ջոկատի մեջ` հերթապահություն անելով Դահրազ, Աղբուլաղ, Քարագլուխ գյուղերում: Իսկ երբ սկսվեցին ռազմական գործողությունները` ծառայության անցավ ազատագրական բանակում: Մասնակցել է Ասկերանի շրջանի բոլոր գյուղերի ազատագրման համար մղված ռազմական գործողություններին, բացի Աղդամի ազատագրումից: Այդ ժամանակ նա վիրավորված և պառկած էր զինվորական հոսպիտալում: 1993թ. փետրվարի 22-ին վիրավորվել էր գլխից և աջ ձեռքից: Մոտ երկու ամիս բուժվելուց հետո Արմենը զորացրվեց: Արժանացել է §Արիության¦, §Մարշալ Բաղրամյան¦, §Դրո¦, §Մարտական ծառայություն¦, §Մայրական երախտագիտություն¦ մեդալների: 
  Արցախյան պատերազմն սկսվեց և ավարտվեց հաղթանակով: Սակայն, որքան զավակներ որբացան, որքան մայրեր որդիներ կորցրեցին, որքան երիտասարդներ միանգամից ծերացան ու հաշմվեցին: Պատերազմը մի չարաբաստիկ մրրիկի նման անցավ Արցախի երկնակամարով, մտավ տուն առ տուն, քանդեց ու ավերեց ամեն ինչ: Բայց և այնպես արցախցին կարողացավ դիմակայել ու նայել առաջ` վերագտնելով իր անկոտրում ոգին: Արմենի նման հաշմանդամ տղաները կարողացան ընտանիքներ ստեղծել, զավակներ դաստիարակել և շարունակել ապրել…
Նայելով հայրենյաց պաշտպանի հուզմունքով լեցուն դեմքին` մի առանձին հպարտությամբ լցվեցի: Իմ առջև նստած էր քաջ, հաստատակամ և ընկերներին նվիրված ազատամարտիկ: Ինքնին հասկանալի էր, որ նման տղաների շնորհիվ ենք մենք հաղթել այդ ահավոր և անհավասար պատերազմում: Նա մտաբերում էր այն դժնդակ օրերը, ցավով հիշում զոհված տղաներին: Գորովանքով էր վերհիշում, թե ինչպես էին միաբանված կռվի դաշտ մտնում և միմիայն` հաղթանակ երազում:
  §Թեև տարիներ են անցել, սակայն միշտ վերհիշում եմ այդ անգութ օրերը: Օրեր, որոնք այնքան երիտասարդ կյանքեր տարան մեզանից: Ամեն անգամ մարտի դաշտ մեկնելուց առաջ, մտածում էինք. ո՞ղջ ետ կգանք, թե՞ ոչ: Սակայն պարտավորված էինք զգում հայրենի հողի, ժողովրդի առջև և գիտակցում էինք, որ պետք է ողջ մնանք ու հաղթենք այդ զազրելի թշնամուն: Հիշում եմ, երբ 4-րդ դիրքը հետ վերցնելու ժամանակ ադրբեջանցիներից առգրավեցինք 1 տանկ, 1 հրետանի, 2 ԲՄՊ, որքան մեծ էր մեր խանդավառությունն ու ոգևորությունը: Թերևս մեզ օգնում էր մեր միասնականությունը, որն այնքան կարևոր էր կռվի ժամանակ: Մեր ջոկատի հրամանատարը Պավել Ապրեսյանն էր, որի աներեր ոգին փոխանցվում էր զինվորներիս ու ոչինչ սարսափելի չէր թվում և նրա անդրդվելի պահվածքը բոլորիս մեջ գերբնական ուժ էր առաջացնում: Պավելի գլխավորությամբ մասնակցել եմ տարբեր մարտերի, սակայն մեր ջոկատում ցավալի կորուստներ է տվել. Արամ Տերզիկյանը, Գարիկ Նալբանդյանը, Վագիֆ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Շամիրյանը: Ուզում եմ շեշտել մեր ջոկատի մյուս տղաների անունները. Ռոբիկ Հակոբջանյան, Արամ Աղաջանյան, Աշոտ Ապրեսյան, Արտուր Արզումանյան, Վալերի Ավանեսյան և շատ ու շատ ուրիշներ: Իրար հետ կիսում էինք մի կտոր հացն ու ծխախոտը, ցուրտն ու մթությունը մեզ ահավոր չէր թվում, որովհետև համոզված էինք, որ կգա հաղթանակի օրը ու Արցախը նոր կյանք կսկսի:
  Պատերազմի ավարտից հետո մենք` ազատամարտիկներս միշտ էլ ուշադրության ենք արժանացել: Ցանկանում եմ երախտագիտության խոսք ասել ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանի գործունեության վերաբերյալ: Ոչ մի զոհված ազատամարտիկի և հաշմանդամի ընտանիք ուշադրությունից դուրս չի մնում: Միությունը կազմակերպում է այցելություններ, ընտանիքներին արժանացնում են թանկարժեք նվերների և դրամական օգնության: Մեծ է նաև բարոյահոգեբանական օգնությունը հաշմանդամ ազատամարտիկներիս հանդեպ: Իհարկե, համոզմունքով կարող եմ ասել, որ ժողովուրդը գնահատում է ազատամարտիկների կատարած սխրանքները և հիշում Արցախի ազատագրական պայքարի անձնվեր նվիրյալներին: Եվ, եթե Արցախը նորից հայտնվի վտանգի մեջ, մենք` ԱԱՄ վետերաններս, արդեն մեր որդիների հետ մեկտեղ, պատրաստ ենք նորից ելնելու ու պաշտպանելու մեր Հայրենիքը¦,- հաստատակամորեն ասում է Արմեն Թամրազյանը:
Իրոք, այս փոքրիկ զրույցից հետո ավելի համոզվեցի, որ հայ ժողովուրդը միշտ ծնել և ծնում է փառապանծ զավակներ: Արցախյան շարժումը մեզ տվեց բազում հերոսներ: Հերոսներ, որոնց մի ստվար մասն այսօր, ավաղ, մեզ հետ չէ ու նաև հերոսներ, որոնք այսօր ապրում ու պայքարում են ժողովրդի ներկայիս ցավով ու ապագան լուսավոր տեսնելու տենչով: Մեծագույն պարծանք զգալով, որ մեր շրջապատում ապրում են Արմենի նման խիզախ ազատամարտիկներ` ցանկանում եմ նրանց հաղորդել, որ ժողովուրդը երախտապարտ է նրանց և նրանք գնահատված են բազմիցս…

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter